Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՌՈՈՒՀԱՆԻԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ Պ. Ք. Ավելի քան մեկ տարի առաջ Իրանի նախագահը դարձավ Հասան Ռոուհանին: Նրա օրոք սկսվեց Արեւմուտքի երկրների եւ մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ժամանակահատված: 2013-ի սեպտեմբերին, 34 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույց: Եթե Իրանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններն ակնհայտ են, ապա երկրի ներքին կյանքում դրանք այնքան էլ չեն զգացվում: Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ իրանցիներից շատերը հիասթափված են, որ քվեարկել են Ռոուհանիի օգտին: 2013 թ. նախագահական ընտրություններին մասնակցում էր 6 թեկնածու: Նրանք գրեթե բոլորն էլ արտահայտում էին պահպանողական կամ նույնիսկ արմատական պահպանողական հայացքներ: Հասան Ռոուհանին առանձնանում էր ոչ միայն որպես կրոնական շրջանակների ներկայացուցիչ, այլեւ որպես չափավորական քաղաքական գործիչ: Մեծ նշանակություն ունեցավ այն, որ նախընտրական պայքարի վերջին փուլում նրա թեկնածությունը պաշտպանեցին նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մոհամմադ Խաթամին, որոնք համարվում են կարեւոր ազատական գործիչներ: Նրանց համախոհները, մասնավորապես երիտասարդությունը, մտավորականությունը եւ քաղաքների ուսյալ բնակիչները քվեարկեցին Ռոուհանիի օգտին: Կարճ ժամանակամիջոցում վերջինիս հաջողվեց բարելավել Իրանի նկարագիրը, որը զգալիորեն տուժել էր Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք: Բավական է վերհիշել Ահմադինեժադի «Իսրայելն աշխարհի քարտեզից ջնջելու» կոչը: Նման պայմաններում ազատորեն անգլերեն խոսող եւ ժպտերես Ռոուհանին ներկայանում է ոչ միայն որպես սկզբունքորեն նոր տիպի քաղաքական գործիչ, այլեւՙ այնպիսի մարդ, որը պատրաստ է կարգավորել հարաբերություններն Արեւմուտքի երկրների հետ: «Ռոուհանին կարողացավ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամեներին համոզել, որ արժե բանակցություն սկսել Արեւմուտքի հետ: ԱՄՆ-ի պատժամիջոցները վնասել էին Իրանի տնտեսությանը. որոշ ժամանակ անց երկիրը կհայտնվեր աղետալի վիճակում: Ներկայումս, Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման եւ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, երկրի տնտեսական վիճակը կայունանում է, վերսկսվել է կապիտալի ներհոսը եւ նամանավանդ վերացել է պատերազմի սպառնալիքը: Ռոուհանին շատ ճկուն դիրք է բռնել, որպեսզի չմեղադրվի ԱՄՆ-ի ցուցումով շարժվելու մեջ, այլապես կվտանգի իր քաղաքական կարիերան: Իր ելույթներում նա ընդգծում է, որ Թեհրանն ունի միջուկային ծրագիր մշակելու իրավունք: Նա հետեւում է կոշտ դիրքորոշման բոլոր կետերին», ընդգծել է ՌԴ ԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գեորգի Միրսկին «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում: Ըստ որում, բուն Իրանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց մասին Ահմադինեժադի օրոք անհնար էր նույնիսկ երազել: Երկրի կանայք զբաղեցրել են մի քանի ղեկավար պաշտոն. իրավական հարցերի գծով փոնխախագահ է դարձել Էլհամ Ամինզադեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Մարզիեհ Աֆկամը: Կառավարությունը թույլատրել է տպագրել հանդեսներ, որոնք քննադատում են իշխանությանը եւ հրապարակում ժողովրդավարական ազատությունների եւ մասնավորապես իրանցի կանանց իրավունքների խախտմանը վերաբերող նյութեր: Բոլոր նախարարները եւ անձամբ նախագահ Ռոուհանին էջեր են բացել Twitter-ում եւ Facebook-ում: Բանտերից ազատ են արձակվել որոշ իրավապաշտպաններ: Զարմանալի չէ, որ 2013 թ. Ռոուհանին դարձավ «Թայմ» հանդեսի «Տարվա մարդ» կոչման հավակնորդ: Նրա մրցակիցներն էին Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը, Սի Ցզինզինը, Անգելա Մերկելը, Սինձո Աբեն եւ Բենիամին Նաթանյահուն: Վերջինս լրջորեն մտահոգ է այն բանից, թե Ռոուհանին եւ իր զինակիցները ինչպիսի արագությամբ են կարգավորում հարաբերությունները աշխարհի տերությունների հետ: Նախագահ Ռոուհանին ծնվել է Իրանի հյուսիսումՙ Սորխե փոքր քաղաքում, համեմունք վաճառողի ընտանիքում: Սկզբում նա կրում էր հոր ազգանունըՙ Ֆերեյդուն, սակայն մեծ քաղաքականություն մուտք գործելուց հետո այն դարձրեց Ռոուհանի, որը ֆարսի լեզվով նշանակում է «հոգեւոր»: Նախագահի հայրը ժամանակին պայքարել է շահի վարչակարգի դեմ եւ 20 անգամ ձերբակալվել: Մայրը ամուսնու մահից ի վեր երեք դուստրերի հետ ապրում է Սեմնան քաղաքումՙ երկրի հյուսիսում: Մանուկ հասակում Ռոուհանին հաճախել է շիաների կրոնական դպրոց: Սրբազան Կում քաղաքում հոգեւոր կրթություն ստանալովՙ նա այն համալրեց աշխարհիկ առարկաների ուսումնասիրությամբ: Դա Ռոուհանիին հնարավորություն տվեց ընդունվել Թեհրանի համալսարան եւ ստանալ դատական իրավունքի բակալավրի աստիճան: Արդեն 15 տարեկանում հարելով իսլամական հեղափոխական շարժմանըՙ Ռոուհանին շրջում էր երկրում եւ քարոզում Խոմեյնիի գաղափարները: Քանիցս բանտարկվեց հակակառավարական ելույթների համար: Խոմեյնիին հետեւելովՙ փախավ Փարիզ: Այնուհետեւ ուսումը շարունակեց Գլազգոյի (Շոտլանդիա) Կալեդոնյան համալսարանում, որտեղ ակնկալում էր ստանալ իրավագիտության դոկտորի աստիճան: Սակայն1978 թ. Իրանում սկսվեց իսլամական հեղափոխություն: Խոմեյնին վերադարձավ Թեհրան: Ռոուհանին հետեւեց նրա օրինակին: Որպես Խոմեյնիի մերձավորագույն զինակից, Ռոուհանին սկսեց զբաղվել բանակի վերակազմակերպման հարցերով: 1980 թ. խորհրդարանի պատգամավոր դառնալովՙ նա այնտեղ աշխատեց 20 տարի, հասցրեց լինել խորհրդարանի փոխնախագահ եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար: Իր քաղաքական կարիերայի ընթացքում Ռոուհանին զբաղեցրել է բազմաթիվ լուրջ պաշտոններՙ պաշտպանության բարձրագույն խորհրդից մինչեւ երկրի օդուժի հրամանատար: 2000-ականների սկզբից գլխավորել է երկրի պատվիրակությունը Իրանի միջուկային ծրագրին նվիրված տասնյակ միջազգային հանդիպումներումՙ այդ ամենի համար ստանալով դիվանագետ Շեյխ մականունը: Արեւմուտքցի լրագրողները գնահատում էին նրա քաղաքագիտական ճկունությունը եւ բանակցելու տաղանդը: Նա խոսում է 4 օտար լեզուներովՙ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն: Ըստ իրանական թերթերի, Ռոուհանին փաստորեն աշխատում է ամբողջ օրըՙ առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան 10-ը: Խտացված աշխատակարգը չի խանգարում, որ նախագահը ժամանակ գտնի լողալու եւ լեռներում զբոսնելու համար: Ռոուհանին ամուսնացել է 20 տարեկանում իր 14-ամյա զարմուհի Սահեդայի հետ: Ունեն 5 զավակ: Լրատվամիջոցներին քիչ բան է հայտնի նախագահի ընտանիքի մասին: 2013 թ. գարնանը Ռոուհանին իր նախընտրական արշավի գլխավոր խորհրդանիշ դարձրեց բանալին, որով նա, իր իսկ խոսքերով, «պետք է բացի երկրի քաղաքականության փակ ոլորտը եւ մարդու հիմնարար իրավունքների ուղին»: Արեւմուտքում ծաղրանկարիչներն այդ բանալին պատկերում են մերթ կորսված, մերթ կոտրված, երբեմն էլՙ պարզապես կողպեքին չհամապատասխանող: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Ռոուհանիի օրոք Իրանում տեղի են ունեցել լոկ կոսմետիկ փոփոխություններ, ուստի նրա օգտին քվեարկած երիտասարդները սկսում են հիասթափություն ապրել: Երկրում պարբերաբար կալանավորում են իրավապաշտպաններին ու լրագրողներին: Հուլիսին Թեհրանում ձերբակալեցին «Վաշինգտոն փոստ» թերթի թղթակցին: Ճնշում է գործադրվում ոչ կառավարական ԶԼՄ-ների եւ կազմակերպությունների վրա: Այս տարվա մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քննադատեց Ռոուհանիի կառավարությանը այն կապակցությամբ, որ նրա նախագահության ժամանակաշրջանում «մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոլորտում առաջընթաց չի արձանագրվել»: Նա նաեւ նշեց, որ Facebook-ը եւ Twitter-ը անմատչելի են բազմաթիվ իրանցիների համար, մինչդեռ երկրի պաշտոնյաները «օգտվում են դրանցից եւ այնտեղ հրապարակում իրենց ուղերձները»: Իշխանություններն այդ սոցիալական ցանցերում գրում են անգլերեն հաղորդագրություններ, քանի որ դրանք նախատեսված են օտարերկրացիների համար: Ի կատար ածված մահապատիժների թվով Իրանը զիջում է միայն Չինաստանին: Amnesty International կազմակերպության տվյալներով, 2013 թ. Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 400 մարդ: Ռոուհանին թեեւ պահպանողական գործիչ է, բայց շատ խելամիտ է, ճկուն, զերծ է մոլեռանդությունից: Այդուհանդերձ չի կարելի նրան համեմատել Իրանի հինգերորդ նախագահ Խաթամիի հետ, որն ազատական էր, փորձում էր ձեւափոխել վարչակարգը, այն դարձնել առավել ժողովրդավարական, ազատական, արեւմտամետ: Ռոուհանին այդ մասին չի էլ խոսումՙ հասկանալով, որ իրեն թույլ չեն տա վերափոխումներ կատարել երկրի ներսում: Ռոուհանին չի ասում, թե Իսրայելը պետք է ոչնչացվի, ջանում է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որին Իրանում սովորաբար անվանում են «Մեծ սատանա»: Սրանով հանդերձ, նախագահին անհնար է անվանել արեւմտամետ կամ ազատական գործիչ: Իրանի նախագահը հասկանում է, որ անհրաժեշտ են արտաքին քաղաքականության որոշ վերափոխումներ, որպեսզի դրանց շնորհիվ լուծվեն ներտնտեսական խնդիրները: Չի կարելի մոռանալ, որ Իրանի փաստական առաջնորդը ոչ թե նախագահն է, այլ այաթոլլահ Խամենեին: Առանց նրա համաձայնության Ռոուհանին երբեք չէր դառնա պետության ղեկավար: Այդ պատճառով Իրանի նախագահը, որքան էլ ուզենա, չի կարողանա վարել չափազանց ինքնուրույն քաղաքականություն եւ կմնա «Իսլամական հեղափոխության մշտական պահապան»: |