RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



Տեղադրվել է` 2014-10-02 23:00:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1511, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀՈՆԿՈՆԳ. Ո՞Վ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ «ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ»

Պ. Ք.

Հոնկոնգում ժողովրդավարական ընտրություններ պահանջող տասնյակ հազարավոր ցուցարարներ վերջին օրերին մնում են փողոցներում եւ պատրաստ են իշխանությունների հետ երկարատեւ դիմակայության: Ցույցերն անցկացվում են ի պատասխան Չինաստանի այն որոշման, որ տեղական վարչակազմի 2017 թ. ընտրություններին մասնակցեն միայն Պեկինի հավանությունն ստացած թեկնածուները: Բողոքի ելույթների կազմակերպիչների խոսքերով, ՉԺՀ իշխանությունները խախտել են ժողովրդավարական ընտրություններ եւ Հոնկոնգի ինքնավարության բարձր աստիճան ապահովելու խոստումը:

Սեպտեմբերի 28-ին ցուցարարների եւ իրավապահների բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 56 մարդ, այդ թվում 12 ոստիկան, հաղորդում է CNN-ըՙ վկայակոչելով Հոնկոնգի կառավարության մամլո քարտուղարին: Տասնյակ մարդիկ կալանավորված են:

Անցկացվող հանրահավաքի մասնակիցները ջրի, մրգերի, շնչադիմակների, թխվածքաբլիթների, միատեսակ անձրեւանոցների, սրբիչների պաշար են ստեղծել, բնակվում են վրաններում եւ բարիկադներ են սարքել: Մամուլը բողոքի ելույթներն արդեն մկրտել է «Հովանոցային շարժում» անունով:

Միջազգային փորձագետներից շատերը Հոնկոնգի հուզումների մեջ տեսնում են ամերիկյան քաղտեխնոլոգների աշխատանքի նշաններ: Շատ հարմար պահ է ընտրված Չինաստանի ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու համար: Վերլուծաբանները կարծում են, որ Վաշինգտոնը փորձում է Պեկինից վրեժ լուծել Ուկրաինայի հարցում նրա ռուսամետ դիրքորոշման համար:

Թեեւ Հոնկոնգը Վաշինգտոնից 13 հազար կմ հեռավորության վրա է, բայց ԱՄՆ-ը ուշի-ուշով հետեւում է չինական թերակղզու իրադարձություններին եւ արդեն հաձնարարականներ է տալիս: Հիշեցնենք, որ բրիտանացիները հարյուրամյա տիրապետությունից հետո Հոնկոնգը Չինաստանին վերադարձրին 1999 թվականին:

«Ամբողջ աշխարհում, ներառյալ Հոնկոնգում, ԱՄՆ-ը պաշտպանում է ազատության ճանաչված սկզբունքները: Մենք Հոնկոնգի իշխանություններին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն եւ բողոքավորներին թույլ տալ խաղաղ կերպով արտահայտելու իրենց կարծիքը», հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Էռնեստը:

Բողոքավորները «սմարթֆոնների սերնդի» ներկայացուցիչներն ենՙ ուսանողներ եւ նույնիսկ դպրոցականներ: Ամերիկյան հեռուստաալիքները սկսել են խոսել բողոքի զանգվածային ելույթների եւ նույնիսկ «հեղափոխության» տարերայնության մասին: Սակայն առկա է տարօրինակ զուգադիպություն. ամեն ինչ տեղի է ունենում իդեալական պահին: Հոկտեմբերի 1-ին ՉԺՀ կազմավորման 65-ամյակի տոնակատարությունն ու հրավառությունը տեղի չունեցան, իսկ հետագա հանգստյան օրերին Հոնկոնգի փողոցներում բյուրավոր մարդկանց ներկայությունն արդեն իսկ ապահովված է:

Սեպտեմբերի 28-ին համացանցում շրջանառության մեջ դրվեցին տեսահոլովակ եւ կոչ. «Այսօր 2014 թ. սեպտեմբերի 28-ն է, երեկոյան ժամը 10-ը: Մենք Հոնկոնգում ենք: Խնդրում ենք, օգնեցեք: Լուրը տարածեք ամբողջ աշխարհում: Մեզ պետք են միայն ժողովրդավարություն եւ ժողովրդական քվեարկություն: Համացանցում ծանոթացեք այս տեսահոլովակին, ամենքին հաղորդեք ամեն տեսակ լուրեր այս իրադարձության մասին»:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր մեկ ուրիշ տեսահոլովակ. «Ես ուկրաինուհի եմ: Ծնվել եմ Կիեւում եւ հիմա Մայդանում եմ: Դուք կարող եք օգնել, եթե այս պատմությունը պատմեք ձեր ընկերներին: Տարածեք համացանցում: Խոսեք ձեր բարեկամների, ընտանիքի եւ ձեր իշխանությունների հետ: Ցույց տվեք, որ աջակցում եք մեզ»:

Տեսագրված աղջիկները, իհարկե, քույրեր չեն, բայց Հոնկոնգում եւ Կիեւում ստեղծված տեսահոլովակները անչափ նման են իրար: Հոնկոնգում մարդիկ վանկարկում ենՙ «Չդիպչե՛ք ուսանողներին»: Ուկրաինական տարբերակում ասում էՙ «Ախր նրանք երեխաներ են»: Երկու դեպքերում էլ երիտասարդների նպատակը կառավարական շենքերի շրջափակումն է:

Դեռահասների եւ ուսանողների ամբոխի այսպիսի հմուտ կառավարումը չի զարմացնում Հոնկոնգի իշխանություններին: Տեղական «Խուանցզյու ժիբաո» թերթը հաղորդում է, որ բողոքի շարժման առաջնորդները դասընթաց եւ սեմինարներ են անցել «Հոնկոնգա-ամերիկյան կենտրոնում»: Միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել մասնավորապես ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, ուսանողական ակտիվիստներից պահանջել են առաջ մղել ժողովրդավարական փոփոխություններըՙ նրանց խոստանալով Վաշինգտոնի աջակցությունը: Բողոքի գործողությունների մարտավարություն սովորեցնելիս իշխանությունների հետ բանակցելու հարցում քաղաքական պահանջների մեջ առանձնացվում էին այն կետերը, որոնցից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել: Թերթն այդ մասին հաղորդում էՙ վկայակոչելով Հոնկոնգի վարչակազմի ներկայացուցիչներին:

ՉԺՀ արտգործնախարարությունում ասում են, որ հատուկ վարչական շրջան Հոնկոնգի հարցը Չինաստանի ներքին գործն է: Իսկ Վաշինգտոնում պատասխանում են, որ Հոնկոնգի բնակիչների իղձերը ԱՄՆ-ի համար «ամեն ինչից վեր են», եւ որ Ամերիկան հավանություն է տալիս դրանց:

Հոկտեմբերի 1-ին Հոնկոնգում տասնյակ հազարավոր ուսանողներ պահանջեցին տեղական կառավարության ղեկավարի հրաժարականըՙ սպառնալով հակառակ դեպքում գրավել կառավարական շենքերը: Ցուցարարները հայտարարեցին, որ իրենք կբանակցեն միայն Պեկինի իշխանությունների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ