RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2406, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔՙ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄՈԴԵՌՆԻԶՄԻ» ՄԵՌՅԱԼ «ՀՈՒՇԱՐՁԱՆԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ իմաստ ունի այն պահպանելը, ո՞ւմ հաշվին, ի՞նչ պետք է զոհենք եւ ո՞ւմ հավակնությունների համար

Ռացիոնալ (տրամաբանական եւ հիմնավորված) մտածողության պակասն այսօր Հայաստանի հասարակական կյանքի գլխավոր խնդիրն է, որին բախվում ենք անընդհատ: Դրա հետեւանքով, միակողմանի տեղեկատվական եւ քարոզչական լրահոսի ազդեցությամբ, այս կամ այն խնդրի առնչությամբ ձեւավորվում է դրա խորքային պատճառները անտեսող հասարակական կարծիք: Նման օրինակներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի շուրջ ստեղծված վիճակն է, որը կրկին դարձել է քննարկումների առարկա այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը հին օդանավակայանի օղակաձեւ շենքի էստակադայի ապամոնտաժման թույլտվություն տվեց օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը:

Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը, նոր «մաստեր պլանի» համաձայն, պետք է ընդլայնի նորակառույց օդանավակայանը, ինչի կառուցման համար, ի դեպ, անցած տարիների ընթացքում կատարել է ավելի քան 320 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, բոլորս ենք տեսնում, թե ինչ ժամանակակից եւ հարմարավետ օդանավակայան ունենք մենք այսօր, որը Հայաստանի անկախության շրջանիՙ թե կարեւորությամբ, թե ներդրումների ծավալով թերեւս ամենանշանակալի կառուցն է: Սակայն դա չի խանգարում, որ մի խումբ ճարտարապետներ հերթական անգամ անձնական հավակնությունները վեր դասեն ամեն ինչից եւ հարայ-հրոց բարձրացնեն, ինչպես իրենք են անվանում օդանավակայանի հին շենքինՙ «սովետական մոդեռնիզմի հուշարձանի» պահպանման համար: Դրան հետեւում է հայհոյանքի ծարավ ամբոխի «ամեն ինչ քանդում են» արտահայտությամբ սկսվող անմտությունների հեղեղը, որտեղ, բնականաբար, ոչ ոք ինքն իրեն եւ հարայ-հրոցի հեղինակներին չի տալիս հետեւյալ հարցերը.

1. Ո՞րն է օդանավակայանի հին շենքը պահպանելու իմաստը:

2. Որպես ի՞նչ է պահպանվելու այդ շենքը:

3. Ո՞ւմ հաշվին է պահպանվելու այն:

4. Ի՞նչ ազդեցություն է դա ունենալու գործող օդանավակայանի ծառայությունների սակագների վրա:

5. Ինչո՞ւ պետք է հանուն հին շենքի պահպանման հրաժարվենք նոր օդանավակայանի ընդլայնումից:

6. Ենթադրելի՞ է, որ օդանավակայանի նոր շենքի ճարտարապետը նույնպես 30 տարի հետո պետք է պահանջի, որ իր նախագծած շենքը պահպանվի որպես հուշարձան:

Քչերը կփորձեն խորհել այս հարցերի շուրջը: Չէ՞ որ կա ավելի հեշտ տարբերակըՙ դեմ ենք եւ վերջ: Փորձենք պատասխանել այս հարցերին, որոնց թերեւս կարելի է ավելացնել այլ հարցեր եւս, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով:

1. «Զվարթնոցի» հին շենքը վերակառուցելու եւ որպես օդանավակայան պահպանելու առաջարկը պարզապես անհեթեթություն է: Այն անգամ որպես օդանավակայան գործելու ժամանակ աչքի էր ընկնում նախագծային թերություններով եւ անհարմարավետությամբ: Այն տարիներին օդանավակայանից օգտվողները կհիշեն այդ անհարմարությունները: Բավական է նշել միայն նեղլիկ եւ գրեթե առանց նստելու տեղերի սպասասրահները: Դա իսկապես բոլոր առումներով տիպիկ սովետական օդանավակայան էր եւ երեւի չէր էլ ենթադրվում, որ հետագայում նման հնչեղ կերպով էր անվանվելուՙ «սովետական մոռեդնիզմի հուշարձան»: Վերջապես, եթե այն հնարավոր լիներ գործածել, ապա նորը կառուցելու անհրաժեշտությունը չէր լինի: Որպես օդանավակայան հին շենքը, ինչպես ասում են, ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է եւ անգործածելի:

2. Պահպանել որպես հուշարձան այն դեպքում, երբ դա երբեք այդպիսին չի համարվել եւ միայն հիմա, հետին թվով փորձում են նման կարգավիճակ ձեռք բերել, նույնպես անհասկանալի է: Ի՞նչ հուշարձան է դա, ո՞վ է այցելելու այդ հուշարձանը, ի՞նչ տեսնելու համար, ի՞նչ գրավչություն ունի, կա՞ Հայաստանի մի բնակիչ, որ մինչ այս աղմուկը հին օդանավակայանը իր հյուրերին ներկայացնի որպես հուշարձան եւ ո՞վ դա կընկալի որպես այդպիսին: Դա ոչ Գառնու տաճար է, ոչ Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիր, ոչ օպերայի շենք: Չի կարելի համեմատել անհամեմատելին: Այս տրամաբանությամբ պետք է պահպանվեն նաեւ 4-րդ կարգի վթարային եւ անպիտան դարձած բնակելի շենքերը, քանի որ նրանց նախագծողները նույն իրավունքը կունենան դրանք անվանելու հուշարձան-շենքեր:

3. Ո՞ւմ հաշվին պետք է վերակառուցվի եւ պահպանվի հին շենքը: Պետական բյուջեի՞, այսինքն մեր բոլորիս վճարած հարկերի՞: Քանի՞ տասնյակ միլիոն դոլար դա կարժենա, եւ միայն նրա համար, որ ոմանք իրենց կառուցած շենքը համարում են հուշարձան:

4. Գուցե կոնցեսիոների հաշվի՞ն փորձեն պահպանել այդ շենքը: Այդ դեպքում հին շենքի պահպանման ծախսը դարձյալ մենք ենք վճարելու, քանի որ կոնցեսիոները անպայման այդ ծախսը կներառի իր ծառայությունների ինքնարժեքի մեջ, ինչն էլ իր հերթին կանդրադառնա թե՛ դրանց, թե՛ ավիատոմսերի գների վրա: Խոսում ենք մեր օդանավակայանի թանկ ծառայությունների եւ ավիատոմսերի թանկ գների մասին, բայց դրանց թանկացման եւս մեկ հնարավորություն ենք ստեղծում:

5. Նոր օդանավակայանը կառուցվել է մինչեւ հնի քանդումը, եւ ասել, թե ամեն ինչ քանդում են եւ տեղը ոչինչ չեն կառուցումՙ այս դեպքում ստախոսություն է: Հիմա նպատակ եւ ծրագիր կա ընդլայնելու օդանավակայանը, հնարավորություն ստեղծել ավելի մեծ թվով ուղեւորներ սպասարկելու, ինչը մեր օդանավակայանը տարանցիկի վերածելու հնարավորություն է տալիս, դրանից բխող դրական հետեւանքներով: Հիմա ի՞նչ, հրաժարվե՞նք դրանից եւ Էռնեքյանին ասենքՙ մի արեք դա: Չմոռանանք, որ շրջափակման եւ պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք եւ հասկանանք հարմարավետ եւ ժամանակի պահանջներին համապատասխանող օդանավակայանի նշանակությունը: Առավել եւսՙ այդ ամենը չզոհենք հանուն իրենից գործնական, նյութական եւ որեւէ այլ արժեք չներկայացնող եւ իրեն սպառած շինության:

6. Հին շենքի հեղինակների տրամաբանությամբ, օդանավակայանի նոր շենքի ճարտարապետը նույնպես, 30 տարի հետո, երբ օդանավակայանների սպասարկման եւ պահպանման նոր պահանջներ, հետեւաբար եւ նոր շենքի կառուցման կարիք լինի, պետք է այս դեպքում էլ պահանջի որպես «հետխորհրդային մոդեռնիզմի հուշարձան» պահպանել իր նախագծած շենքը: Եվ այդպես ամեն 30 տարին մեկ: Արդյունքում Արարատյան դաշտում հարյուրավոր հեկտարների վրա կստեղծենք օդանավակայանների գերեզմանոց:

Ի վերջո, նկատի ունենալով այս ամենը, կսկսե՞նք գործել տրամաբանությամբ եւ ռացիոնալ մտածողությամբ: Ամենատարօրինակն այս հարցում օդանավակայանի ընդլայնման նոր «մաստեր պլանը» հաստատած կառավարության, ոլորտի լիազոր մարմին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, հենց իր` կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի օլիմպիական հանդարտությունն ու պարզաբանումներով ու հիմնավորումներով հանդես գալուց հրաժարվելն է, ինչի հետեւանքով էլ շատ հաճախ, այդ թվում նաեւ այս դեպքում, ձեւավորվում է միակողմանի եւ սուբյեկտիվ հասարակական կարծիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ