RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1679, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 3

Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՍԵԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՂՎՈՐ Է»

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Մեր հասարակության մեջ վաղուց արդեն անեկդոտի է վերածվել սփյուռքահայերի այն տիպը, որ քայլում էՙ լայն ժպիտը դեմքին, գոչում է «Մասիսը, մեր Մասիսն այնքա՜ն աղվոր է», գնում է խորհրդանշանային իրեր, Հայաստանում մնում առավելագույնը երկու շաբաթ եւ վերադառնում իր բնակած երկիր:

Առաջին հայացքից նման մարդն ամենեւին էլ արժանի չէ ծաղրի. նա այցելում է իր պապերի հայրենիքը, կամ Արեւմտյան Հայաստանից, կամ Կիլիկիայից արմատներ ունենալու դեպքումՙ իր պապերի երազած անկախ հայրենիքը, տեսնում է Արարատ լեռըՙ մինչ այդ միայն պոետների միջոցով կամ լուսանկարներով իրեն հասած, եւ հեռանում էՙ «կշտանալով» հայրենիքից : Եվ եթե անգամ հայաստանցիները չգիտեն Վարդգես Պետրոսյանի դիպուկ խոսքը, նրանք ենթագիտակցական մակարդակով հասկանում են, որ հայրենիք հասկացության հետ համատեղելի չէ կշտանալու հասկացությունը:

Իսկ Պետրոսյանը հեռավոր 1980 թվականին գրում էր. «Կշտացա՞նք... Այսինքն կշտացա՞նք Երեւանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որտեղ հուշարձան են սարքում 2 միլիոն զոհերի համար: Կշտացանք. կարծես թե հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ»:

Սակայն ոգեւորություն ի սիրտ պետք է նշել, որ հանդիպում են նաեւ յուրահատուկ սփյուռքահայեր, ովքեր գալիս են Հայաստանում բառի բուն իմաստով «կենալու»: Հայաստանի ուսանողական ջոկատներ կազմակերպությունը, հաշվի առնելով նաեւ Խորհրդային Միության տարիներին իր գործունեությունը, արդեն հիսուներորդ տարին կազմակերպում է կամավորական աշխատանքի ճամբարներ Հայաստանում: Այս տարվա ամռանը Բուսաբանական այգում տեղակայված նման ճամբարում որպես կամավոր էին աշխատում ոչ միայն քսանամյա երիտասարդներ, այլեւ երկու հիսունն անց քույրերՙ Մարի-Թերեզ եւ Միշել Չամասյանները:

«Մենք ե՛ւ հորական, ե՛ւ մորական կողմերից հայ ենք, ամբողջովին հայ, բայց առաջին անգամ ենք Հայաստանում,- ժպտում է տիկին Մարի-Թերեզը,- մեզ համար կարեւոր էր հենց այս տարի առաջին անգամ այցելել Հայաստանՙ կապված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ»:

Թե ինչու քույրերը չեն այցելել Հայաստան Ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառումների կիզակետ ապրիլին, պարզվեց խոսակցության կեսից: «Ես չէի ցանկանում պարզապես որպես զբոսաշրջիկ գալ, պտտվել երկրով մեկ եւ հեռանալ: Ես կարիք ունեի ինչ-որ մնայուն բան ինձնից հետո թողնել, Հայաստանի համար որեւէ լավ բան անել: Եվ քանի որ ֆինանսապես չեմ կարող օգտակար լինել Հայաստանին, որոշեցի գործի դնել ձեռքերս», - պատմում է տիկին Մարի-Թերեզըՙ համոզված լինելով, որ քույրը լիովին համաձայն է իր հետ:

Երկու շաբաթ տեւող կամավորական ճամբարի աշխատանքային գործընթացի հիմքը Բուսաբանական այգին մաքրելն էր, վերջին շրջանում այրված տարածքը կարգի բերելը, ավելորդ խոտածածկից ազատվելը: Տարիքն առած քույրերը շոգ արեւի տակ տասը օր շարունակ տքնաջան աշխատել են զվարթ երիտասարդների կողքին եւ շփվել հայրենի բնության հետ: Ճամբարի ջանքերով ամբողջովին բացվել է խոտածածկի տակ գտնվող եւ Բուսաբանական այգու այցելուներին անհայտ կասկադը, ընդհանուր առմամբ այգին վայելուչ տեսքի է եկել:

Աշխատանքային առօրյայից դուրսՙ կազմակերպությունը հոգացել էր նաեւ, որ իր կամավորները այցելեն Հայաստանի տեսարժան վայրերը: Քույրերն ամենից շատ հավանել էին Էջմիածին քաղաքը եւ Սեւանա լիճը:

Քույրերը հայերենով միայն մի քանի արտահայտություն գիտեն. «Ես հայ եմ», «Հայաստանը շատ աղվոր է», «Մենք շատ կսիրենք Հայաստանը»: Եվ նրանց շուրթերից Հայաստանի աղվորության մասին մեկնաբանությունը ամենեւին անեկդոտի թեմայի առիթ չէ, այլ վեպի կամ գոնե հուզիչ պատմության...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ