RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1501, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի ոչ մի նախագահ երբեք չի ստեղծի նախագահների ակումբի պես մի բան եւ առավել եւս երբեք չի տա այդ ակումբին` թեկուզ խորհրդատվական որոշումներ կայացնելու իրավասություն: Բանն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր նախորդ նախագահ գործողին դեմ է, իսկ երբ նախորդները շատանում են, ստացվում է, որ Հայաստանի բոլոր նախագահները գործողին դեմ են լինելու, ինչը նշանակում է, որ նախագահաների ենթադրական ակումբում վերջինս միայնակ է լինելու` բոլորի դեմ: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք` «խայտառակություն են, որոնց նպատակը ավազակաբարո ռեժիմի իշխանության հարատեւության պահպանումն է»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ` «Դա մեծ սխալ է, որը ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի ապագայի համար»: Քոչարյանը, հասկանալիորեն, ձեռնպահ է մնացել «խայտառակություն», «ավազակաբարո», առավել եւս` «ռեժիմ» բառերն օգտագործելուց, բայց անգամ այդ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն այս հարցի առնչությամբ չունեն նույն դիրքորոշումը:

Այստեղ, սակայն, ամենահետաքրքրականն է սկսվում: Բանն այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իր անձնական դիրքորոշումը ներկայացնելով նշել է, որ իր համար խորհրդարանական համակարգը ընդունելի չէ, սակայն «եթե այն պետք է մեր երկիրն ավելի ժողովրդավարական եւ բարեկեցիկ դարձնելու համար, ապա...»: Ուրեմն, եթե հաշվի առնենք, որ համաժողովրդական հանրաքվեին, ինչպես եւ համապետական որեւէ ընտրության քաղաքացիները գնում եւ այնտեղ իրենց ընտրությունն են կատարում բացառապես իրենց խղճի մտոք, ապա, ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը հաստատ դեմ են քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, իսկ այ Սերժ Սարգսյանը դեռ տատանվում է` անձնական եւ պետական ցանկությունների միջեւ:

Բայց այս պատմության մեջ, որքան էլ տարօրինակ հնչի, կարեւորն այն չէ, թե ինչ են ասում մեր երեք նախագահները: Անհամեմատ ավելի կարեւոր է, թե ինչ նրանք չենք ասում: Տեսեք, Տեր-Պետրոսյանն, օրինակ, չի ասում, թե ի՞նչ է ինքն անձամբ անելու սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ԵՏՄ-ին մեր երկրի միանալու որոշման պես, անշրջելի են: Այսինքն, շատ լավ, դա «խայտառակություն» է, շատ լավ, դա «նպաստելու է ավազակաբարո ռեժիմի իշխանության հարատեւմանը», բայց հետո՞, ի՞նչ է անելու Տեր-Պետրոսյանը, որպեսզի «ավազակաբարո ռեժիմի իշխանությունը հարատեւ չլինի»: Գուցե սա մարտավարական գաղտնի՞ք է, կամ Տեր-Պետրոսյանն ուղղակի դեռ չի որոշել, կամ էլ պարզապես ոչինչ չի անելու: Համենայն դեպս, հիմա առաջին նախագահը թողնում է «խայտառակությանը» լուռ հետեւելու եւ դրա դեմն առնելու համար որեւէ գործողության համար անընդունակի տպավորություն:

Նույնը երկրորդը` Քոչարյանը: Ինչպես հայտնի է, նա օրերս 2rd.am կայքին մեկհարցանի հարցազրույց տվեց, որի տեսագրությունը, հասկանալի պատճառներով չկա: Կա միայն տեքստը, այդ տեքստում էլ Քոչարյանն ասել է, թե սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են լինելու Հայաստանի ապագայի համար: Բայց ավելի կարեւոր է հասկանալ, թե Հայաստանի ապագայում որտե՞ղ է իրեն տեսնում Քոչարյանը, այսինքն ինքը ի՞նչ է անելու, որպեսզի այդ «մեծ սխալը» տեղի չունենա. օրինակՙ հանրահավա՞ք, օրինակՙ գրո՞հ Բաղրամյանի վրա, օրինակՙ հանրաքվեն տապալելու հրապարակային կո՞չ, ի՞նչ... Հավանաբար` ոչինչ: Ինչն էլ կնշանակի (արդեն նշանակում է), որ Հայաստանի երեք նախագահներից երկուսը զգուշացնում են երկրի ապագային սպառնացող ծայրահեղ վտանգների մասին եւ ոչինչ չեն անում մեր ապագան վտանգազերծելու համար:

Սերժ Սարգսյանն առանձին պատմություն է. մարդը, իր իսկ խոսքերի համաձայն, գնում է ինքնազոհության, մանավանդՙ իր կարծիքով ոչ ճիշտ, բայց պետության համար ճիշտ քայլ, այն է` խորհրդարանական համակարգի ստեղծում: Ընդ որում, ի տարբերություն իր նախորդների, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարում է, թե ինչ է անելու այդ փոփոխություններից հետո: Ճիշտ եք` ոչինչ: Համենայն դեպս նա չի լինելու ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ էլ որեւէ այլ պաշտոնի:

Չնայած այս հանգամանքը, այսինքն Սերժ Սարգսյանի անգործ մնալու հեռանկարը, որոշ հանրապետականների դուր չի եկել, բայց նրանք կարող են չմտահոգվել, քանի որ Հանրապետական կուսակցությունը, եւ կամ շախմատի ֆեդերացիան ղեկավարելը եւս գործ են, ինչը նշանակում է, որ նախագահ Սարգսյանը չի համալրի գործազուրկների բանակը:

Սակայն պարզվում է, որ Սերժ Սարգսյանն էլ մի բան չի ասում հետո-ի հետ կապված: Մասնավորաբար Նյու Յորքի` Քարնեգիի հիմնադրամում ունեցած իր ելույթում Հայաստանի գործող նախագահը հայտարարել է, թե ինքը գիտի ով պետք է լինի Հայաստանի գալիք առաջնորդը, բայց նրա անունը չի տա, որպեսզի չբարդացնի այդ մարդու... մի խոսքով` կյանքը: Այսի՞նքն, Հայաստանը ապագայո՞ւմ էլ առաջնորդ է ունենալու, խորհրդարանական համակարգին անցնելուց հետո՞ էլ: Հուսանք, որ Սերժ Սարգսյանի լռության հարցում մեզ օգնության կգա վերջինիս բանասիրական կրթությունը եւ սահմանադրական փոփոխություններից հետո, երբ նա այլեւս պետական պաշտոն չի զբաղեցնի` իր իսկ խոսքերի համաձայն, կսկսի հիշողություններ գրել, որտեղ ամեն ինչ պարզ կդառնա:

Այնպես որ, շատ հետաքրքրական է անշուշտ, թե ինչ են ասում նախագահները` անկախ վերջիններիս լիգիտիմության մակարդակից, գործող, թե նախկին լինելուց, եւ այլն, բայց ավելի հետաքրքրական է, թե ի՞նչ չեն ասում նախագահները: Օրինակ, վերջին անգամ ե՞րբ են երեքով (առայժմ) հանդիպել եւ զրուցել Հայաստանի ապագայի մասին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ