Ո՞Վ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ «Նեոօսմանիզմ», ցեղասպանություն Որքան մոտենում է Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման բանակցությունների սկիզբը, աշխարհում այնքան ավելի շատ են հիշում մերձավորարեւելյան քրիստոնյաների դժբախտությունները: ԱՄՆ-ում կաթոլիկների եպիսկոպոսությունը, մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջում են Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների կատարած չարագործությունները ճանաչել իբրեւ ցեղասպանություն: Օրերս համանման պահանջով հանդես են եկել նաեւ Մեծ Բրիտանիայի որոշ լոբբիստական խմբեր: Լոնդոնցի կաթոլիկների Catholic Herald կայքէջը հաղորդում է, որ 60-ից ավելի պատգամավորներ վարչապետ Դեյվիդ Կեմերոնին գրած նամակում խնդրել են ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրել, որպեսզի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների եւ մյուս փոքրամասնությունների սպանությունները ճանաչվեն իբրեւ ցեղասպանություն: Նամակ-դիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Սա լոկ իմաստաբանության հարց չէ: Կա երկու պատճառ: Առաջին, ՄԱԿ-ի նմանօրինակ որոշումը այդ սպանդը կազմակերպողների եւ իրականացնողների համար կլինի հստակ ազդանշան, որ ապագայում իրենք միջազգային ընկերակցության առջեւ պատասխանատվություն կկրեն իրենց արարքների համարՙ կձերբակալվեն, կդատվեն եւ կպատժվեն: Երկրորդ, դա Ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու կոնվենցիան ստորագրած 127 երկրներին կդրդի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ոճրագործությունները կանխելու նպատակով»: Ի դեպ, 2015 թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել էր քննության առնել «Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների սպանդը եւ արտաքսումը» իբրեւ ցեղասպանություն ճանաչելու հարցը, թեեւ որոշ նախարարներ հասկացրել էին, որ իրենք այնքան էլ չէին ուզենա օգտագործել այդ եզրույթը: Մերձավոր Արեւելքում Իսրայելը իրեն համարում է այն միակ պետությունը, որը պաշտպանում եւ օգնում է տեղի քրիստոնյաներին: Այդ մասին 2015-ի տարեվերջին հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հրեական պետությունը բնութագրելով որպես քրիստոնյաների «բարեկամ երկիր» եւ վերջիններիս ներկայացնելով իբրեւ «մահմեդական մեծամասնության խտրականության ու բռնության զոհեր»: Այդ մասին հաղորդեց Վատիկանի Agenzia Fudes լրատվական գործակալությունը: Մերձավորարեւելյան կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ Իսրայելի վարչապետի նկատառումները շարադրվեցին Իսրայելի քրիստոնեական հավաքագրման համաժողովի ամենամյա հավաքի մասնակիցներին ուղղված նրա տեսաելույթում: Այդ կազմակերպությունը, որի ղեկավարը իսրայելցի հույն ուղղափառ հոգեւորական Գավրիիլ Նադդաֆն է, օժանդակում է երկրի բանակում քրիստոնյա նորակոչիկների հավաքագրմանը: Նաթանյահուն երախտագիտության խոսքեր ասաց համաժողովի մասնակիցներին, նշելով, որ նրանց գործունեության շնորհիվ Իսրայելի բանակում քրիստոնյա զինվորների թիվը մշտապես ավելանում է: 2015 թվականին հավաքագրվել է 200 քրիստոնյա նորակոչիկ, ինչը էական աճ է նախորդ տարվա համեմատությամբ: «Դուք շատ լավ գիտեք, որ մեր տարածաշրջանը պատերազմի բոցերի մեջ է, Իրաքում, Սիրիայում, եւ, ցավոք, Պաղեստինյան ինքնավարությունում քրիստոնյաները տառապում են արմատական իսլամից: Նրանց համայնքները ենթարկվում են հալածանքների, բազմաթիվ մարդիկ կյանքից զրկվել են հանուն իրենց հավատքի: Արմատական իսլամը որեւէ տարբերություն չի դնում քրիստոնյաների, հուդայականների եւ մահմեդականների միջեւ, որոնք մերժում են ծայրահեղականության այդ դրսեւորումը: Ջիհադիստների համար նրանք բոլորը անհավատներ են, որոնց հարկավոր է սպանել: Այսօր, ավելի քան երբեւիցե, պարզ է դառնում, թե Մերձավոր Արեւելքում փոքրամասնություններին պաշտպանող միակ պետությունը, որտեղ քրիստոնյաներն ապրում են խաղաղության մեջ, եւ որտեղ նրանց համայնքը աճում է: Դա Իսրայելն է», հայտարարեց Նաթանյահուն: (Համաժողովի մասնակիցներից որեւէ մեկը հարց չուղղեց վարչապետին, թե քրիստոնյաների պաշտպանի դերում Իսրայելը ինչո՞ւ իր սահմանները չի բացել Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաների առաջ: Խմբ.:) «Արաբական գարնան» սկզբնավորումից եւ նամանավանդ «Իսլամական պետության» ստեղծումից ի վեր մերձավորարեւելյան քրիստոնյաների վիճակը փոփոխվել է «վատից» մինչեւ «սարսափելիի» միջակայքում: Առաջին հարվածն իրենց վրա ընդունեցին Եգիպտոսի բնիկներըՙ քրիստոնյա ղպտիները, բայց հենց նրանք էլ 2013 թ. գեներալ աս-Սիսիի գլխավորությամբ բանակի իրականացրած հեղաշրջման շնրհոիվ առաջինը հասան քիչ թե շատ կայուն վիճակի: Ինչ վերաբերում է դեռեւս ծանր պայմաններում գտնվող Իրաքին, այնտեղ ԻՊ գրոհայինները Նինվեի հարթավայրից արտաքսել են քրիստոնյաներին, որոնք կարողացել են ապաստան գտնել քրդերի մոտ: Եվ եթե Իրաքյան Քրդստանը համարենք դե-ֆակտո կայացած պետություն, ապա Իսրայելից հետո դա երկրորդ պետական կազմավորումն է, որը կրոնական փոքրամասնություններին օգնում է գոյատեւել եւ նույնիսկ առաջարկում է ապագայի ինչ-որ հեռանկար: Առայժմ հույսի շող չի նկատվում Լիբիայի քրիստոնյաների համար: Ավելին, Սիրիայից եւ Իրաքից ջիհադիստների արտաքսմանը զուգընթաց նրանց վիճակը միայն կվատթարանա: Բուն Սիրիայում դրական տեղաշարժ է նկատվում այն բանից հետո, երբ նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին ռուսական օդուժը սկսեց հարվածներ հասցնել «Իսլամական պետության» զինապահեստներին, ճամբարներին եւ նավթատար մեքենաներին: Ռուսաստանի օրինակին փորձում են հետեւել Ֆրանսիան եւ Գերմանիան, տարածաշրջանում ջանքերն ակտիվացրել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված կոալիցիան: Սակայն, ինչպես նշում է Ռեգնում գործակալությունը, տագնապ է հարուցում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ եւ Թուրքիայի մասնակցությամբ այսպես կոչված «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի» ստեղծումը: Մտահոգության առաջին պատճառն այն է, որ տվյալ կոալիցիայի իսլամական բաղադրիչը սահմանափակվում է հիմնականում սուննիներով, ինչը ապագայում կարող է խորացնել հակամարտությունը բուն մահմեդական միջավայրում: Երկրորդ պատճառը, կաթոլիկ փորձագետների մեծամասնության կարծիքով, այն է, որ սաուդցիների աշխարհաքաղաքական նկրտումները ներկայումս կապված են առավելապես Եմենի հետ: Ավելացնենք եւս մեկ էական պատճառ: Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Թուրքիան հայտնի են որպես Բաշար Ասադի թշնամիներ եւ ահաբեկչական «Իսլամական պետության» աջակիցներ: Հարց է ծագում. նրանց հիմնած կոալիցիան ինչպե՞ս է պայքարելու ահաբեկչության դեմ: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ԻՊ վայրագությունների ասպարեզ դարձած Սիրիայով եւ Իրաքով ստիպված կլինի զբաղվել ոչ թե «իսլամական կոալիցիան», այլ մեկ ուրիշը: Տվյալ համատեքստում երկու երկրներում ջիհադիստների գործած ոճիրները Արեւմուտքի առանձին երկրների կամ ՄԱԿ-ի մակարդակով իբրեւ Ցեղասպանություն ճանաչելը կունենա կարեւոր հետեւանքներ, ըստ որումՙ ոչ միայն մարդասիրական տեսակետից: Հետեւանքները զգալի կլինեն հատկապես Թուրքիայի համար: Երբ Էրդողանի եւ Դավութօղլուի վարչակարգը նոր-նոր էր սկսում զարգացնել «նեոօսմանիզմի» քաղաքականությունը, դա ընկալվում էր որպես նահանջ հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսությունից եւ կրոնական գործոնի ամրապնդում երկրի կյանքում: Ոմանք ասում էին, թե Թուրքիայում տեղի է ունենում իսլամացում, թեեւ դա տարօրինակ էր հնչում. եթե թուրքերը իսլամ են դավանում, ապա զարմանալի կլիներ դրա համար նրանց մեղադրելը: Բայց հետո կառավարող վարչակարգը բացահայտեց իր իսկական նկրտումները: Անկարան սկսեց խոսել Սայքս-Պիկոյի պայմանագրի սահմաններում Մերձավոր Արեւելքում հաստատված աշխարհակարգի մերժման մասին եւ ի հայտ բերեց տարածաշրջանում նախկին Օսմանյան կայսրության դերը խաղալու հավակնություն: Եվ եթե անցյալում մամուլը Էրդողանին «սուլթան» էր անվանում միայն չակերտներում, ապա ներկայումս թուրք նախագահն իրեն այնպես է պահում, ասես ուզում է դեն նետել չակերտները: Ինչպես գրում է լեհական Polonia Christiana կաթոլիկական կայքէջը, Էրդողանը «պահպանում է անսահմանափակ իշխանություն եւ կառուցում է ամբողջատիրական պետություն, որտեղ կենտրոնական դեր է խաղում իսլամը: Նա քայլ առ քայլ պետությունը դարձնում է պակաս աշխարհիկ, ինչը դուր է գալիս սուննիների մեծ մասին, խուսավարում է Արեւմուտքի եւ «Իսլամական պետության» միջեւ, վերահսկելով Եվրոպայում գաղթականների ճգնաժամի առաջացրած քաոսը, քանի որ այդ ալիքը գալիս է հիմնականում Բոսֆորից... Չէ որ դա դիկտատուրա է, որի պայմաններում ոչ թուրքական ծագում ունեցող եւ սուննիզմ չդավանող քաղաքացիները դուրս են մղվում հասարակության ծայրամաս: Քրդերը, շիաները, հայերը, ասորիները, կաթոլիկները, բողոքականները ենթարկվում են հալածանքների: Կաթողիկե եկեղեցին նույնիսկ իրավաբանական կարգավիճակ չունի»: Մինչեւ օրս Անկարան լուրջ եւ զանգվածային քննադատության չի ենթարկվել կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման համար: Սակայն իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել: Թուրքական Hurriyet Daily News ընդդիմադիր թերթը 2015 թ. տարեվերջյան համարներից մեկում հրապարակեց ռեպորտաժ այն մասին, թե ինչպես Սիրիայից եւ Իրաքից Թուրքիա փախած մոտ 45 հազար քրիստոնյաներ ստիպված են թաքցնել իրենց կրոնական ինքնությունը: Այդ հայ, սիրիացի եւ քաղդեացի քրիստոնյաների մեծ մասը ներկայումս ապրում է անատոլիական փոքր քաղաքներում: Ստամբուլում ասորական եւ հայկական պատրիարքարանները, հասարակական կազմակերպությունները օգնություն են ցուցաբերում գաղթականներին, բայց վերջիններիս խնդիրները բնավ չեն սահմանափակվում ֆինանսական դժվարություններով: Հայերի համար իրավիճակն ունի պատմական չափում, քանի որ նրանք վերադառնում են այն տարածքները, որոնք իրենց նախնիները ստիպված եղան լքել 100 տարի առաջ: Սակայն, ինչպես գրում է թուրքական թերթը, ներկայիս գաղթականները օտարների ներկայությամբ եւ հասարակական վայրերում ստիպված են ձեւանալ մահմեդականներ եւ թաքցնել քրիստոնեական խորհրդանշանները: Եթե վերոհիշյալ ռեպորտաժի բնույթի հրապարակումները լույս տեսնեն գրեթե ամեն օր, ըստ որումՙ ոչ միայն թուրքական, այլեւ օտարերկրյա հրատարակություններում, եթե իրավիճակն արժանանա միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների եւ իրավապաշտպանների ուշադրությանը, եթե Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը քննարկման եւ հայտարարությունների ընդունման առարկա դառնա աշխարհի ազդեցիկ տերությունների խորհրդարաններում, ապա Էրդողանի ու Դավութօղլուի վարչակարգը երկար չի դիմանա, քանզի առանց այդ էլ կենտրոնախույս նոր գործընթացներ են սկսվել Թուրքիայի հարավարեւելյան որոշ շրջաններում: Ինչպես նշում է Ռեգնում գործակալությունը, հատկապես կարեւոր է ՄԱԿ-ի մակարդակով մերձավորարեւելյան քրիստոնյաների ցեղասպանության խնդրի ճանաչումը, ինչը անխուսափելիորեն քննարկման թեմա կդարձնի Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության հարյուրամյա վաղեմության պատմությունը: Այնպես որ այսօր, սիրիացի եւ իրաքցի քրիստոնյաներից հետո, աշխարհաքաղաքական պայքարի առաջին պլան են մղվում Հարավային Կովկասի քրիստոնյաները, նախ եւ առաջ հայերը, որոշակի հանգամանքներում (ըստ Ռեգնումի)ՙ գուցե նաեւ վրացիները: |