171 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՐ ԴՊՐՈՑ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Հ. Ծ. «Անադոլու» լրատվական գործակալության համաձայն, սեպտեմբերի 28-ին Ստամբուլում պաշտոնապես բացվել է մի նոր հայկական դպրոց: «171 տարի անց դպրոցական նոր շենք տեղափոխվելը ուրախացնում է բոլորիս: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նախարարներին, քաղաքապետերին եւ հայկական համայնքինՙ հնարավոր դարձնելու համար այս բացառիկ պահը», նշել է այդ առթիվ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսուտ Օզդեմիրը: Դպրոցի շինարարությունը սկսվել է երեք տարի առաջ, շնորհիվ 2008-ին կառավարության ընունած բարեփոխումներին, որոնք փոքրամասնություններին իրավունք էին վերապահում ձեռք բերելու սեփական կառույցներ կամ վերանորոգելու դրանք: Բաքըրքոյի քաղաքապետարանն էլ որոշ հարկերից ազատել էր, հեշտացնելու համար դպրոցի շինարարությունը: Այդուհանդերձ, ըստ Օզդեմիրի, ֆինանսներ հայթայթելը մեծ ջանքեր է պահանջել: Փոքրամասնությունների դպրոցների խնդիրը կանոնակարգված է ըստ 1923 թվի Լոզանի պայմանագրի, որը թույլատրում է հույն, հրեա եւ հայ համայնքներին բացել իրենց դպրոցները երկրում: Չնայած ուսումնական ծրագրերը այդ դպրոցներում հաստատվում են կառավարության կողմից, համայնքները կարող են թուրքերենի կողքին նաեւ դասավանդություն իրականացնել իրենց ազգային լեզուներով: Ներկայիս Ստամբուլում գործում են 22 փոքրամասնական դպրոցներ, որոնցից 5-ը հունական են, 1-ըՙ հրեական եւ 16-ը հայկական, որոնցում սովորում են 3 հազարից ավելի աշակերտներ: Բաքըրքոյի շրջանը գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում: Մինչ այժմ այնտեղ գործում էր մեկ փոքրիկ հայկական դպրոց, որը 170 տարի առաջ կառուցել էր Հովհաննես Դադյան ամիրան: Բնակչության աճի հետեւանքով դպրոցն այլեւս ի վիճակի չէր ընդունելու մեծ թվով աշակերտներ: Նոր դպրոցում մինչեւ 500 աշակերտներ հնարավորություն են ունենալու սովորելու: |