ՇԱԲԱՇ ՎԵՐՑՆՈՂ ՊԱՐՈՒՀԻ Է, ԲԱՅՑ ԱԽՐ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐՈՒՀԻ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երեկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն վերածվում է շաբաշ վերցնող պարուհու: Պարոն Բաբայանը սա հենց այնպես չի ասել: Բանն այն է, որ ԵԽԽՎ-ի օրերս մեկնարկող ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում տեղ են գտել երկու հակահայկական զեկույցներ, որոնք համաեվրոպական այս կառույցը պետք է քննարկի: Շեշտում եմՙ դեռ պետք է քննարկի, այսինքն դրանց ընդունումը, չնայած հնարավոր է, սակայն միայն հնարավոր է, ոչ փաստ: Այս համատեքստում Դավիթ Բաբայանի հայտարարությունը թերեւս տեղին չէ եւ կոռեկտ չէ, ընդ որում խնդիրը ոչ թե այն է, թե ԵԽԽՎ-ն այդ պարուհու նման չէ, ավելին, ԵԽԽՎ-ն ոչ միայն շաբաշ վերցնող պարուհի է, այլեւ շաբաշ վերցնող եւ սեւ խավիար սիրող պարուհի է, բայց խնդիրն այն է, որ այդ մասին ես կարող եմ ասել, հայկական որեւէ լրատվամիջոց կարող է ասել, անկախ կամ ոչ այնքան անկախ փորձագետ-վերլուծաբան կարող է ասել, բայց Դավիթ Բաբայանը չի կարող ասել, կամ գոնե չպետք է ասի: Ինչո՞ւ, որովհետեւ Դավիթ Բաբայանը պաշտոնատար անձ է եւ երբ խոսում է նա, խոսում է նախագահ Բակո Սահակյանը, իսկ երբ խոսում է նախագահ Սահակյանը, խոսում է Արցախի Հանրապետությունը: Եւ ուրեմն, երբ Դավիթ Բաբայանն ասում է, թե ինչ է դարձել կամ դառնում կոնկրետ ԵԽԽՎ-ն, նշանակում է, որ ԵԽԽՎ-ին շաբաշ վերցնող պարուհի է անվանում Արցախի Հանրապետությունը, ինչը, հասկանալի է, չպետք է այդպես լինիՙ մի շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ վաղը չէ մյուս օրը, երբ ԼՂՀ-ն կմասնակցի ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին եւ Ստրասբուրգ կգործուղի իր անկախ եւ իհարկե անվախ պատվիրակությունը, այդ մարդիկ այսօր արդեն վատ դրության մեջ են հայտնվել, քանի որ ստիպված են լինելու աշխատել շաբաշ վերցնող պարուհու հետ: Սա, տիկնայք եւ պարոնայք, Ադրբեջանն ու ադրբեջանցիները չեն, որոնց կարելի է (հաճախ էլ գուցե պետք է) անվանել ասկյար, ազերի, ոչխար, քանի որ նրանց հետ աշխատելու ոչ հրամայական կա, ոչ էլ հեռանկար: Սա համաեվրոպական խորհրդարանական թիվ մեկ ամբիոնն է, այո կաշառակեր դեմքերով, էլ ավելի կաշառակեր փորերով, բայց դա չի նշանակաում, որ նրանց հետո չպետք է աշխատենք, մանավանդ որ աշխարհում կաշառակերները իրենց թվաքականով երկրորդ տեղն են զբաղեցնում, երկրորդ եւ վերջին, առաջին տեղումՙ կաշառք տվողներն են: Կա՞ մի երկիր, թեկուզ եվրոպական, մանավանդ եվրոպական, որտեղ այսպես չէ... Բացի Հայաստանից, անշուշտ, որի ներսում որքան ուզես կոռուպցիա եւ կաշառք կա, բայց որը պայքարում է դրսում կաշառքի եւ կոռուպցիայի վերացման համար: Մեր իշխանությունը հաճախ է ասում եւ ճիշտ է ասում, որ քաղաքականությունն իրար վիրավորելը չէ: Օրինակ, երբ ընդդիմությունը իշխանությանը ռեժիմ է անվանում եւ հրաժարվում է վերջինիս հետ աշխատելուց միայն այն պատճառով, որ իշխանությունը չի համաձայնվում իր հետ (ինչն, ի դեպ, բնական է), դա քաղաքականություն չէ: Ուրեմն ի՞նչ է միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններին պիտակավորելը, մի՞թե Դավիթ Բաբայանին թվում է, որ Ստրասբուրգում կարդալով իր ասածները դարձի են գալուՙ արցունքոտ աչքերով: Ամենեւին, Ստրասբուրգում իրոք կարդալու են, թե ինչ է ասել Դավիթ Բաբայանն ու ժպտալու են, իրար հարցնելով, թե որտե՞ղ է Արցախը... Իսկ Արցախը ԵԽԽՎ-ին հեռվից հեռու շաբաշ վերցնող պարուհի է անվանում, փոխարենը Ստրասբորգում փոքրիկ, երկու, լավ թեկուզ մեկ հոգուց կազմվածՙ պաշտոնական ներկայացուցչություն բացելունՙ պետական դրոշով, որը ամեն օր հայտարարությամբ հանդես կգա, թե այդ գիշեր քանի՞ անգամ, ո՞ր տեղերից եւ ի՞նչ զենքերով է կրակել Ադրբեջանըՙ եվրոպական արժեհամակարգ դավանող Արցախի հայկական Հանրապետության վրա եւ դա կանի անգլերեն ու ֆրանսերեն, որ հասկանան: Բայց սա աշխատանք է, ընդ որումՙ տքնաջան, հասկանալի էՙ բարդ, գրեթե անհնարին, ինչով էլՙ գրավիչ: Մինչդեռ հայհոյելը, պիտակավորելը աշխատանք չէ, անգամ երբ շուրջ բոլորդ բոլորն էլ արժանի են հայհոյանքի, հատկապես եթե այդպես է: |