RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



ՆԱՎԹԱՅԻՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ

Տեղադրվել է` 2014-10-02 23:01:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1376, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱԼԲԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱԼԱՆՔ Է ԴՐԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՓՈՂԵՐԻ ՎՐԱ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին Տիրանայի դատարանը կալանք է դրել AMRO նավթային ընկերության բանկային բոլոր հաշիվների վրա (http://haqqin.az/news/31174), որի բաժնետոմսերի սեփականատերը Վիրջինյան կղզիներում գրանցված Heaney Assets Corporation ադրբեջանական ընկերությունն է: Հայտնի չէ, թե դատարանն ինչո՞ւ է նման որոշում ընդունել:

Բանն այն է, որ AMRO-ն նախկինում հանդիսացել է Ալբանիայի պետական սեփականություն եւ այդ երկրում տնօրինել նավթավերամշակման գործարանների հսկայական ցանց: 2008թ.-ի տնտեսական ճգնաժամի պայմաններում Ալբանիայի կառավարությունը մասնավորեցրել է ընկերությունը: Բաժնետոմսերի 85 տոկոսի սեփականատեր է դարձել ալբանական Anika Mercurian Refinery Associated Oil-ը, իսկ 15 տոկոսը մնացել է որպես պետական սեփականություն:

2013թ.-ին ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը գնել է ադրբեջանական Heaney Assets Corporation ընկերությունը, որի սեփականատիրոջը ոչ ոք չգիտի: Ընկերությունը չունի համացանցային կայք, իսկ նրա կառուցվածքի, կառավարման մարմինների, բանկային հաշիվների մասին տեղեկատվության եւ ոչ մի բաց աղբյուր ոչինչ չի ասում: Բայց որ դա ադրբեջանական ընկերություն է, հայտնի է դարձել Ալբանիայի տնտեսական հարցերով փոխնախարար Ինո Բոզդոյի` Տիրանայի դատարանում արած հայտարարությունից:

Ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Ալբանիայի նավթային ընկերությունը պաշտոնական Բաքվի հետ սերտ կապեր է ունեցել մինչեւ սեփականաշնորհման գործընթաց սկսելը: 2008թ.-ին ընկերությունն Ադրբեջանի միջազգային բանկից ստացել է 75 մլն. եվրո վարկ, որը, սակայն, չի մարվել: Ադրբեջանի միջազգային բանկն Ալբանիայի նավթային ընկերության դեմ դատական հայց է հարուցել: Բանկի շահերը պաշտպանել է Էրինդա Բալանջան, որը հետագայում հայտնվել է Ալբանիայի պետական նավթային ընկերության սեփականաշնորհման գործընթացի «դիտորդական խմբի» կազմի մեջ:

Հայտնի չէ, թե 2013թ.-ին ադրբեջանական Heaney Assets Corporation-ն ի՞նչ գումարով է գնել Anika Mercurian Refinery Associated Oil-ի բաժնետոսմերի 80 տոկոսը: Հղելով ալբանական մամուլին, haqqin.az-ը տեղեկացնում է, որ ադրբեջանական օֆշորային ընկերությունը «մարել է Anika Mercurian Refinery Associated Oil-ի 35 մլն. եվրոյի չափով պարտքերը, ինչպես նաեւ` պարտավորություններ ստանձնել Ալբանիայի պետական բյուջեի հանդեպ»:

Նախկին սեփականատերն ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսն ստիպված է եղել վաճառել «մշտապես աճող պարտքերի պատճառով»: 2013թ. ին, երբ գործարքն արդեն իրականացված էր, Ալբանիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Anika Mercurian Refinery Associated Oil-ի նոր սեփականատերն «ադրբեջանական ընկերություն է, որի ֆինանսական մեծ հնարավորությունները թույլ կտան լուծել խնդիրները»:

Թե ինչո՞ւ գործարքից հազիվ մեկ տարի անց Ալբանիայի կառավարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ադրբեջանական Heaney Assets Corporation-ի, մնում է գաղտնիք: Հնարավոր է` ադրբեջանական ընկերությունը չի կատարել Ալբանիայի պետական բյուջեի հանդեպ առքուվաճառքի պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Չի բացառված, որ գործարքն իրականացվել է ալբանական օրենքների խախտումներով կամ էլ Ալբանիայի կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանի միջազգային զարգացման բանկն անհամաչափ վարկային բեռ է բարդել Anika Mercurian Refinery Associated-ի ուսերին` վերջինիս կանխամտածված ձեւով սնանկացնելու եւ ակտիվներն էժան գնով հետագայում ձեռք բերելու նպատակով:

Հայտնի է, որ Ադրբեջանի միջազգային բանկի համասեփականատեր են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը: Փաստացիՙ դա իշխող ընտանքիքի սեփականությունն է: Ոչ ոքի, այդ թվում` արեւմտյան ներդրողների եւ միջազգային ֆինանսական կառույցների համար, գաղտնիք չէ, որ Ադրբեջանի «պետական» նավթային ընկերությունը` Socar-ը, Ալիեւ- Փաշաեւ կառավարող ընտանիքի «նավթային կայսրությունն է», որը «պետության ներսում պետություն է»: Այնքան, որ նավթի եւ գազի վաճառքից գոյացած գումարները ոչ թե պետական բյուջե, այլ` «նավթային հիմնադրամ» են փոխանցվում, որտեղից էլ պետական բյուջեն ստանում է «անհրաժեշտ տրանսֆերտներ»:

Նավթային «ասեղի» նկատմամբ նման խիստ կենտրոնացված վերահսկողության պայմաններում միամտություն կլինի կարծել, թե «անհայտ ծագման» մի ադրբեջանական ընկերություն կարող էր գրանցվել օֆշորային գոտում եւ ձեռք բերել ալբանական Mercurian Refinery Associated-ի բաժնետոմսերի 80 տոկոսը` փաստացի դառնալով Ալբանիայում նավթի վերամշակման ցանցի սեփականատերն ու այդ երկրում պայմաններ թելադրողը: Այդօրինակ գործարք կարող էր կատարվել միայն Իլհամ Ալիեւի համաձայնությամբ: Իսկ ինչո՞ւ պիտի նա համաձայներ, որպեսզի ուրիշ մեկը դառնա Ալբանիայի նավթավերամշակման ցանցի սեփականատեր, եթե ինքն է Socar-ի, հետեւաբար` ադրբեջանական նավթի ու գազի սեփականատերը:

Գրեթե անվիճելի է, որ Heaney Assets Corporation-ը, որի բանկային հաշիվների վրա Տիրանայի դատարանը կալանք է դրել, Իլհամ Ալիեւի կամ իշխող ընտանիքի անդամներից որեւէ մեկի սեփականությունն է: Անհավանական է, որ Ալբանիայի կառավարությունը տեղեկեցված չլինի այդ մասին: Ուստի կարող ենք վստահաբար ասել, որ Տիրանայի դատարանը կալանք է դրել Իլհամ Ալիեւի փողերի վրա:

Ի՞նչ զարգացում կունենա դատական գործը` այնքան էլ էական չէ այն համապատկերի վրա, որ առաջին անգամ եվրոպական երկրի դատարանում Իլհամ Ալիեւն անուղղակի հայտնվել է պատասխանող կողմի կարգավիճակում: Ադրբեջանը զգալի ներկայացվածություն ունի նաեւ Հունգարիայի եւ Ռումինիայի տնտեսության նավթային հատվածում, իսկ Վրաստանում փաստացի այդ ոլորտը գտնվում է Socar-ի տնօրինության տակ: Ալբանական դատարանի որոշումը կարող է նախադեպային դառնալ: Հնարավոր է` այդ կերպ Արեւմուտքը փորձի կարգի հրավիրել Ադրբեջանում իշխող վարչախմբին, որը վերջին շրջանում ակնհայտորեն չափն անցնում է` ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը «երկակի ստանդարտներ կիրառելու համար» իր մեղադրանքներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ