ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Չորեքշաբթի գիշեր Իրաքի քրդական ուժերը լուրջ նախապատրաստում եւ սպառազինում ստանալուց հետո հիմնավոր հարձակման անցան երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջարի լեռնաշղթայի ուղղությամբ, որը «Իսլամական պետության» (ISIS) կարեւորագույն ամրակետերից էՙ մի կողմից սիրիական ճակատների եւ մյուս կողմից Մոսուլի եւ իրաքյան այլ շրջանների միջեւ: Կապող օղակՙ որի անկումը ճակատագրական է լինելու ջիհադիստների համար: Ճակատագրական է լինելու նաեւ, դրական տեսակետից, քրդերի համար, որոնք հենց այդ եւ հարեւան Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում են ցանկանում ստեղծել իրենց ազգային պետությունը: Ռազմական այս նոր նախաձեռնությունը բացի տեղականից ունի նաեւ միջազգային նշանակություն: Փաստորեն Մ. Նահանգները փեշմերգաներին առաջ մղելով ցանկանում է ոչ միայն ընկճել ջիհադիստներին, այլեւ մանավանդՙ հակակշռել ռուսական տպավորիչ մուտքը սիրիական ասպարեզ, ի նախապատրաստումն տարածաշրջանային քարտեզի հետագա հնարավոր փոփոխությունների, որտեղ քրդական գործոնը կարեւորվում է առավել քան երբեւիցէ: Այդ գործոնի կարեւորումը վստահաբար ունենալու է իր անուղղակի թե ուղղակի ազդեցությունը նաեւ Թուրքիայում բնակվող շուրջ 12-15 միլիոն քրդերի ցանկությունների վրա, որոնք թեեւ նոյեմբերի 1-ի ընտրություններում որոշ ընկրկում ունեցան, սակայն, վստահորեն կարելի է պնդել, չեն հրաժարվելու իրենցՙ առայժմ ինքնավարական ձգտումներից: Առայժմՙ քանզի Արեւմտյան Հայաստանի գրեթե ողջ տարածքի վրա քուրդ ազգաբնակչության խիտ ներկայությունը լրջագույն գրավական է ոչ միայն ինքնավարության համար, ինչ էլ որ լինեն Էրդողանի կամ թուրքական որեւէ այլ իշխանության հակաքայլերը: Երբեւիցէ դա պատահելու է- քրդերը ոչ միայն որպես բնակչություն, այլեւ իբրեւ պետական կազմավորում Հայաստանի Հանրապետության հարեւանն են դառնալու: Իրականություն է դառնալու 90-ական թվականներին թուրքական մամուլում մեր պահանջատիրության երեսին հեգնորեն շպրտված խոսքերը. «Հիմա այդ հողերը ո՞ւմ տանք, ձե՞զՙ հայերի՞դ, թե՞ քրդերին»... Ահա թե ինչու մեր թերթը վերջին շաբաթներին կարեւորությամբ է անդրադառնում- հայաստանյան մամուլում թերեւս միակը-հայ-քրդական, ավելի ճիշտՙ հայկական պահանջատիրություն-քրդական գործոն հարցին, իրար հետեւից հրատարակելով լրջագույն ուսումնասիրություններ ու հոդվածներ մեր նշանավոր արեւելագետ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի եւ հայտնի մտավորական Երվանդ Ազատյանի գրչով: Ի լրումն դրանց, մեր թերթի առաջիկա համարում հրատարակելու ենք պրոֆ. Ն. Հովհաննիսյանի խորիմաստ նոր հոդվածըՙ «Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգում» վերնագրով, որպես այդ թեմայով յուրօրինակ եռագրության վերջին հատված: *** 100 տարի առաջ, նաեւ Սինջարի լեռների վրա, որոնց ազատագրմանն են այժմ լծվել քրդական ուժերըՙ ջիհադիստ հրոսակներից, քուրդ հրոսակները կոտորում էին Եղեռնից մազապուրծ հայերի վերջին խլյակներին: Երբեւիցէ պե՞տք է քրդերին հիշեցնել իրենց ծանր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության գործում: |