ՀԱՅԵՐԸ 2115 ԹՎԻՆ: ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ Ինչպե՞ս որոնել եւ ստեղծել 21րդ դարում հայ լինելու եւ հայությունը պահպանելու նոր ուղիներ: Անցել են այն օրերը, երբ հայերն սփյուռքում համախմբվում էին հայկական ակումբների եւ կազմակերպությունների շուրջ, պարզապես որովհետեւ հայեր էին եւ ցանկանում էին հայ մնալ: Նոր դարաշրջանը նոր պահանջներ է դնում: Ծնողներն առավել բարձր որակավորման վարժարաններ եւ դասատուներ են պահանջում, երիտասարդները պահանջում են, որ տեղական ակումբները միացած լինեն համացանցին եւ այլ նորագույն տեխնոլոգիական հարմարություններին, հստակ չեն նշված հառաջիկա 20-25 տարիներ առաջնահերթությունները: Այս եւ բազմաթիվ այլ մտահոգիչ հարցերի սոցիալական կայքերի միջոցով հասարակական լայն քննարկման մեկշաբաթյա արշավ է նախաձեռնել Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժինը, ոգեշնչված վերջերս այնտեղ «Հայերը 2115 թվին: Մարտավարական ուղենիշներ» թեմայի շուրջ կազմակերպված սեմինարի հաջողությունից եւ արձագանքներից: Սեմինարին մասնակցել են ակնառու հասարակական գործիչներ, մտավորականներ, պատասխանատու անձնավորություններ եւ փորձագետներ: Քննարկվել են ներկայի եւ ապագայի բազմաթիվ մարտահրավերներ: Հունվարի 26-ից սկսյալ մեկշաբաթյա քննարկումները տեղի են ունենալու միաժամանակ երեք քաղաքներումՙ Լոնդոնում, Երեւանում եւ Լոս Անջելեսում: Քննարկումների համընդհանուր նախագահն ու համակարգողը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հոգաբարձու Մարտին Եսայանն է լինելու, ով մասնակցելու է միջոցառմանը Լոնդոնից: Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանից ժամը 17-ից 19-ը հեռասփռվող քննարկումներին մասնակցելու են Արմինե Իշխանյանը եւ Հրաչ Չիլինգիրյանը: Նախագահողՙ Ռազմիկ Փանոսյան: Հայաստանի Ամերիկյան համալսարանից ժամը 21-ից 23-ը հեռասփռվող քննարկումներին մասնակցելու են Սամուել Սամուելյանը, Մարկ Գրիգորյանը եւ Արման Ջիլավյանը: Նախագահողՙ Արմեն Տեր-Կյուրեղյան: Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիա համալսարանից ժամը 9-ից 11-ը հեռասփռվող քննարկումներին մասնակցելու են Սալբի Ղազարյանը, Րաֆֆի Արդհալճյանը եւ մի խումբ երիտասարդներ: Միջոցառման կազմակերպիչներն են Լոնդոնի Տնտեսագիտական եւ քաղաքական գիտությունների համալսարանը, Հարավային Կալիֆոռնիա համալսարանը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: Տեխնիկական եւ մեդիա աջակցություն ցուցաբերում է Սիվիլիտաս Հիմնադրամը, իսկ արշավի սոցիալական ընդգրկվածությանը աջակցում են «100 կյանք» եւ «IdeA» հիմնադրամները: |