ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸՙ ՄԱՐԴԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՆԱԻՐ ՅԱՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ամերիկացի մասնագետների համատեղ պեղումները Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքումՙ Հրազդան գետի ափին, նոր բացահայտումների առիթ են հանդիսացել: Բազալտի շերտերի արանքում թաքնված հրաբխային մոխրի մեջ, որը 330 հազար տարեկան է, հայտնաբերվել են հնագույն քաղաքակրթության արգասիք գտածոներ: Դրանք օբսիդիանից պատրաստված գործիքներ են, որոնք, մասնագետների հավաստմամբ, վկայում են մարդագոյացման ու մարդկային գործունեության նոր բացահայտումների մասին: Աշխարհն առաջնորդվում է այն համոզմունքով, որ մարդն առաջացել է Աֆրիկայում եւ գործիքներ պատրաստելու մեթոդներին տիրապետելովՙ իր փորձառությունը տարածել է Եվրասիայում ու ամբողջ աշխարհում: Աֆրիկայում հայտնաբերված քարի մշակման ինդուստրիային հանդիպում ենք նաեւ Առաջավոր Ասիայում: Սակայն այդ գործիքների տարիքն ավելի փոքր է, քան Նոր Գեղիի գտածոներինը: Բացի այդ, քարի մշակման ու գործիքներ ստանալու երկու տարբեր մեթոդները միաժամանակ ու միասին են գտնվել Հրազդանի կիրճումՙ բազալտի շերտերի արանքում, իսկ Աֆրիկայում եւ այլ վայրերում այդ մեթոդները հայտնաբերվել են առանձին-առանձին: Սա նշանակում է, որ Հայկական լեռնաշխարհում հենց բնիկներն են պատրաստել իրենց գործիքները. մեզանից մոտ 2 միլիոն տարի առաջ քարի մշակման առաջին մեթոդով մեծ ու պարզունակ առարկաներ են ստացել, իսկ ավելի ուշՙ պատրաստման ավելի բարդ տեխնոլոգիա պահանջող թեթեւ հատիչներ: Գիտական այս վերլուծությանը հաջորդում է մի կարեւոր փաստ եւս. սա նշանակում է, որ մարդկային գիտակցությունը բնականոն ընթացքով փուլ առ փուլ է զարգացել ու նույն տեղում: Երրորդ փաստը. գործիքները պատրաստված են Հայկական լեռնաշխարհի, ավելինՙ Սյունիքի օբսիդիանից: Եվս մի ապացույց, որ այն պատրաստողը տեղաբնակ է եղել եւ պատրաստման եղանակներն էլ, այսպես ասած, չի ներկրել դրսից: Կենսաբանական արարածը, որը դեռեւս մարդ բանականը եւ նույնիսկ ուղիղ քայլող մարդը չէ, սկզբում քարը տաշել-հղկել է եւ այն կիրառելՙ որպես հատիչ, իսկ ժամանակի ընթացքում զարգանալով ու դառնալով ուղիղ քայլող մարդ, քարը տաշել է ու տաշած կտորներից է պատրաստել հատիչը, որն ավելի թեթեւ է եւ սուր: Գիտակցության այդ առաջընթացը պահանջել է մեկ միլիոն տարուց ավելի: Մարդկային զարգացման թե՛ սկզբնական, թե՛ հաջորդ փուլերը պարզ դրոշմված են միաժամանակ ու նույն տեղումՙ բազալտի շերտերի արանքում: Այսինքնՙ քարի մշակման, հետեւաբար, մարդկային գիտակցության զարգացման փուլերը հայաստանյան պեղումների արդյունքում ոչ թե փոխարինել են միմյանց, ինչպես Աֆրիկայում, այլ հաջորդել միմյանց, երկրորդը հիմնվել է առաջինի վրա: Մասնագետները չեն ժխտում Աֆրիկայիՙ մարդագոյացման հայրենիք լինելը, բայց Նոր Գեղիի պեղումների արդյունքների հիման վրա վստահաբար հայտարարում են, որ Հայկական լեռնաշխարհը եւս նախամարդու հայրենիք է: Նրանք չեն ասում, թե Հայկական լեռնաշխարհից է մարդկությունը տարածվել այլ վայրերՙ իր հետ տանելով քարի մշակման ինդուստրիան, բայց ասում են, որ Հայկական լեռնաշխարհ այլ վայրերից չեն ներթափանցել մարդն ու քաղաքակրթությունը. երկուսն էլ ստեղծվել են տեղում: Այստեղ ծագել է մարդ էակը, հենց այստեղ էլ տեղի միջավայրի ու հումքի հիման վրա գործիքներ ստեղծել ու փուլ առ փուլ զարգացում ապրել: Science ամսագիրը հայ-ամերիկյան համատեղ հայտնագործության արդյունքները տպագրել է: Այն, հիրավի, սենսացիա է պատմահնագիտության ու մարդաբանության համար: Գյուտի զարմացական ու նոր վերլուծություններ պահանջող արձագանքները չեն ուշանա. դրանում համոզված են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: |