RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-01-21 23:38:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1840, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ԿԱՄԱՐ» ՀԱՆԴԵՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ներկա պայմաններում, առավելաբար սփյուռքյան իրականության մեջ գրական -գեղարվեստական հանդեսների կանոնավոր տպագրությունը հուսադրող է, անգամ նվազագույն տպաքանակի պարագայում: Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսը բարեհաջող շարունակում է իր գործունեությունըՙ Հայաստան - Սփյուռք մշակութային կամարող առաքելությամբ: Վերջին երկու համարները (23, 24) «Ազգի» խմբագրության ստացած, բովանդակում են հայրենի եւ սփյուռքի գրողների արձակ եւ չափածո գործեր, գրականագիտական, արվեստաբանական, հրապարակախոսական բնույթի հոդվածներ, արխիվային նյութերի հրապարակումներ, մշակութային կարեւոր նկատված իրադարձությունների մասին տեղեկություններ:

«Կամարի» ընթերցողն արդեն գիտի եւ սպասում է նախընտրած հեղինակի նոր գործերին, մանավանդ որ մի քանի անուններ գրեթե բոլոր համարներում ներկա ենՙ Նորայր Ադալյան, Հրաչյա Թամրազյան, Արա Արծրունի, Համբիկ Մարտիրոսյան, Խաչիկ Խաչեր, Խաչիկ Տետեյան: Հետաքրքրականը անշուշտ երիտասարդ տաղանդավոր մարդկանց հայտնաբերումն ու հրապարակումն է նաեւ: Հանդեսն իր էջերը պարբերաբար տրամադրում է արաբ գրողների. նախորդ համարում ներկայացված է Աբդուլ Ռահման Մունիֆի «Աղին քաղաքները- Մոլորումը» վեպից հատվածներՙ Հուրի Ազիզյանի թարգմանությամբ:

Կարեւոր հրապարակում է Հարություն Իսկահատյանի կողմիցՙ Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հրատարակություններից ընտրված եւ հանրամատչելի ներկայացված հատվածը, որը մաս է կազմում հեղինակի հրատարակելիք 6-րդ գրքիՙ համալրելով «Վկայարան հայկական ցեղասպանութեան» նրա նախորդ հնգհատորյակը:

Գեղարվեստի բաժնում հիմնականում անդրադարձներ արվում են կերպարվեստին: Հայ ժամանակակից գեղանկարչության վարպետիՙ Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանի առիթով Արամ Սեփեթճյանը ներկայացնում է Իսաբեկյան նկարչին, գրողին, հայրենասեր հային ու քաղաքացունՙ նրա նկարագրի, խառնվածքի, արվեստի հետաքրքրական ու հարուստ շերտերով:

Ուշագրավ հրապարակում է Ալեքսան Պերեճիքլյանի երկու հոդվածներըՙ 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Էմիլ Բերնարին նվիրված, որ հեղինակը սկսում է այսպեսՙ «Տասնեամեակներ տեւող անտեսումէ, ստորագնահատումէ եւ մինչեւ իսկ թշնամական վերաբերմունքէ յետոյ, 2014-ի ընթացքին Փարիզի մէջ Էմիլ Պերնարին (1868- 1941) պիտի յատկացուի յետահայեացք մը, որուն այսքան ուշացումը կարծիք մը կու տայ այն խափանման մասին, որուն երկար տասնամեակներ զոհը եղաւ այս վաղահաս անսովոր տաղանդը, ըմբոստ նկարագիրով, յանդուգն երկերով, եւ վիճայարոյց արտայայտութիւններով ու գրութիւններով հանդէս եկող այս անխոնջ արուեստագէտը»: Այս հետաքրքրական նախաբանին հետեւում են առավել հետաքրքրական մանրամասներ նկարչի կյանքի ոդիսականի եւ ստեղծագործության մասինՙ եղած կարծիքների վերանայման, նորովի վերագնահատման ակնկալիքով: Երկրորդ հոդվածըՙ խորագրված «Էմիլ Պերնար եւ Արմէն(ուհի) Օհանեան», ներկայացնում է դրվագներ ֆրանսիացի նկարչի եւ հայ պարուհի, դերասանուհի Արմեն(ուհի) Օհանյանի մտերմության ու սիրային պատմության:

Գրականագիտական վերլուծումներ, նոր, հետաքրքրական տեղեկություններ են պարունակում Կոստան Զարյանի 130-ամյակի առիթով Թորոս Թորոսյանի եւ Վահե Մելեմեթճյանի «Չարենց առասպելին մասին...» հրապարակումները: Ծագումով հայաստանցի, Միացյալ Նահանգներ տեղափոխված բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի պոետական ներաշխարհին ու ներշնչումներին է անդրադառնում Սարգիս Վահագնըՙ «Լինելության բանաստեղծը» հրապարակման մեջ: Բարձր գնահատելով հանգուցյալ բարեգործ Կարպիս Նազարյանի գործունեությունը, համարելով նրան հայ գրողի եւ կրթական մշակի մեծ բարեկամ, «Կամարի» խմբագիր Ժիրայր Դանիելյանը ներկայացնում է «Նազարյան» հիմնադրամի հրատարակած գրականության ցանկը: Պարույր Աղբաշյանի անդրադարձը նվիրված է 2011-ին Երեւանում լույս տեսած արժեքավոր հրատարակությանՙ «Սեւ գիրք» խորագրով, կազմված եւ խմբագրված Ալբերտ Իսոյանի կողմից, որտեղ առաջին անգամ համահավաք ներկայացվում են Թուրքիայում հայկական կոտորածների մասին օտարազգի նշանավոր պետական ու քաղաքական գործիչների, դիվանագետների, ականատեսների, ճանապարհորդների, պատմաբանների, գրողների, լրագրողների, միսիոներների հոդվածներ, ելույթներ, նոթեր, վկայություններ:

Հանդեսի երկու համարները ցավալիորեն փակվում են տխուր էջերով, ի հիշատակ լիբանանահայ նշանավոր բանաստեղծներՙ Պեպո Սիմոնյանի եւ Սարգիս Կիրակոսյանի: Վերջին համարի խմբագրականիՙ «Կրկին տերեւաթափ է աշունը չեկած...» գուժող տողերը արձագանք են նախորդ 2 տարիներին կյանքից հեռացած լիբանանահայ գրողներիՙ «Մեկնողներուն ցաւը կը կրծէ մեր էութիւնը: Իսկ վաղուան անստուգութիւնը կը սարսափեցնէ մեզ...»:

Տեղի գրչակից ընկերներիՙ Ժիրայր Դանիելյանի, Պարույր Աղբաշյանի, Արամ Սեփեթճյանի հիշատակի խոսքերին միանում են հայաստանցի բանաստեղծներ, մտավորականներ Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, արաբ գրող Աբդո Լաբաքին, որոնց տողերում հայտնի ու սիրված բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի նկարագիրը, ստեղծագործությունը վերապրվում, ցավ ու ափսոսանք է արթնացնում. «Ինձ համար ամենակարեւորը Սարգիս Կիրակոսյանի ազատ եւ անկաշկանդ լեզվամտածողությունն է, արեւմտահայերենի հարուստ եւ ինքնաբուխ արտահայտությունը, որը նրա բանաստեղծություններին հաղորդում է անառարկելի ուժ եւ հմայք: Այս ամենով հանդերձ, նա իմ ընկերն էր, իմ մտերիմ բարեկամը: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար նշանակալից երեւույթ էր, որովհետեւ դա հոգեկան շփում էր տաղանդավոր բանաստեղծի, գրական, ազգային նվիրյալ գործչի, ազնիվ ու մտածող մարդու հետ, որի անժամանակյա հեռացումը Սփյուռքիՙ հետզհետե նվազող գրական- մշակութային աշխարհում պարզապես անհնար է պատկերացնել»:

Եվ դարձյալ ցավալի մահագրական, Պետրոս Թերզյանի խոսքըՙ հայ հրապարակագրության անվանի դեմքերից մեկի, «Յառաջ» օրաթերթի բազմավաստակ խմբագիր Արփիկ Միսաքյանի հիշատակին:

Առավել հետաքրքրականը գրականագիտական եւ գրախոսական բաժիններն ենՙ Վահան Թոթովենցի ծանոթ ու անծանոթ հինգ նամակներըՙ Վարդան Մատթեոսյանի ներկայացմամբ, Լեւոն Շառոյանի անդրադարձը ֆրանսահայ արձակագիր Վազգեն Շուշանյանին, Հ. Էդոյանի գրախոսությունը Վեհանուշ Թեքյանի պոեզիային նվիրված, Պ. Աղբաշյանի հրապարակումը մատենագետ - բանասեր Արտաշես Տեր- Խաչատուրյանի մատենագիտական հավաքածոների հրատարակման առիթով եւ ուրիշներ: Եվ վերջումՙ գեղեցիկ անդրադարձ ՙ Անթիլիասում գործող AYP to ZED արվեստի ակադեմիայի տասնամյա հոբելյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ