RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1686, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԼՈՆԴՈՆԸ ԵՎ ԼՈՆԴՈՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս օրերին Անգլիան իր տեղը չի գտնում: Ընդ որում դա պայմանավորված չէ ո՛չ նավթի համաշխարհային գների անկումով, ո՛չ հարեւան (եթե իհարկե Անգլիան հարեւաններ ունի) Ֆրանսիայի տնտեսությունում սահմանված պարտադիր խնայողությունների հարցով, ո՛չ իսլամիստ ծայրահեղականների հրապարակած նորՙ Լոնդոնը պայթեցնելու վերաբերյալ տեսաուղերձի, ոչ էլ անգամ արքայազն Ուիլյամի ճաղատության փաստի հետ եւ կամ այն փաստի, որ Պրիմիեր լիգայում նորեկ «Լեյսթեր»-ն է առաջատարը: Անգլիան, ես կասեիՙ Մեծ Բրիտանիան իր տեղը չի գտնում, որովհետեւ Լոնդոնում, հասկանո՞ւմ եքՙ Լոնդոնում լոնդոնցիները օրը ցերեկով վիրավորել են Թուրքիային:

Այսպես, այս օրերին Թուրքիայի վարչապետը Լոնդոնում էր եւ երբ նա գնացել է վարչապետ Քեմերոնի հետ հանդիպման, մի խումբ լոնդոնցի եւ, ինչը հատկանշական է, այդ թվում ազգությամբ թուրք ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպելՙ ընդդեմ Դավութօղլուի Լոնդոն կատարած այցի: Ցուցարարները բղավել են, օրինակՙ «Դավութօղլու, մարդասպան», «Դադարիր ցեղասպանությունը, Թուրքիա», իսկ կոնկրետ ազգությամբ թուրք լոնդոնցիները, հեգնելով իրենց երբեմնի վարչապետին, բղավել ենՙ «Դավութ, սա Անգլիան է, սա ձեր ֆաշիստական Թուրքիան չէ, այստեղ մենք անում ենք այն, ինչ ուզում ենք անել»: Իհարկե, դժվար է ասել, թե արդյոք լա՞վ է, որ Լոնդոնում մանավանդ ազգությամբ թուրքերը կարողանում են անել այն, ինչ ուզում են, բայց սա այլ խոսակցության թեմա է:

Մի խոսքով, իրեն ջերմորեն դիմավորած այդ ցուցարարներին դիվանագիտորեն ժպտալով Դավութօղլուն մտնում է այն վայրը, որտեղ նրան սպասում է Բրիտանիայի վարչապետը: Ըստ երկկողմ պաշտոնական տեղեկությունների, վարչապետները խոսել են միջպետական հարաբերություններից, կարեւորելով դրանց ամրապնդումը, միջազգային որոշ խնդիրներից, եւ այլն... Հանդիպումից հետո արդեն, ըստ թուրքական մամուլի, վարչապետ Քեմերոնը Անգլիայի անունից ներողություն է խնդրել Թուրքիայիցՙ ցուցարարների պահվածքի համար, ընդ որում, սրան զուգահեռ, Սքոթլանդ-յարդը ցուցարարներից ոմանց ձերբակալել է:

Բայց այս պատմությունըՙ այս մասով, եթե կարեւոր էլ է, ապա թերեւս միայն Թուրքիայի (թուրքերի) եւ Մեծ Բրիտանիայի (բրիտանացիների) համար, գուցե նաեւ Մոնղոլիայի եւ մոնղոլների, որոնք, ինչպես գիտենք, մեծապես հետաքրքրված են աշխարհի անցուդարձով... Ինձ այս պատմությունը հետաքրքրական թվաց բոլորովին այլ մասով: Տեսեք, համաձայն որոշ լոնդոնցիների եւ, ինչն ամենակարեւորն էՙ ազգությամբ թուրք լոնդոնցիների, Թուրքիան ցեղասպան պետություն է, թե հիմա ցեղասպանել է հայերի՞ս, թե՞ ցեղասպանում է քրդերին, այս պահին կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ երկիրը ցեղասպան պետություն է, համաձայն այդ երկիրը լքած լոնդոնցիների: Մյուս կողմից, համաձայն պաշտոնական Լոնդոնի, Թուրքիան ցեղասպան պետություն չէ, ավելինՙ եթե որեւէ մեկը նրան անվանում է ցեղասպան, ապա պետք է ներողություն խնդրի: Ենթադրենք, Փարիզում եթե Էրդողանին կամ նույն Դավութօղլուին անվանում են ցեղասպան, ինչը շատ հնարավոր է, հաշվի առնելով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա ըստ Քեմերոնի տրամաբանության նախագահ Օլանդը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից:

Ի՞նչ է այս ամենը նշանակում. մի շատ պարզ բանՙ որ աշխարհը, նկատի ունեմՙ Լոնդոնը, Փարիզը, Նյու Յորքը, Մոսկվան, Սիդնեյը,... վաղուց արդեն հասկացել են, գիտեն, որ Թուրքիան ցեղասպան պետություն է: Հետեւաբար, երբ մենք ձգտում ենք, որ աշխարհը ճանաչի մեր Ցեղասպանությունը, իրականում պետք է ճշտենք, թե աշխարհ ասելով ի՞նչը նկատի ունենք: Մյուս կողմից, պաշտոնական Լոնդոնը, Վաշինգտոնը, եւ այլն, ոչ միայն չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ դրա ցանկությունը չունեն: Եւ այս իրավիճակը շատ է նման Հայաստանում յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո ստեղծվող իրավիճակին. Երբ ժողովուրդն ընտրել է այլ բան կամ մեկին, իսկ իրականում ընտրվել է այլ բան կամ մեկը: Այսինքն, երբ վարչապետ Քեմերոնը ներողություն է խնդրում Թուրքիայիցՙ Անգլիայի անունից, գուցե եւ թագուհի Եղիսաբեթը նրա հետ համաձայն է (ի դեպ, Աստված, պահպանիր թագուհուն), բայց այ լոնդոնցիները, ինչպես տեսնում ենք, ոչ: Եւ քանի որ վարչապետ Քեմերոնը ասում է մի բան, որի հետ լոնդոնցիները համաձայն չեն, ուրեմն նա չի կարող այդ բանն ասել լոնդոնցիների անունից, քանի որ այդ պարագայում նա լոնդոնցիներին չի ներկայացնում: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի մաս կազմող Ուելսն ու Շոտլանդիան էլ չի ներկայացնում, որոնց խորհրդարանները վաղուց արդեն ճանաչել են, որ Թուրքիան ցեղասպան պետություն է եւ կոնկրետ ցեղասպանել է հայերիս: Այսինքն, երբ մենք ձգտում ենք, որ աշխարհը ճանաչի մեր Ցեղասպանությունը, նշանակում է, որ նկատի ունենք պաշտոնական աշխարհը, այսինքնՙ ոչ իրական աշխարհը...

Բա արժի՞ ընկնել ոչ իրական աշխարհի հետեւից, եթե, իհարկե, Հայոց ցեղասպանության 101-րդ տարում մեզ համար դեռ շարունակում է Ցեղասպանությունը օրակարգային հարց մնալ, մեզ, այսինքնՙ պաշտոնական Երեւանի, իրական Երեւանի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ