«ԱՐԱՄ, ԱՐԱՄ» ՖԻԼՄԸ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ Է Հ. Ծ. Հունիսին Լոս Անջելեսի, սեպտեմբերի 1-ին Մոնրեալի կինոփառատոներում եւ այնուհետեւ Ֆրեզնոյում եւ Բոստոնում ցուցադրվելուց հետո «Արամ, Արամ» ֆիլմը Գլենդեյլի «Սիվիկ» կինոթատրոնում է էկրան բարձրանալու, իսկ նոյեմբերի 1-ին էլՙ Ուոթերթաունում: Այս մասին է նշել լոսանջելեսաբնակ ռեժիսոր Քրիսթոֆեր Չեմըրզը, ավելացնելով, որ մեծապես տպավորված է Հայաստան այցելությամբ եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին իր մասնակցությամբ: «Ինձ համար շատ հետաքրքրական էր իմանալ, թե ինչպես են ընդունելու այնտեղ իմ նոր ֆիլմը: Այն անհավատալիորեն ջերմ ընդունելության արժանացավ: Դա մի գողտրիկ պատմություն է 12 տարեկան մի պատանու մասին, որին իր ծննդավայր Բեյրութից արեւելյան Հոլիվուդում (ԱՄՆ) գտնվող «Փոքրիկ Հայաստան» են ուղարկումՙ ապրելու իր պապիկի հետ: Կարծում եմ առաջին ամերիկյան գեղարվեստական ֆիլմն է, որն անդրադառնում է այստեղ ապրող հայերի կյանքին եւ արեւելք-արեւմուտք մշակութային հարաբերություններին», ասել է նա: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանի հաղորդագրության, Չեմբըրզը հաճախել է Կոնեկտիկուտի Ուեսլեյան համալսարանը, այնուհետեւ նաեւ Լոս Անջելեսի ամերիկյան կինոյի ինստիտուտը: Որոշ ժամանակ փորձել է անկախ ֆիլմեր արտադրել, բայց հետո անցել է հեռուստատեսային նկարահանումների: Ծրագիր ծրագրից հետո իրականացնելուց զգացել է, որ ժամանակն է նկարահանել գեղարվեստական ֆիլմ: Արդյունքը եղել է «Արամ, Արամը», որի դերասանական խմբում ընդգրկված են Ջոն Ռուհինյանը, Լեւոն Շարաֆյանը, Սեւակ Հակոյանը, Ալլա Թումանյանը եւ Ինգա Ստամբոլցյանը: |