RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1842, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Օսմանյան կայսրությունում քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ վարված «հանդուրժողական» (տոլերանտ) քաղաքականության մասին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ամանորյա հայտարարությունը հիվանդագին ընդունվեց Հայաստանում: Մինչդեռ պարզ է, որ քաղաքական լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ինտելեկտուալ կրոնապետի կողմից արտահայտված այդ միտքը ոչ մի կապ չունի պատմության հետ եւ իր ողջ էությամբ ներքաղաքական բնույթ է կրում: Հատկապես ռուս-թուրքական ներկա լարված փոխհարաբերությունների ֆոնի վրա:

Հանրահայտ է, որ ամեն մի կրոնական առաջնորդ նաեւ պետական-քաղաքական գործիչ է եւ նրա հայտնած շատ մտքեր ու գործողություններ դուրս են հոգեւոր ոլորտից: Այդ նույն ուղղափառ եկեղեցին, ի դեպ, առիթը բաց չի թողնում Վատիկանին հիշեցնելու նրա երբեմնի «նացիստամետ» առնչությունները Հիտլերի հետ: Իսկ այս անգամ նա ինքն է հանդուրժողականություն դրսեւորում օսմանյան «ֆաշիզմի» նկատմամբ:

Դժվար է ասել, թե ինչ չափով կարելի է Կիրիլի խոսքերը դիտել որպես թուրքերին ուղղված հաշտության ակնարկ թե փնտրտուք: Բայց կարելի է համոզված ասել, որ պատրիարքի օսմանամետ հայտարարությունը գերազանցապես ուղղված է ներքին լսարանինՙ ռուսաստանաբնակ մուսուլմանությանը: Եթե հիշում եք, Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ թաթար լրագրողը բացարձակ դժգոհություն հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման բերումով Թաթարստանը լուրջ խնդիրների առջեւ է կանգնում, քանզի այդ «միացեղ» երկրի հետ սերտորեն կապված է տնտեսական, մշակութային, կրոնական եւ շատ այլ թելերով: Եվ սա կարելի է ընդհանրացնել, նկատի առնելով Ռուսաստանի ողջ թյուրքալեզու մուսուլմանությանը:

Ռուսներն իրենք են սիրում հիշատակություններ անել, որ տակավին ռուսական կայսրության ժամանակներից քրիստոնեա-մուսուլմանական հարաբերություններն իրենց երկրում աչքի են ընկել ներդաշնակությամբՙ գրեթե Կիրիլի ներկա հայտարարության նմանակությամբ: Սակայն անցյալ դարի վերջին Հյուսիսային Կովկասում բռնկած «հուզումները» ու հատկապես ռուս-չեչենական զինված հակամարտությունները, բազմաթիվ ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, որ ռուսաստանյան մուսուլմանությունը այնուամենայնիվ պայթուցիկ նյութ է ռուսների համար եւ ոչ մի երաշխիք չկա, որ նա չի կարող նորեն արմատականանալ: Թաթարստանի նախկին ղեկավար Մինտիմեր Շայմիեւը այսօր էլ հաճախ է հիշում, թե իրեն ինչ մեծ դժվարությամբ հաջողվեց չեզոքացնել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թաթարստանը անկախ պետություն հռչակելու կողմնակիցների նկրտումները:

Ներկայումս Ռուսաստանում մոտ 20 միլիոն մուսուլման է ապրում, հիմնականումՙ թյուրքալեզու: Ընդ որում, բնակչության աճի տեմպերը մուսուլմանական տարածաշրջաններում այնքան բարձր են, որ ըստ բազմաթիվ կանխատեսումների, եթե ոչինչ չփոխվի, ներկա դարի կեսերին մուսուլմանները կկազմեն Ռուսաստանի բնակչության կեսը: Խիստ կարեւոր է նաեւ այն պարագան, որ եթե մուսուլմանները, ասենք, Եվրոպայում բուն են դրել եվրոսոդոմականների ոչխարային «հանդուրժողականության» շնորհիվ, ապա Ռուսաստանի մուսուլմանները տեղաբնիկ են: Ուրեմն, համատեղ համերաշխ գոյությունը օբյեկտիվ անհրաժեշտություն է եւ ռուսները այն չեն կարող անտեսել: Այդ թվում նաեւ կրոնական առաջնորդը: Այս ամենը չի ասվում Կիրիլին արդարացնելու համար: Բնավ: Պարզապես անիմաստ է պահանջել, որ նա իր երկրի շահերը ստորադասի հայերի շահերին:

Այդուհանդերձ, նկատի ունենալով միջադեպը, թերեւս իմաստ ունի քննության առնել մի հարց, որն ամենայն հավանականությամբ կարող է նույնպես հիվանդագին ընդունվել Հայաստանում: Այդյո՞ք մենք նույնիսկ մեր երկրում, առավել եւս օտար պետություններում միշտ տեղին ու նպատակային ենք անդրադառնում մեր Ցեղասպանության թեմային: Դեմագոգիայի ինչ տոկոս են պարունակում անկախ Հայաստանի հին ու նոր բոլոր ղեկավարների ելույթները ցեղասպանության առիթով, երբ նրանց իսկ աչքի առաջ եւ ավելի շատ իրենց մեղքով ամայանում է Հայաստանը: Ներկա Հայաստանում քննության համար առաջին առարկան պիտի լինի ոչ թե 15 թվականի Ցեղասպանությունը, այլ նորօրյա շարունակվող սպիտակ ցեղասպանությունը, որը կարող է նույնքան կործանարար լինել ազգի համար: Նզովում ենք Կիրիլին, թե նա ինչու է մոռացության տալիս Հայոց ցեղասպանության փաստը, բայց Հայաստանում ո՜վ է գոնե անհանգստություն հայտնում 1,5 միլիոն արտագաղթածների կապակցությամբ: Համենայն դեպս ոչ չինովնիկները: Գիտեք ինչ մտայնություն է ձեւավորվում կոնկրետ ռուսների մոտՙ անընդհատ խոսում եք ձեր եղեռնի մասին, բայց դա ձեզ բնավ էլ չի խանգարում լքել հայրենիքն ու անկոչ հյուրի պես լցվել Ռուսաստան: Երբ հոծ հայկական համայնքներ են ստեղծվում անգամ սառցաշունչ Մագադանում կամ Նորիլիսկում:

Գերմանիայում անցկացվող տարաբնույթ սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ գերմանացիները սարսափելի հոգնել են, եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ, Հոլոքոսթից: Թեեւ ընդունել են իրենց մեղքը եւ առ այսօր հրեաներին հատուցում են նյութապես ու բարոյապես: Եվ կարծում եք պատահականությո՞ւն է, որ բառացիորեն օրերս այդ երկրում վերահրատարակվեց անցյալ դարի մեծագույն հանցագործիՙ Հիտլերի ինքնակենսագրությունըՙ «Մայն Կամպֆը»: Եվ ովքեր ավելի շատ անհանգստացան այդ կապակցությամբ: Իհարկե հրեաները, որոնք էլ իրենց ցեղասպանության ագրեսիվ տարփողողներն են: Կարդում ես այդ գրքի ռուսերեն թարգմանությունը ու սարսափում, թե այդ մարդատյացը ի՜նչ ցինիզմով ու հետեւողականությամբ է ձեւակերպում իր անտիսեմիտիզմական տեսակետները, չխորշելով նույնիսկ նշելու հրեաների «մարմնական գարշահոտությունը»: Եվ ինչ ստացվեց. «Մայն Կամպֆը» անհամեմատ մեծ պահանջարկ ունի, քան հրատարակված մոտ 5000 օրինակը: Սա մեզ ոչինչ չի՞ հուշում: Ինչու է օր-օրի ուժեղանում հրեաների արտահոսքը Եվրոպայից:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ