ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՍՍԻ ՍԱՐԻԴԸ Հ. Ծ. Յոթանասուհինգ տարեկանում անցյալ դեկտեմբերին վախճանվել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր, կրթության նախկին նախարար Յոսսի Սարիդը : «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, Ամերիկայի Հայկական համագումարում հիշել են նրա հարատեւ եւ չթուլացող ջանքերը Հայոց ցեղասպանության թեման ընդգրկելու դպրոցական ուսումնական ծրագրերում եւ պահանջը, որ կառավարությունը պաշտոնապես ճանաչի այն: Հատկանշական էր, նշել են Համագումարում, Սարիդի ելույթը Երուսաղեմի Հայկական թաղամասում 2000 թվի ապրիլի 23-ինՙ Եղեռնի 85-ամյակի առթիվ: Այնտեղ էր, որ նա վստահեցրեց, թե ներառելով ուսումնական ծրագրերում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, ծրագրում է իսրայելցի երեխաներին ծանոթացնել հայերի Ցեղասպանության փաստի հետ: «Մենք որպես հրեաներ եւ մահացու ատելության զոհեր կրկնակի պարտավորություն ունենք կարեկից լինելու այլ ազգերի հետ պատահած ողբերգությունների հանդեպ», ասել էր նա: Հակառակ գործադրած ջանքերին, նրան չհաջողվեց իրականացնել իր երազանքը: «Այդ պատճառով էլ իսրայելցի աշակերտներն ու ուսանողները ոչինչ չգիտեն հրեաներից բացի նացիստների կողմից բնաջնջված այլ ազգությունների ներկայացուցիչների մասին: Խոսքս գնչուների, քաղբանտարկյալների, հիվանդանոցային հոգեկան հիվանդների, ֆիզիկական թերություններ ունեցողների, լեհերի, ռուս ռազմագերիների մասին է: Բայց միայն նրանք չէ, որ մոռացված են: Այստեղ հետաքրքություն չկա նաեւ հայերի, բոսնիացիների եւ ռուանդացիների ցեղասպանությունների վերաբերյալ», հետագայում գրել էր նա «Հաարեց» թերթի 2003 թվի ապրիելի 16-ի համարում: Նա Երեւան էր այցելել 2005 թվին մասնակցելու Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումներին եւ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: «Նրա ջանքերը, այդուհանդերձ, շարունակվելու են», հավաստիացրել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: |