RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 18:06:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԽԱՂԸ ԳՐԱՎԻՉ Է ԴԱՌՆՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում ոչ թե սոսկ պարտոկրատիա է այսինքն` մեկ կուսակցության իշխանություն, այլ պլուտոկրատիա, այսինքն փողապետություն, փողատերերի իշխանություն` պարտոկրատիայի ցուցափեղկով:Դեմոկրատիա բառի բովանդակությունը, որ մեր երկրի ներկա ու նաեւ փոփոխված սահմանադրություններում առկա է, թե` իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրականում գոյություն չունի, քանի որ կուսակցապետության եւ փողատերերի իշխանության միաձուլման պարագայում դեմոսն առհասարակ անտեսվում է եւ որեւէ դեր չունի:

Այս իմաստով մի փոքր զավեշտալի կարելի է համարել այն լուրջ-լուրջ բանավեճերը, որոնք, անգամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու թույլտվությունն այս շաբաթ Ազգային ժողովում քվեարկությամբ ստանալուց հետո, դեռ շարունակում են դեմ եւ կողմ քաղաքական գործիչները: Ա՛յս, թե՞ նոր սահմանադրությամբ` Հայաստանում իշխելու են փողատերերը, անկախ այն բանից, թե նրանք մեծամասնակա՞ն կարգով են իշխանության գալու, թե՞ կուսակցական ցուցակներով: Արդեն իսկ ներկա սահմանադրությամբ շատ հարուստներ անցյալ ընտրություններին «մուծվել» էին ցուցակի տեղի համար, ըստ տարբեր լուրերի, այն էլ բավական կլորիկ գումարներ, թեկուզ դրանց անունը լինի նվիրատվություն կուսակցության ֆոնդին (ինչը ՀՀ կուսակցությունների մասին օրենքովՙ խիստ սահմանափակ կարող է միայն լինել), եւ դրա արդյունքում հայտնվել կուսակցությունների անցողիկ տեղերում: Նույնը լինելու է նաեւ հարյուր տոկոսանոց համամասնական կարգի ժամանակ` ցուցակների ամեն տասնյակի տասից յոթ-ութը փողատերերը, մի երկուսը որպես ցուցափեղկ խելքատերերն են լինելու, էն էլ էդ մի քանի խելոքներն արդեն իսկ անցնող տարիներին պատգամավոր ու պաշտոնյա լինելու արդյունքում դրամագլխի տեր են դարձել:

Մի կոպիտ օրինակ բերեմ ոչ քաղաքական դաշտից, որ ավելի տեսանելի լինի պլուտոկրատիայի էությունը: Խաղողագործները նոկաուտի մեջ են` խաղողը լցրել են բեռնատարներն ու հերթի կանգնել, գործարարների ունեցած մթերման հնարավորությունը ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ֆինանսապես չի բավարարում լայնածավալ մթերման համար, մարդիկ բառացիորեն լաց են լինում, համաձայն են առանց առձեռն փողի տալ իրենց արդյունքը, միայն թե ընդունեն: Մթերող գործարարները բարկանում են` հո չե՞ն վերցնի խաղողը ու փչացնի, վերցվածն արդեն տեխնիկապես չեն հասցնում երկու-երեք օրում ճզմել ու նախապատրաստել հետագա արտադրության, հո իրենց փողը ջուրը չեն լցնելու: Գագիկ Ծառուկյանը բարկանում է` հո մենակ ինքը չի մթերող, մյուսներին էլ դիմեք, ասում է խաղողագործներին: Արդար լինելու համար նկատենք, որ Ծառուկյանն այն հազվադեպ մթերողներից է, որ արդեն մի քանի միլիոն դոլարի առձեռն գումարով խաղող է մթերել, բայց էլ չի կարողանում: Թվում է` վերջինս ճիշտ է, տասն անգամ ավելի խաղող կա, բայց գործարարները մեկ տասներորդը կարող են մթերել, շրջանը փակվում է:

Սակայն ամբոջ խնդիրն այն է, որ պետությունն ու նրա կարողությունները ժամանակին մանրվեցին մի քանի գործարարների մեջ, նրանք կամաց -կամաց ստանձնեցին պետության դերն այս ու այն ոլորտում, այդ թվում` մթերումների, պետության թողտվությամբ ու հովանավորությամբ, իսկ պետության դերը պետք է լիներ այս պայմաններում ստանձնել ողջ ծավալի մթերումների պատասխանատվությունը: Բայց պատասխանատվությունը կիսվել է այն ժամանակ, երբ առաջացան օլիգարխները, նրանք վերցրին ամեն ինչ, բացի ամբողջական պատասխանատվությունից, հիմա էլ մուննաթ են գալիս; Բա իշխանությունն ու հարուստները, կամ որ այս պահին նույնն է ` պետությունն ու հարուստները նույնական են դարձել, այդ դեպքում գտեք ձեւ ու ստանձնեք պատասխանատվությունը, թե՞ միայն հարստանալ գիտեք:

Նույնն էլ քաղաքականության մեջ է, այստեղ փողն է ամենամեծ դերակատարը, բաշխելիս ամեն ինչ վերցվում է, իսկ երբ պետք է պատասխան տալ` պատասխանատվություն կրողը լղոզվում է: Հենց պլուտոկրատիայի` ինքն իրեն ճանաչելու ու իրենից վախենալու ցուցիչ է նաեւ այն, որ մի փողատիրոջ հայտարարությունը կարող է այնպիսի իրարանցում առաջ բերել քաղաքական դաշտում, ինչպիսին սահմանային լարվածությունն անգամ առաջ չի բերում: Որովհետեւ գիտեն` քաղաքականությունը, ընտրությունների արդյունքը որոշում է փողը, ով ավելի ռեսուրս դրեց, դեպի նա էլ, որպես մեղրի կաթիլին, ձգտելու են տարբեր ռանգի մեր քաղաքականները: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին է, որտեղ նա սահմանադրական փոփոխություններն անվանում է մեծ սխալ, որը երկիրը գլորելու է դեպի դեֆակտո միակուսակցական համակարգ` քաղաքական մենաշնորհ ու լճացում: Եւ Ազգային ժողովի կազմավորման ձեւն է անընդունելի համարում, իսկ կոնկրետ քաղաքական մենաշնորհը սահմանադրական նորմ դարձնելու հետեւանքներն, ըստ նրա, ծայրահեղ վտանգավոր կլինեն Հայաստանի համար:

Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան ծագման կապիտալի ամենախոշոր տիրապետողներից մեկն է, նա ինքը բուծել է անձնական օլիգարխներ, եւ ո՞վ ավելի լավ, քան ինքը գիտի, թե ի՞նչ չարիք է օլիգարխիական կառավարումն ու պլուտոկրատիան ժողովրդի, բայց ոչ իշխողների համար, որոնք ռեսուրս ներդնելով կարող են «հաղթել» յուրաքանչյուր ընտրությունում: Այնպես որ միգուցե ճիշտ են այն իշխանավորները, որոնք Քոչարյանի մինի հարցազրույցը գնահատում են որպես հայտ` խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու եւ իշխանության վերադառնալու առումով: Մանավանդ որ, ըստ որոշ լուրերի` նա թիմ է հավաքում, այդ թիմի կորիզի մեջ են նախկին եւ ներկա ԲՀԿ-ականներ: Տեղեկություններ կան, որ ակտիվ բանակցություններ կան անգամ մի շարք ՀՀԿ-ականների հետ ` այդ թիմի մաս կազմելու: Այնպես որ հասկանալի են այն նյարդային պատասխանները, որ հնչեցվել են իշխանական օթյակներից, թե իսկ ո՞վ է այդ մենաշնորհը հիմնել, կամ` խորհուրդ են տալիս նրան գնալ քաղաքական գնահատականների ճանապարհով:

ԲՀԿ-ում տեղի ունեցողն էլ որոշ առումով այդ նյարդային շարժումների արձագանքն է, երբ Վարդան Օսկանյանի, կամ որ ավելի ճիշտ է` քոչարյանական թեւի պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը հետ կանչվեցին միջազգային պատվիրակություններից, չնայած ԲՀԿ նախագահը խորհուրդ է տալիս տեղի ունեցողը ներկուսակցական խնդիր դիտել միայն եւ հեռուն գնացող եզրահանգումներ չանել:

Զուգահեռ Քոչարյանի այս հայտին` չենք կարող չնշել այն լուրերի մասին, որ ռուսական ազդեցության արիալից մի այլ գործիչ եւս` Արա Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածննդի» հետ համատեղ մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քաղաքական կառույց հիմնադրելով եւ ալյանս ձեւավորելով ՀՎ-ի հետ: Որոշ մեկնաբաններ համարում են, որ քոչարյանական ու այս նոր ստեղծվելիք բեւեռները երկուսն էլ ռուսական շրջանակներից են առնում իրենց իմպուլսները ու հավանաբար նախ միմյանց հետ ճշտելու բան ունեն մինչեւ քաղաքական պայքարի մեջ մտնելը, իսկ էլ ավելի կարեւոր է ներհայաստանյան տրամադրությունների ճշտումը` պահանջարկված են նրանք, թե՞ ոչ: Մյուս կողմից էլ անզեն աչքով անգամ տեսանելի է ներկա նախագահի ու նրան հավատարիմ շրջանակների շտապողականությունը` սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելով` առաջ անցնել քաղաքական բոլոր տեսակի նախաձեռնություններից եւ շարունակել թելադրող մնալ քաղաքական դաշտում, այլ կերպ բացատրել սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու քննարկումների եւ մինչեւ տարեվերջ հանրաքվեի կայացման արագությունըՙ հնարավոր չէ:

Ուրիշ բան, որ քաղաքական փորձառություն ունեցողներն իրականում չեն հավատում Քոչարյանի ու նախագահ Սարգսյանի` տարբեր բեւեռներից հանդես գալու իսկությանը, որովհետեւ անցյալ կա, որտեղ նրանք նույն թիմից էին, մենք նույնիսկ չգիտենք, թե ժամանակին ինչ են պայմանավորվել նրանք, երբ իշխանություն են ընդունել- հանձնել: Արդյո՞ք այժմ էլ դերաբաշխում կա` ուրիշներին մոտ չթողնելու նկատառումով, թե՞, այնուամենայնիվ, այս տասնամյակի ընթացքում բոլոր պայմանավորվածությունները խախտվել են` այս տարբերակն էլ կյանքի իրավունք ունի: Բոլոր դեպքերում Քոչարյանի վերադարձի համար հասարակական ֆոնը բարենպաստ չէ, հավանաբար սա, եւ ոչ թե իշխանական շրջանակներից եկող իմպուլսներն են խոչընդոտը, չնայած միշտ կարելի է սնել հասարակական անբարենպաստ ֆոնը` հմտորեն փայտ գցելով նրա կրակին: Բոլոր դեպքերում պարզ երեւում է` Քոչարյանը չի պատրաստվում առանց պայքարի վերջնականապես թողնել քաղաքական բեմը:

Ցավալին բոլոր դեպքերում մեզ համար մնում է այն, որ քաղաքական խաղերի ու ինտրիգների սարդոստայնում ոչ ոք դեմոսին չի հարցնում` այդպես են վարվել ե՛ւ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստելիս, ե՛ւ քաղաքական դաշտը մշտապես վերաձեւելիս, ե՛ւ ուրիշ շատ հայտնի որոշումների պարագայում: Ուղղակի այս անգամ միշտ առաջնախաղ տանող նախագահ Սարգսյանի դիրքը, երբ Քոչարյանն ու այլք մտնեն ընդդիմախոսության համարյա ամայացած խրամատներ, մի փոքր կբարդանա` Քոչարյանի հայտարարությունն ու մեր տեղեկություններով միգուցե հաջորդ Արա Աբրահամյան-Արթուր Բադասարյան ալյանսի մասին հնարավոր հայտարարությունը կգան խանգարելու խաղը միայնակ վարելու նախագահ Սարգսյանի պլանները, մանավանդ նա վերջերս ասաց` մտքում նախագահի թեկնածու ունի, բայց չի բարձրաձայնում` նրա օրը դժոխային չդարձնելու համար: Կգումարվի «Ոչի» շարժման նպատակների ու բովանդակության հստակեցումը, երբ հասկանալի կլինի, թե ինչ միավորներ են համագործակցում այդ շարժման հետ` մինչեւ հանրաքվեի օրվա որոշակիացումը, այն ժամանակ պատկերը ավելի ընթեռնելի կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ