RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



ՀԱՅ ԴԱՏ

Տեղադրվել է` 2014-10-02 23:00:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4231, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵՎ» ՆՈԹԱՏԵՏՐԸ

«Լե նուվել դ"Արմենի», Սեպտեմբեր, 2014, Թարգմանությունըՙ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ

«Լե նուվել դԱրմենի» պարբերաթերթի հրատարակչության տնօրեն ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆԻ հարցազրույցը Թուրքիայի ժամանակակից պատմության հետազոտող ԴՈՒՅԳՈՒ ԹԱՇԱԼՓԻ հետ

Լ.Ն.Ա. - Կարող եք ասելՙ ե՞րբ, ինչպե՞ս է ի հայտ եկել այդ նոթատետրը:

Դ.Թ. - 1916 թ.-ի վերջից իտտիհատական ղեկավարությունն սկսել է հայերի տեղահանության մասին զեկուցագրեր կազմել: Դեռեւս 1916 թ.-ի սեպտեմբերի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան շրջաբերական է հղել բոլոր նահանգներըՙ տեղի պատասխանատուներից պահանջելով պատրաստել եւ իրեն ուղարկել տվյալ տարածաշրջանում մնացած հայերի թվաքանակը: Հաջորդ օրն իսկ առաքած մի այլ հեռագրում Թալեաթը որոշակիացրել է, որ այդ զեկուցագրերը պետք է ճշգրիտ տվյալներ պարունակենՙ

1. Նահանգում ծնված հայերի,

2. Այլ բնակավայրերից եկած հայերի,

3. Կաթոլիկ ու ավետարանչական լինելու պատճառով չտեղահանված հայերի,

4. Զինվորական ունենալու պատճառով չտեղահանված հայերի,

5. Մահմեդականություն ընդունած լինելու պատճառով չտեղահանված հայերի,

6. Հատուկ արտոնություն ստացած լինելու պատճառով չտեղահանված հայերի մասին:

Ինչպես բացատրում է Թաներ Աքչամը, պատասխանները հաճախ թերի են եղել, որովհետեւ հիշատակվածներին հաջորդել են Թալեաթ փաշայի բազում այլ հեռագրերՙ պարտադրելով, որ պակասող տվյալներն ուղարկվեն «իսկույն եւեթ», պահանջվել են այլ տեղեկատվություններՙ ասենք բռնագաղթած հայերի ունեցվածքի արժեքի, «դատարկ» տների թվաքանակի, ինչպես նաեւ այն մասին, թե այդ տներից քանի՞սն են տրամադրված փախստական մահմեդականներին (մուհաջիրներին) եւ այլն: Այսպիսով, որքան տեղահանվածների քարավանն առաջանում է ու բնաջնջվում, այնքան տեղական պատասխանատուներին տրված հարցերը սերտաճում ենՙ «լքված» գույքից հետո ճշգրիտ տվյալներ են պահանջվում հայ որբերի մասին: Նյութերն ստացվելուն պես, Թալեաթ փաշան, ավելի շուտ նրա հրամանովՙ ներքին գործերի նախարարության պաշտոնյաները ցուցակներով, գծագրերով, քարտեզներով համադրում են տարբեր նահանգների տեղեկատվությունները: Այս փաստաթղթերն են կազմավորում այն, ինչը կոչվում է Թալեաթ փաշայի «սեւ» նոթատետրը: Ըստ Թաներ Աքչամի կազմած ժամանակագրության (նույնը ներքին գործերի նախարարության իրար հաջորդող հեռագրերն են վկայում), երբեմն պահանջված տվյալներն ստանալու համար ամիսներ են անհրաժեշտ եղել, որը ենթադրել է տալիս, որ փաստաթղթերը պատրաստվել են 1917 թ.-ի վերջին, ավելի հավանական էՙ 1918 թ.-ի սկզբին:

- Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է նոթատետրը հանրությանը հայտնի դարձել:

- «Սեւ» նոթատետրը 2005 թ.-ին հայտնաբերել է Թալեաթ փաշայի այրու թոռնուհինՙ Այսեգյուլ Բաֆրալին, այնպիսի մի տեղում, որը հրապարկվելու համար նախատեսված չէր կարող լինել` տատի ճամպրուկի աստառի` բեռլինյան աքսորի տարիներին քանդված ու վերակարված ներքնամասում: Այսեգյուլ Բաֆրալին պատմել է, որ հիշում է, թե տատը ինչպես է երբեմն-երբեմն պահադարանից հանել ու բացել այդ ճամպրուկը, բայց քանի որ իրեն դատարկ է թվացել, պատճառը չի հասկացել... Այսինքն Թալեաթ փաշայի այրինՙ Հայրիյի Բաֆրալին մի ծածուկ անկյունում խնամքով պահպանել է այդ փաստաթղթերը: Հետագայում թոռնուհին դրանք տրամադրել է թուրք լրագրող Մուրադ Բարդակչիին, որովհետեւ վերջինս ցանկացել է Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ գիրք հրատարակել... Դեռեւս 1982 թ.-ին, մահից մի տարի առաջ, Հայրիյի Բաֆրալին այս նույն լրագրողին վստահել է Թալեաթ փաշային առնչվող այլ վկայություններՙ մասնավորապես նամակներ ու հեռագրեր: Ինչո՞ւ նրան եւ ոչ մի ուրիշի: Մուրադ Բարդակչին դա բացատրում է իտտիհատականների թոռների հետ ունեցած «բարեկամական» կապերով: Ըստ էության նա չի էլ թաքցնում իր համակրանքը «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի հետնորդների նկատմամբ:

Մուրադ Բարդակչին իրեն վստահված որոշ փաստաթղթեր 2005-2006 թթ.-ին, ապրիլ 24-ի հիշատակության կապակցությամբ, տպագրել է «Հուրիեթ» լրագրում: Առաջին իսկ հրապարակման ընթացքում չի թաքցրել, որ ինքն է կատարել վկայությունների վերծանումը, որը եւ կասկածներ է հարուցել վավերականության ու անխաթարության նկատմամբ: Նրա հրապարակումները ուղեկցվում էին իր իսկ ժխտողական մեկնաբանություններով, որոնք եւ ի վերջո արժեզրկեցին վավերաթղթերն ու նրանց իրական նշանակությունը: Բարդակչին չէր մասնակցում ապրիլ 24-ի հիշատակի արարողություններին, ըստ էության հիշատակություններին դեմ դիրքորոշում էր դրսեւորում: 2008 թ.-ի դեկտեմբերին, երբ նա ի վերջո որոշեց իր տրամադրության տակ եղած վավերագրերը հրապարակել «Թալեաթ փաշայի թողած փաստաթղթերը» խորագիրը կրող գրքի ձեւով, տարակարծության մշուշը չցրվեց: Գրքի նախաբանում հեղինակը մոտավորապես կրկնում է այն, ինչ արդեն ասել է 2005 թ.-ինՙ հայերի դավաճանության, պատերազմական իրադրության, պետության ինքնապաշտպանության իրավականության, իտտիհատականների հերոսականության եւ այլնի մասին: Այն տարբերությամբ, որ այս անգամ նա հրապարակում է փաստաթղթերի բնագրերի պատճենները: Բնագրեր, որոնք, սակայն, բոլորովին այլ բան են ասում:

- Ըստ Ձեզՙ փաստաթղթերը վավերակա՞ն են:

- Կասեի, որ բովանդակությունը նրանց անխաթարության հանդեպ կասկած չի հարուցում: Ընդ որում պատմաբաններ Ֆուաթ Դյունդարն ու Թաներ Աքչամը այդ փաստաթղթերը վստահելի համարելու եւ նույնիսկ որպես սկզբնաղբյուր օգտագործելու համար բնօրինակների հրապարակմանը չեն էլ սպասել: Ֆուաթ Դյունդարը նկատել տալով, որ Բարդակչիի ներկայացրած փաստաթղթերի տվյալները համընկնում են այլ սկզբնաղբյուրներում տեղ գտած տվյալներին, եզրակացնում է, որ Էզաթ Ուրասի ուսումնասիրությունների ու վարչապետի թղթածրարների հաշվարկների հրապարակումներից հետո դրանք «հայկական հարցի կարեւորագույն վկայագրերն են»: Թաներ Աքչամն իր աշխատությունում տեղահանված հայերի թիվը ճշգրտելիս հենվում է հենց Բարդակչիի հրապարակած նյութերի վրա: Վերջապես Արա Սարաֆյանը, որը ձեռնարկել է խնդրո առարկա որոշ վավերագրերի վերլուծմանը, դրանք համարում է «անվիճարկելի»` ընդունելով հանդերձ, որ թուրք լրագրողը «աղավաղումներ ու կեղծումներ թույլ տվել է»:

Հենց թեկուզ երկար ժամանակ թաքցված լինելու հանգամանքը, ըստ իս, դրդում են հավատ ընծայել վկայագրերինՙ ներկայացվող տվյալները նախատեսված են եղել նեղ շրջանակիՙ գործնական ու «ժողովրդագրական» կարիքների համարՙ այսինքն քարոզչական նպատակ չեն հետամտել: Մյուս կողմից էլ այս վավերագրերը ճիշտ տեղին լրացնում են օսմանյան թղթածրարներում առկա բացը: Խնդիրն այն է, որ հայերի տեղահանությամբ զբաղվող հետազոտողները Թալեաթ փաշայի թղթածրարներում հանդիպում են Ստամբուլից նահանգներ հղված բազմաթիվ հեռագրերի, որոնցով տեղի պատասխանատուներից նա պարբերաբար զեկուցագրեր էր պահանջում տեղահանության վերաբերյալ: Այս հեռագրերի պատասխանները պետք է, որ պահպանված լինեին Ընդհանուր ապահովության տնօրենության թղթածրարներում: Սակայն այդ հաստատությունում նման բովանդակությամբ ոչ մի վավերաթուղթ չկա, մինչդեռ Մուրադ Բարդակչիի հրապարակած նյութերը ճշգրտորեն համապատասխանում են Թալեաթի պահանջած տեղեկատվություններին:

Այնուամենայնիվ, ես միանում եմ պրն Սարաֆյանի վարկածինՙ շատ հավանական է, որ այս հեռագրերը գրաքննվել, անգամ աղավաղվել են: Առաջին «զտումը» կարող էր կատարած լինել վավերագրերը տրամադրած անձըՙ Թալեաթ փաշայի այրու թոռնուհին, Այսեգյուլ Բաֆրալին: Ինքըՙ Բարդակչին էլ է նշում, որ երբ նոթատետրն իրեն են հանձնել, չորս էջեր բացակայել են: Որոշ վավերագրեր լրագրողն ինքն է մասնակիորեն հրապարակել, սեփական ընտրությամբ երկար զեկուցագրերի միայն առաջին մասն է ներկայացրել, հնարավորություն չտալով ամբողջական վերլուծման: Ավելինՙ ըստ էության ոչ մի պատմաբան ուղղակի չի առնչվել բնագրերին: Բարդակչին հայտարարել էր, որ իր տրամադրության տակ եղած նյութերը հանձնելու է ռազմական թանգարանին, որպեսզի հետազոտողների տրամադրության տակ լինեն: Այդ բանը տեղի չի ունեցել: Կամ իշխանություններն են արգելափակել, եւ կամ Բարդակչին, որը հայտնի է որպես «թղթածրարների հավաքամոլ»ՙ նախընտրել է իրեն պահել... թերեւս 2015 թ.-իՙ հերթական հրապարակման համար:

- Ընդհանրական ի՞նչ բովանդակություն ունի նոթատետրը:

- Նոթատետրի բովանդակությունն ըստ էության Առաջին աշխարհամարտի ընթացքում «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի իրականացրած ժողովրդագրական գործառույթների հանրագումարն է. նրա էջերում ճշգրտորեն ու հանգամանորեն ներկայացված են ոչ միայն հայերի բռնագաղթի, այլեւ հույներիՙ Անատոլիայի խորքերը պարտադրված տեղաշարժի, Սիրիայից տեղահանված արաբ ընտանիքների, ռուսների բռնագրավման հետեւանքով Արեւելքից փախած գաղթականների եւ այլ շարժընթացներ: Նոթատետրի 58 էջերից 18-ը ուղղակի առնչվում են հայերին: Խոսքը բռնագաղթածների քանակի, տարհանված շրջանների քարտեզի, հայերի վերաբնակեցման, որբերի թվի, ըստ նահանգների դատարկ տների, «գաղթականների» տեղավորման համար ծախսված գումարի, տրամադրված հողերի, լքված ագարակների, փոխհատուցման մասին է:

Նոթատետրը, սակայն, Մուրադ Բարդակչիիՙ 2008 թ.-ին հրատարակած գրքի առաջին մասն է միայն: Հանգամանքը, որ այն աղմկահարույց կերպով կոչվել է «սեւ» նոթատետր, անգլերեն «black book»`իր վրա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել: Մինչդեռ գրքի երկրորդ մասը, որը կազմված է Թալեաթի այրու 1982 թ.-ին տրամադրած տարբեր փաստաթղթերից, տեղեկատվության առումով անհամեմատ հարուստ է: Այն ամբողջությամբ առնչվում է հայերին, իր 36 էջերում թերեւս ավելի կարեւոր, բացահայտող փաստաթղթեր է պարունակում, քան հիշատակված նոթատետրը:

Բարդակչիի գրքում հաջորդաբար տեղ են գտել Թալեաթիՙ 1915 թ.-ի ապրիլի 25-ին նահանգների կառավարիչներին հղած հեռագիրը, «1915 թ.-ի տեղահանության սահմանակարգի» տեքստը, տարբեր իտտիհատականների հետ փոխանակած հեռագրերը, Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո աքսորավայրից կնոջն ուղարկած բացիկները, կառավարական ծրագրի աշխատակազմի նախագծի նշումները, որոնք գտնվել են անձնական թղթերի մեջ: Բարդակչին քննարկվող գրքում հրապարակել է նաեւ Թալեաթ փաշայի այրու հետ մահվանից (1982 թ.-ի հոկտեմբեր) քիչ առաջ ունեցած հարցազրույցի վերծանումը: Վերջապես գիրքն ամբողջանում է բազմաբնույթ լուսանկարներով:

- Թալեաթը նման նոթատետր պահելու ի՞նչ շահագրգռություն է ունեցել: Ինչի՞ է այն ծառայել: Նոթատետրը փաշայի հոգեբանության բացահայտումների հանգեցնո՞ւմ է:

- Վիճակագրական այդ հաշվարկները, գծագրերը, քարտեզները, բացի տեղեկատվություններից, մի անձնավորություն են ի հայտ բերում, որը շատ է տարբերվում կնոջը սիրային նամակներ, մտերիմներին սրտառուչ արտահայտություններ հղողից, ինչպիսին ուզում է ներկայացնել Մուրադ Բարդակչին: Այս ա՛յլ անձնավորությունը, ա՛յլ Թալեաթը համառորեն, գրեթե հետեւողականորեն հաշվարկում է տարագրված, վերապրած, անհետ կորած հայերի թիվը, նրանց տները, ագարակները, թանկարժեք զարդերը, այգիները, դաշտերը, մրգատու ծառերը, որբերին, որ տարագիրները թողնում էին իրենց հետեւում: Վավերաթղթերն ամբողջության մեջ միայն մի՛ բան են ասումՙ Թալեաթ փաշան գիտեր, որ հայերին գրեթե անխուսափելի մահվան է ուղարկում, քանի որ թվաքանակի էր վերածում մահը: Նրա նոթատետրը, ինչպես նաեւ Մուրադ Բարդակչիի հրապարակած մյուս վավերագրերը բացահայտում են Թալեաթի, ավելի լայն ընդգրկումովՙ իտտիհատականների նպատակամետՙ կշռադատված, կանոնակարգված մտածողությունը: Նման մտածողությունն էր, որ հանգեցրեց կայսրության հայերի նվազեցմանըՙ ավելացնելու համար թուրքերի, եթե անգամ թուրք էլ չէին, թրքանալու դատապարտվածների թվաքանակը: Հայերի բռնագաղթեցման, «վերաբնակեցման» տարածքները որոշակիացնող քարտեզները հավաստում են այդ մտայնությունըՙ Թալեաթը գծում էր թուրքական ու մահմեդական, միատարր, միաձույլ, ծագումնաբանական բազմազանությունից ձերբազատված Թուրքիա: Ի վերջո, Մուրադ Բարդակչին, նույն գրքում հրապարակելով այս վավերաթղթերն ու Թալեաթի «մարդկային»ՙ սիրային ու ընկերային մտերմիկ նամակները, սոսկ հավաստում է, որ միաժամանակ կարելի է դահիճ ու գորովահույզ ամուսին լինել: Հանգամանք, որը հաստատում է այն, ինչը ցեղասպանագետները բացահայտել ենՙ ոճրի պատասխանատուները հոգեգարներ, հրեշներ չէին, սովորական մարդիկ էին:

- Դուք ասացիք, որ նոթատետրը հրապարակած Մուրադ Բարդակչին Հայոց ցեղասպանությունը ժխտողներից է: Հանրությանը ներկայացրած ի՞նչ փաստարկներ են նրան կարծել տվել, որ պիտի հաստատեն իր համոզմունքը: Եթե նա սխալվել է, ո՞ր դեպքում:

- Գրքի հրապարակման մասին ամիսներ առաջ հայտարարել են մեծատպաքանակ լրագրերըՙ իբր «հայկական տեսակետը ժխտող» ու հակամարտության ընթացքը շրջող հաղթաթուղթ: Մինչդեռ գիրքն ու հրապարակված վավերագրերն ընթերցելիս դժվար է հասկանալ, թե ինչպես Մուրադ Բարդակչին կարող էր ենթադրել, որ ներկայացրած փաստաթղթերը կհիմնավորեն ցեղասպանության ժխտման վարկածը: Կարծում եմ, որ նա ոչ թե այդպիսի, անհամեմատ հեռահար նպատակ է հետամտել: Ուզել է ցույց տալ, որ ոչինչ, նույնիսկ Թալեաթի ձեռքով գրված վավերական փաստաթղթերը չեն կարող հավաստել տեղի ունեցածը ցեղասպանություն որակելը: Այն պահից, երբ մարդիկ վճռում են, որ այլեւս ոչինչ չի կարող ցեղասպանության ապացույց հանդիսանալ, որ ամեն ինչ կարելի է ասպարեզ հանել, Բարդակչին հրապարակում է «զոհի» փաստաթղթերը, որպես երկար ժամանակ եւ զուր թաքցված մասունքներ: Ընդ որում առանց ամաչելու, նույնիսկ որոշակի հպարտությամբՙ որովհետեւ վերջիվերջո լույս տեսած փաստաթղթերը ներկայացնում են այն իրողությունները, որոնք Թուրքիային հնարավորություն են տվել գոյատեւել ներկա սահմաններում: Բարդակչին, ահա՛, Թալեաթին ներկայացնում է որպես այդ «մեծագործության» ճարտարապետը:

- Նոթատետրը հայերի ցեղասպանության ընդունման նոր տվյալներ պարունակո՞ւմ է:

- Նոթատետրի կարեւորությունը նախ անհատական բնույթն է: Ինչպես Թուրքիայի բոլոր մասնավոր թղթածրարներըՙ այն հանդիսանում է փրկված վավերագիր, որը ազատվել է նախ հենց իտտիհատականների, հետո էլ քեմալական իշխանությունների հետեւողական ոչնչացումից: Այնուհետեւ նրա կարեւորությունը չափվում է այն պատասխանատվություններով, որոնք ունեցել է նոթատետրի տերըՙ ներքին գործերի նախարար, ապա եւ Մեծ վեզիր Թալեաթ փաշան իր անսահմանափակ իշխանությամբ, «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի առաջնորդի իր դիրքով: Ըստ էության նոթատետրը նոր տվյալներ չի պարունակում: Ավելի ճշգրիտՙ չի հաղորդում այնպիսի փաստ, որ մենք չիմանայինք: Այնուամենայնիվ նոթատետրում պահպանված տեղահանության թվերն անհամեմատ մեծ են, քան Թուրքիայում մինչեւ հիմա պնդվող պաշտոնական թվերըՙ այն դեպքում, երբ դրանք շրջանառության մեջ է դրել հենց ինքըՙ Թալեաթը, որ նույնն էՙ պետությունը: Նոթատետրը բացահայտում է վարչարարական վերահսկողության բնույթը, որ օսմանյան իշխանությունները գործադրում էին հայերի մասին ստացված տեղեկատվության վրա: Այլ կերպ ասածՙ մենք գտնվում ենք ցեղասպանության համապատկերին դեմ-հանդիման, բայց դիտված պետության տեսադաշտից: Հենց սա է ըստ էության նորն ու կարեւորը, քանի որ պետական վերահսկողությունն ինքնին վերածվել է ցեղասպանության վկայության բաղադրատարրի: Փաստն ակնհայտ էՙ կառավարությունն ամեն ինչին, ամեն մանրամասներով իրազեկ է եղել:

- Կարո՞ղ եք հայերին առնչվող մի քանի էական թվեր հիշատակել: Որո՞նք են Ձեր կարծիքով ամենակարեւոր վկայությունները:

- Հրապարակված վկայություններից առավել ուշադրություն կարող է գրավել «Տարագրված հայերի թվաքանակը» ցուցակը: Ըստ այս վավերագրիՙ այդ թիվը հասել է 924 158-ի: Սակայն, ինչպես նկատել են Թաներ Աքչամն ու Արա Սարաֆյանը, տվյալ փաստաթղթում տեղ են գտել միայն տասնութ վիլայեթների ու քասաբաների (գավառների) տվյալներ: Տասներեք նահանգներ ու ենթաշրջաններ (Ստամբուլը, Էդիրնեն, Այդընը, Կաստամոնուն, Սիրիան (մասամբ), Անթալիան, Բիգան, Էսկիշեհիրը, Իչելին, Քյոթահիան, Մենտեսեն, Քաթալքան ու Ուրֆան), որոնց հայ ազգաբնակչությունը հայտնի է, որ նույնպես տեղահանվել է, ցուցակում տեղ չեն գտել: Հավելելով այսՙ ցուցակում պակասող բնակավայրերից տեղահանված հայերին, Աքչամը կարողացել է պնդել, որ մեկ միլիոնից ավելի հայեր են բռնագաղթել: Թալեաթ փաշայի ցուցակի բնագիր օրինակի տողատակում նույնիսկ նշված է, որ վերջնական թիվն ապահովելու համար նախնական քանակին պետք է 30% հավելել: Այս հանձնարարականը նկատի ունենալու դեպքում մենք Առնոլդ Թոյնբիի առաջադրածից անհամեմատ մեծ թիվ ենք ստանում:

Մի այլ փաստաթուղթ, որ ինձ կարեւոր է թվում, «Հայերի դատարկ թողած տների» ցուցակն է: Այս վկայագրում տեղ են գտել որոշ վիլայեթներ, որոնք վերը հիշատակված փաստաթղթում պակասում էինՙ Էդիրնեն, Ուրֆան ու Էսկիշեհիրը: Ուստի պետք է հետեւցնել, որ թվարկված բնակավայրերից նույնպես հայերի են տարագրել, քանի որ «լքված» տներ են ի հայտ եկել: Բացի դրանիցՙ համադրելով բռնագաղթած հայերի ու դատարկ տների քանակը, ստանում ենք տարագրվածների խիստ անհավասար ու հիմնականում շատ մեծ թիվ, հատկապես, եթե, ինչպես Արա Սարաֆյանը, նկատի ունենանք, որ Թալեաթ փաշայի վավերաթղթում ներառնված չեն կաթոլիկ ու ավետարանչական բռնագաղթողները: Բացատրությունը պարզ է ու էականՙ այս թվերը, ինչպես հավաստում է ցուցակի խորագիրը, վերաբերում են միայն ու միմիայն դատարկ տներին: Որը եւ առիթ է տալիս ենթադրելու, որ երբ հաշվարկը կատարվել է, հայերի «լքած» տների մի մասը նոր, անկոչ բնակիչներ են զբաղեցրել:

«Հայ որբերը» խորագրված փաստաթուղթը ներառնում է 16 վիլայեթ ու սանջակ, յուրաքանչյուրի որբերը բաժանված են երկու մասիՙ տեղի մահմեդականներին «տրվածների» ու «որբ մնացածների»ՙ այսինքն մանկատներում պատսպարվածների: Նահանգների ցուցակը չափազանց թերի է: Նախ չկա ընդհանուր հանրագումար, որ առկա է Թալեաթի մյուս ցուցակների մեծ մասում: Կամ տեղեկատվության պակասի պատճառով հաշվարկը չի ամբողջացել կամ էլ Բարդակչին շարունակությունը չի հրապարակել: Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Հալեպում ու Զորում, որտեղ հասկանալի պատճառով ամենաշատ հայ որբերն էին կուտակվել, իտտիհատական պաշտոնյաները նախընտրել են նրանց ոչ թե ընտանիքների վստահել, այլՙ կամ տեղավորել որբանոցներում, կամ էլ հետՙ Անատոլիա քշել: Նպատակը հասկանալի էՙ ամեն ինչ արել են, որ հայերը համախումբ չապրեն: Ներքին Անատոլիան նրանց տարտղնելու համար չափազանց հարմար է եղել: Այսպիսով, հիշատակվող փաստաթուղթը, հաշվարկային անկատարությամբ հանդերձ, վկայում է հայ որբերին ցրելու ու ձուլելու միտումը:

Վերջապես անդրադառնամ «Հայ ազգաբնակչության ընդհանուր հաշվարկը տեղահանությունից հետո» ցուցակին: Ըստ այդ փաստաթղթիՙ բռնագաղթից առաջ Օսմանյան կայսրությունում ապրել է 1 617 200 hայ, բռնագաղթից հետոՙ 370 000: Այս տվյալների վրա հիմնված հաշվարկը բացահայտում է, որ տեղահանության ընթացքում մոտ 1 247 200 hայ կամ Օսմանյան կայսրության 1914 թ.-ի հայ ազգաբնակչության 77%-ը բնաջնջվել է: Նահանգների մեծ մասում հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը վերացել էՙ Կարեսիՙ 77 %, Նիգդեՙ 79%, Կայսերիՙ 86%, Իզմիթՙ 93%, Սվազՙ 94%, Նյուդավենդիջար` 95%:

- Ի՞նչ հակազդեցություն ունեցավ նոթատետրը Թուրքիայում:

- Նախ Մուրադ Բարդակչիի հանդգնությունը տագնապի ու խուճապի մատնեց Ցեղասպանությունը ժխտող պատմաբաններին: Ահաբեկվելով տեղահանված հայերի թվի մեծացումից ու հատկապես նոր փաստաթղթերի հայտնությունից,- քանի որ «պաշտոնական» պատմաբանները մոտ հարյուր տարի հենվել էին փաստագրական գրեթե անփոփոխ, նույն նյութի վրա,- նրանք փորձեցին հասարակության ուշադրությունը շեղել գրքից ու վարկաբեկել Բարդակչիին: Գրաքննչությունն էլ իր գործն արեց: Դեռեւս 2005 թ.-ին փաստաթղթերի հրապարակումը «Հուրիեթում» ընդհատվեց, քանի որ Բարդակչին երկօրյա «մտմտումներից» հետո հայտնեց, որ կհրապարակի «հայկական շենքերի ցուցակները»... Նույնը 2008 թ.-ի դեկտեմբերին, երբ գիրքը լույս տեսավ, հեռակապային պատվերները զրոյացվեցին, գիրքը վաճառքից հանվեց, վերատպվեց, շուկայում հայտնվեց մեկ ամիս անցՙ 2009 թ.-ի հունվարին: Բարդակչին ինքն է խոստովանում, որ գրքի վերջում տեղ գտած Թալեաթ փաշայի այրու հարցազրույցից «որոշ պարբերություններ օրենքից բխող պատճառներով հանվել են»:

Գրքի ներազդեցությունը բացահայտելու համար, իմ գիտական ուսումնասիրության շրջանակներում, ես սկսեցի հետեւել մամուլի հրապարակումներին ու ապշեցի արձագանքների շփոթից ու հակասականությունից, որոնք ինչ-որ տեղ, իհարկե, հենց գրքից էին բխում: Մերթ ծափահարվելով, մերթ փնովվելովՙ համենայն դեպս գիրքը շարժեց հասարակական կարծիքը: Ու չնայած թուրք լրագրողները երկար վիճարկում էին փաստաթղթերի բովանդակությունըՙ հատկապես բռնագաղթած հայերի թվաքանակի աճը, բացի Ֆուաթ Դյունդարից, Այշե Հյուրից ու Թաներ Աքշամից, շատ քիչ պատմաբաններ հետաքրքրվեցին նոր վավերագրերով: Նկատի ունենալով որոշ ցուցակների կարեւորությունը, կարելի է ցավել, որ դրանք լրագրական իրարանցում հարուցեցին, ոչ պատմագիտական:

Հասարակական մակարդակով էլ ես չեմ կարծում, որ գիրքն առանձնակի ազդեցություն ունեցավ: Հրանտ Դինքի բռնասպանությունից երկու տարի անց Թուրքիայում տեղաշարժ է սկսվել: Այդ ողբերգական իրադարձությունը ինքնին վկայեց այն փոփոխությունն ու միաժամանակ բռնությունը, որով թուրք հասարակությունը սկսում է անդրադառնալ երկար ժամանակ անտեսած իր անցյալին: Բարդակչիի գիրքը պետք է դիտարկել հիշողության վերականգնման, տաբուի խզման այս ենթատեքստում... Սակայն, խնդրին հակառակ կողմից մոտենալով չպետք է մոռանալ, որ Բարդակչին Թալեաթին միաժամանակ ներկայացնում է որպես պետության հիմնարար հայր, կոչ է անում որպես այդպիսին մեծարել, միաժամանակ համարել հայի գնդակին զոհ դարձած նահատակ: Հենց այն պահին, երբ մոտ 30 000 հոգի Թուրքիայում ներոմ են խնդրում հայերից, Բարդակչին պահանջում է ներողություն հայցել Թալեաթ փաշայի սպանության համար:

- Ի՞նչ կարող եք ասել թուրք պատմագիտությանՙ հայերի ցեղասպանության նկատմամբ դիրքորոշման փոփոխության մասին:

- Ինձ թվում էՙ հայերի ցեղասպանագիտությունը օգտագործվող աղբյուրներին ու մեթոդներին զուգընթաց վերափոխվում է: Համապատասխան թղթածրարներն անմատչելի լինելու պատճառով հետազոտողները ավելի ու ավելի են սահմանափակվում հասարակության ստորին շերտերով, տեղական մակարդակով, դերակատարում ունեցածների պատմություններով, վկայություններով, բանավոր հիշողությամբ: Նորությունը նաեւ այն է, որ այլեւս ոչ ոք վկայություն չի փնտրում: Ցեղասպանությունն այժմ արդեն ապացուցման կարիք չունի: Այժմ կարեւորը հասկանալն ու բացատրելն է, ինչը, թերեւս անհամեմատ դժվար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ