RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



Տեղադրվել է` 2014-10-02 23:00:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐՑԱԽԸ ԿԱՏԱԼՈՆԻԱ ՉԷ

Կատալոնիայի կառավարությունը,- իսկ իսպանական թագավորության մաս կազմող այս երկրամասն ունի իր առանձին կառավարությունը,- որոշում է կայացրել` «կասեցնել նոյեմբերի 9-ին նախատեսվող Կատոլոնիայի քաղաքական կարգավիճակը որոշելու մասին հանրաքվեի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները»: Բնականաբար կառավարության անդամները շեշտել են, որ «այդպիսով Կատալոնիայի անկախության գործընթացն ըստ էության չի կասեցվում, այլ միայն հետաձգվում է», բայց փաստ է, որ այս` անգամ հետաձգումը նշանակում է, որ անկախության ճանապարհին Կատալոնիան տեղի տվեց Մադրիդի կենտրոնական իշխանության եւ Իսպանիայի Սահմանադրական դատարանի ավելի վաղ կայացրած որոշմանն ու առաջինի ճնշումներին: Հիշեցնենք, որ Իսպանիայի ՍԴ-ն, հիմք ընդունելով, հասկանալի է, Թագավորության Սահմանադրությունը, վերջերս որոշում էր կայացրել, որ իսպանական երկրամասերը իրավունք չունեն միայն իրենց երկրամասում իրականացված հանրաքվեի արդյունքով անկախություն ստանալ. երկրի Սահմանադրությունը նրանց այդ իրավասությունից զրկել է:

Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ եվրոպական մեկ այլ թագավորության` բրիտանականի մաս կազմող Շոտլանդիան վերջերս ամփոփեց իր անկախության հանրաքվեն, ինչի արդյունքում շոտլանդացիների մեծ մասը գերադասեց մնալ Միացյալ Թագավորության կազմում: Սա այն պարագայում, որ Մեծ Բրիտանիան աշխարհի այն յուրահատուկ երկիրն է, որը չունի Սահմանադրություն, եւ ամեն ինչ` պետական, իրավական համակարգում այդ երկրում կարգավորվում է նախադեպերով եւ ավանդույթներով: Սա նշանակում է, որ անկախության ձգտող երկրամասին սեփական կարգավիճակը հանրաքվեի արդյունքում որոշելու իրավունքի տրամադրումը վեր է Սահմանադրությունից եւ մի տեսակ մարդկային բնազդ է, ավանդույթ:

Շոտլանդական անցած հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ իր պաշտոնական տեսակետը հայտնել է, արադացիորեն նկատելով, որ այդ հանրաքվեն, չնայած մերժեց անկախությունը, բայց եւ փաստեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերապատվելիությունը:

Հարկ է նկատել, որ եթե Շոտլանդիայի պարագայում մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը Մեծ Բրիտանիա չէ, ապա Կատալոնիայի պարագայում արձանագրում ենք այլ փաստ` Կատալոնիան Արցախ չէ:

Տարբերությունն այն է, որ կատալոնական խնդիրը, եթե այն, իհարկե, խնդիր է, ամենեւին էլ նույնական չէ ղարաբաղյան խնդրի հետ: Նախ, Իսպանիան անհամեմատ ավելի ժողովրդավարական երկիր է` Ադրբեջանից, եւ Իսպանիայի կազմում մնալով կատալոնացիներին չի սպառնում բնաջնջման վտանգը: Բացի սրանից, ի տարբերություն Արցախի մեր հայրենակիցների, կատալոնացիների մոտ անկախության ձգտումը համընդհանուր բնույթ չի կրում, նրանք հրաշալի հասկանում են, որ Իսպանիայի կազմից դուրս գալը նշանակում է դուրս մնալ նաեւ Եվրոմիությունից, սրա ոչ միայն քաղաքական, այլեւ հատկապես տնտեսական հետեւանքներով: Հետեւաբար ոչ բոլոր կատալոնացիներն են, որ անկախություն են ցանկանում:

Եւ վերջապես ամենակարեւորը, գոնե իրավաբանական տեսանկյունից. իսպանական Սահմանադրությունը երկիրը ճանաչում է որպես միատարր սուբյեկտ, հետեւաբար իրոք իրավասություն չի տալիս դրա առանձին հատվածներին միայն սեփական երկրամասում հանրաքվե իրականացնել` Թագավորությունից դուրս գալու նպատակով: Այլ հարց է, թե որքանո՞վ է այս առումով Իսպանիայի Սահմանադրությունը արադարացի, կամ համապատասխան միջազգային իրավունքի տառին ու ոգուն, բայց փաստ է, որ կատալոնացիները սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու իրավական հիմք գոնե այսօր չունեն:

Արցախցիներն ունեին, քանի որ ԽՍՀՄ Սահմանադրությունը նրանց իրավունք տալիս էր դուրս գալ Միության կազմից, կամ Միության կազմում Հանրապետություններից մեկի կազմից, ինչը եւ նրանք արել են: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ