ԶՎԱՐՃԱԼԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Հ. ԱՖՅԱՆ Ֆրանսիացի գրող, լրագրող Լեո Տաքսիլի` «Զվարճալի Աստվածաշունչ» գրքի վերնագրից այս հոդվածի վերնագիրը ըստ էության չի տարբերվում, քանի որ Աստվածաշունչն ու արդարադատությունն ըստ էության չեն տարբերվում միմյանցից: Ըստ էության չեն տարբերվում, իրականում, սակայն, տարբերվում են, օրինակ Սողոմոն Քոչարյանին 1995-ին մահապատժի էին դատապարտել ոչ թե Աստվածաշնչի, այլ արդարադատության վրա հիմնվելով: Հիշեցնենք. ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Քոչարյանը դատապարտվել էր բարձրագույն պատժի, որն այդ ժամանակ մահապատիժն էր, իրանահպատակ ադրբեջանցուն սպանելու մեղադրանքով: Ավելի ուշ, երբ մահապատիժը մեր երկրում դարձավ ավելի աստվածաշնչյան` ցմահ ազատազրկում, Քոչարյանի պատիժն էլ վերաձեւակերպվեց` ցմահ ազատազրկում: Նա, մինչեւ վերջերս իր պատիժը կրում էր մեկուսարանում, մինչեւ վերջերս, քանի որ օրեր առաջ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: Ընդ որում, դատարանը նման որոշում կայացրեց ոչ թե հիմք ընդունելով Քոչարյանի գործով նոր մանրամասնությունների ի հայտ գալը, ըստ որոնց էլ Քոչարյանն անմեղ էր, կամ` արդարացի (սրանք տարբեր բաներ են), կամ ոչ թեՙ որովհետեւ Քոչարյանն արդարացվեց, հետեւաբար փաստորեն ընդունվեց, որ նրան բարձրագույն պատիժ տված դատարանը սխալվել է, այլ քանի որ Քոչարյանն ուներ պատժի կրման հետ անհամատեղ հիվանդություններ, եւ ըստ կառավարության համապատասխան որոշման, նման պարագայում ցմահ ազատազրկվածները ենթակա են ազատ արձակման: Այսինքն Սողոմոն Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, բայց ամենեւին էլ չարդարացվեց: Հետեւաբար Սողոմոն Քոչարյանը, ըստ մեր արդարադատության, գործել է մի այնպիսի հանցանք, որի համար արժանի է մեր երկրում ընդունված պատժի առավելագույն տեսակին: Այսինքն` զարհուրելի հանցանք, աններելի հանցանք, մեծագույն հանցանք: Թե որքանո՞վ էր դա այդպես, մենք հիմա, ոչ էլ հետո չենք քննարկի եւ չենք քննարկելու, դրա ոչ կարիքը կա, ոչ էլ իմաստը, հատկապես հիմա, երբ Սողոմոն Քոչարյանն այլեւս չկա. անցյալ կիրակի օրը նա հիվանդանոցում մահացավ... Մահից հետո արդեն հերթն, ինչպես գիտենք, ոչ թե արդարադատությանն է, այլ Աստվածաշնչինը: Մահից հետո էլի օրենքներ են գործում, բայց ուրիշ օրենքներ, ըստ այդ օրենքների` ամեն բան եւ ամեն ոք ներելի են, այդ թվում Սողոմոն Քոչարյանը, հատկապես նա: Քոչարյանին ամփոփեցին Եռաբլուրում, ենթադրում եմ` ըստ աստվածաշնչյան օրենքների, քանի որ արդարադատության բոլոր օրենքներով նա գործել էր մեծագույն պատժի արժան աններելի հանցագործություն: Իսկ նմաններին, թեկուզ մահից հետո, հերոսների մոտ չեն տանում: Ուրեմն Սողոմոն Քոչարյանը չարդարացված անմեղ է: Այդպես լինում է, քանի որ արդարության որոշողը` արդարադատությունն է, անմեղության որոշողը` Աստվածաշունչը: Հենց այդ պատճառով էլ արդարադատությունը եւ նրա օրենքները զվարճալի են, Աստվածաշունչը ե՞ւս, գուցե: Բայց եթե անգամ Աստվածաշունչն ու նրա օրենքները զվարճալի են լինում, ապաՙ միայն Լեո Տաքսիլի կարծիքով: Ի դեպ, անպայման կարդացեք (եթե դեռ չեք կարդացել) «Զվարճալի Աստվաշածունչը», թեկուզ միայն այն պատճառով, որ հեղինակը` Տաքսիլը, իր գրքի մասին ասել է. «Այս գիրքը կպարզաբանի ընթերցողներին, թե ինչին ու ինչու պետք չէ հավատալ»: Հնարավոր է, որ գիրքը կարդալուց հետո չհավատաք հենց Տաքսիլին, այն պարզ պատճառով, որ իրականում նրա անունը ոչ թե Լեո Տաքսիլ էր, այլ Գաբրիել Անտուան Պաժես: |