RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014



Տեղադրվել է` 2014-10-02 23:01:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1587, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ, ՓՈԽԱՐԵՆԸ ՇԱՏ ԱՂԲ ԿԱ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առաջին անգամ Արմավիր այցելողները դժվարությամբ կգուշակեն, որ վայրը համարվում է քաղաք, այն էլ` մարզկենտրոն: Արմավիրում քաղաքին համապատասխան ոչինչ չկա: Արմավիրի մարզի բնակիչները հավաստիացնում են, որ ժամանակին Արմավիրը դարձել է մարզկենտրոն մեկ պատճառովՙ որպեսզի ուշադրությունը կրկնապատկվի, գոնե տարրական խնդիրները լուծվեն ու Արմավիրը քաղաքին վայել տեսք ստանա: Իրականում, ինչպես տասնամյակներ առաջ, այնպես էլ հիմա, Արմավիրում ոչինչ չի փոխվել, նույն գորշ շենքերն են, սարսափելի ճանապարհները, վատ հոտն ու ջրի բացակայությունը: Քաղաքի յուրաքանչյուր փողոցի անկյունում շաբաթներով չհավաքված աղբ է, անտանելի հոտ, տաք եղանակին մոծակներ, հետեւաբար չի բացառվում նաեւ վարակների տարածում:

Թեպետ վերջինիս առումով որեւէ հետազոտություն արված չէ, սակայն բնակիչները համոզված են, որ մի օր քաղաքի կեղտից ու հոտից մարզկենտրոնում խոլերա հիվանդություն էլ կտարածվի: Թեպետ, թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ ավագանին, թե՛ քաղաքացիները բազմիցս բարձրացրել են հարցը, այնուամենայնիվ քաղաքում մաքրության առումով փոփոխություն չկա: Քիչ թե շատ մաքուր է միայն քաղաքի կենտրոնական Հանրապետության փողոցը: Ծայրամասերում տպավորությունն այնպիսին է, որ 2-3 շաբաթը մեկ մաքրեն, կամ ոչ: Բնակիչների բողոքները, նամակները ստանում են արդյունք, սակայն կարճ ժամանակով: 2-3 ամիս անց քաղաքը կրկին պատվում է կեղտով ու հոտերով:

Բացի նրանից, որ քաղաքում աղբահանություն գրեթե չի իրականցվում, Արմավիրում խմելու ջուր էլ չկա: Ծորակից ժանգագույն ջուր է հոսում ու արմավիրցիները վախենում են այն օգտագործել: Շաբաթական մեկ կամ երկու անգամ մեքենաներով Թալինից ջուր է գալիս ու բնակիչները մեկ դույլ ջրի համար վճարում են 50 դրամ:

Միջին հաշվարկով, արմավիրցիները ամսական մինչեւ 7-8,000 դրամ վճարում են խմելու ջրի համար: Բնակիչների հավաստիացմամբՙ ամսական 3000 դրամ էլ վճարում են բնակարանում հոսող ժանգոտ ջրի համար: Ստացվում է, որ միայն ջրի համար, Արմավիրում վճարում են միջինը 10,000 դրամ: Սա այն պարագայում, երբ քաղաքում աշխատատեղեր չկան, իսկ բարձր աշխատավարձը համարվում է 70-80,000 դրամը:

Արմավիր քաղաքին խմելու ջրով ապահովում է «Նորակունք» ընկերությունը: Ընկերության հավաստիացմամբ, իրենք ջուրը պարբերաբար ենթարկում են լաբորատոր ստուգումների եւ իրենց գնահատմամբ իրենց տված ջուրը մաքուր է: Ըստ ընկերության տնօրեն Արտավազդ Թորոսյանի ` ընտրության հարց է, ճաշակի խնդիր, որ արմավիրցիները նախընտրում են ջուր գնել: Իրենց տված ջուրը վատ չէ, ուղղակի համեմատական առումով որոշակի կոշտություն, համ ունի, ու դա շատերին դուր չի գալիս: Նրա գնահատմամբՙ քաղաքացիներին ավելի շատ աղմուկ են բարձրացնում, քան իրական խնդիրն է:

Թեպետ Թորոսյանը հավատիացնում էր, որ ինքն ու իր ընտանիքի անդամները խմում են ծորակի ջուրը, սակայն իր գրասենյակում դրված էր շշալցված ջուր: Իր խոսքերովՙ մեկ-մեկ էլ սիրտն ուրիշ ջուր է ցանկանում, դրա համար էլ շշալցված ջուր է խմում:

Այս ամենին զուգահեռ Թորոսյանը նաեւ չի հերքում, որ խմելու ջուրը ոչ միայն ժանգոտ է, այլեւ ունի տհաճ համ: Սակայն դա, ըստ պաշտոնյայի, հազարից մեկ է պատահում, իր խոսքերովՙ վթարների հետեւանք է: Թորոսյանի խոսքին հակադարձում են արմավիրցիներն ու հավաստիացնում. եթե ջուրը մաքուր լիներ ու վատ համ չունենար, իրենց բերանից չէին կտրի մի քանի հազար դրամ: «Ինքը մենակ, մենքՙ ամբողջ քաղաքով»,- ասում Արմավիրի բնակիչ Սարգսյան Վրեժը` հավելելով, որ թե Արմավիրում, թե մարզում բոլորն էլ գիտեն, որ իրենց քաղաքի ջուրը խմելու ենթակա չէ: «Ուղղակի ձայն չեն հանում, եղածն ապացույցներն էլ չեն ընդունում, քանի որ ընդունելուց հետո պետք է պատասխանատվություն կրեն ու արդեն մտածեն մաքուր ջուր տրամադրելու մասին: Իրենց ձեռնտու է ասել, որ ջուրը նորմալ է, իրականում բոլորն էլ ջուր գնում են: Մենք մեր թշնամին չենք, որ ծորակից մաքուր ջուր գա, մենք համ դրա համար վճարենք, համ մաքուր ջրի»,- ասում է Վրեժը: Համոզվելու համար ես էլ ծորակից ջուր լցրեցի: Բաժակում բաց դեղնավուն զանգված էր, անսովոր համով:

Արմավիր-Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 03-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ