ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գործնականը տեսությունից տարբերվում է արդյունքների շոշափելիությամբ ու չափելիությամբ, հատկապես երբ հարցն առնչվում է պետությունների, երկրների ներկայացուցիչներին, խորհրդարանականներին: Տեսականորեն դեռեւս առկա է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծում հայտնված եւ ոչ հայանպաստ ձեւակերպումներով աչքի ընկնող երկու զեկույցներիՙ բանաձեւ դառնալու հնարավորության սահմանափակման հեռանկար: Ձախողմանՙ ասել է, թե օրակարգում զեկույցների պահպանման ու դրանց հիման վրա ոչ հայանպաստ բանաձեւերի ընդունման դեպքում վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանիՙ լիազորությունները վայր դնելու առնչությամբ խոսակցությունները ոչ մի հարցի պատասխան չեն տալիսՙ հիմնվելով տեղի ունեցածի համար պատասխանատու լինելու մոտեցման վրա, որն հայ քաղաքական իրականության մեջ բացակայում է: Եվ հետո, միայն Հերմինե Նաղդալյանը չէ, որ վեհաժողովում գործունեություն պետք է ծավալի, ուրեմն լիազորությունները վայր դնելու մասին պիտի խոսեն նաեւ պատվիրակության մյուս անդամները: Այդպիսի ոչ մի սպասում կամ ակնկալիք չունենալով հանդերձՙ հետաքրքրական է, որ տարբեր գերատեսչությունների կողմից աշխատելու մասին հայտարարություն արվում է, սակայն այդ ամենի առարկայական լինելու մասին կիմացվի միայն երկուշաբթիՙ հունվարի 25-ին, երբ Ստրասբուրգում մեկնարկած վեհաժողովի բյուրոն առաջին իսկ քայլով կհաստատի նիստի օրակարգը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, որ եթե անգամ ջանքեր գործադրվել են, ապա որքանով են դրանք արդյունավետ եղել: Ավելի կիրառական ու անմիջական աշխատելու հնարավորություն էր նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցելու համար հունվարի 19-ից մինչեւ այսօրՙ ուրբաթ, հունվարի 22-ը, Ստրասբուրգ են գործուղվել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լեւոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: Սա իսկապես հնարավորություն էր ԵՄ անդամ երկրների խորհրդարանականների հետ անդրադառնալու վեհաժողովում քննարկելիք հարցերին եւ այդ առնչությամբ հայանպաստ դիրքորոշում ձեւավորելու համար: Եվ ինչպես վկայում է հանձնաժողովի ընդունած հայտարարությունը, այս ձեւաչափում գործընկերները նախընտրել են ամրագրել հենց այն մոտեցումը, որի համաձայն ղարաբաղյան հակամարտության բանակցությունների նախընտրելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացն էՙ որպես միջազգայնորեն ճանաչված միակը: Հայտարարությամբ նաեւ կոչ է արվում միջազգային մյուս կազմակերպություններին եւ կառույցներին «համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերումՙ այդ կերպ նպաստելով հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Դժվար թե նման հայտարարությունն իսկապես մտքափոխ անի վեհաժողովականների մեծամասնությանը, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքան էր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայտարարության ազդեցությունը: Հայկական կողմերին առնչվող զեկույցների քննարկման համատեքստում կարեւոր է նաեւ տեղեկությունը, որ տարբեր հարցերում հայաստանյան պատվիրակությանն աջակից ռուսաստանյան պատվիրակները չեն մասնակցելու այս նստաշրջանին, ինչը ավելի ուշ հաստատվեց. Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ որոշում են կայացրել չմասնակցել ձմեռային նստաշրջանինՙ բոյկոտելով այն: Ըստ ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկու, պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին միայն բոլոր լիազորությունները հետ ստանալու դեպքում: Այս մասին տեղեկացնող նամակն ուղարկվել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերինՙ առ այն, որ 2016թ-ին վեհաժողովի աշխատանքներին մասնակցության մասին որոշումը կուղարկվի ավելի ուշ: Միեւնույն ժամանակ, դիտարկվում էր հնարավորությունը, թե մինչեւ նստաշրջանի սկիզբը ռուսաստանյան պատվիրակության բոլոր լիազորությունների վերադարձը կարող է ապահովել նրա մասնակցությունը: Մինչդեռ հունվարի 20-ին ԵԽԽՎ նախագահը ընդամենն ափսոսանք է հայտնել ՌԴ պատվիրակությանՙ ձմեռային նստաշրջանը բաց թողնելու մասին որոշման առնչությամբ: Անն Բրասերը նշել է, թե, ըստ էությամբ ձմեռային նստաշրջանը բաց թողնելու դեպքում Ռուսաստանի պատվիրակությունը չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ գալիք մի քանի նստաշրջաններին եւս: Ստացվում է, որ այս կարեւոր աջակցությունից հայկական կողմը զրկված է լինելու, իսկ մյուս երկրների պարագայում ում հետ ու ինչպես աշխատելու արդյունքները սպասեցնել չեն տա: |