200 ԵՎՐՈՅԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԸ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐԻՑ Ա. Մ. Կառավարության կողմից երեկ հավանության արժանացած օրենքի փոփոխության նախագծով առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող եւ/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի եւ մաքսավճարների վճարումից: Նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս նաեւ տնտեսվարող սուբյեկտներին, անկախ ներմուծվող եւ արտահանվող ապրանքների արժեքից, իրականացնել ինքնահայտարարագրում: Միաժամանակ, կառավարության որոշմամբ կհաստատվի նաեւ էլեկտրոնային տնտեսվարող սուբյեկտների կողմից հայտարարագրման համակարգ մուտք գործելու կարգը: «Բազմաթիվ քաղաքացիներ, թե՛ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, թե՛ պարզապես անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք, մշտապես բարձրաձայնել են այն հարցը, որ իրենք փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք որպես կանոն ավելի բարձր են, քան գույքի արժեքը: Մասնավորապես, եթե կատալոգներ են ներմուծում, որոնց արժեքը 5000 դրամ է, քաղաքացիները ստիպված են լինում 6000 դրամ վճարել ոչ միայն որպես մաքսավճար, այլ նաեւ կատարում են մի շարք այլ վճարումներ` ներառյալ մաքսային ներկայացուցչի կամ այսպես կոչված բրոքերի ծառայությունից օգտվելու վճարը, որը որպես կանոն տատանվում է 10 000-15 000-ի սահմաններում, իսկ եթե տվյալ փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, ապա այդ գումարը մի քանի անգամ աճում է», նշեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասելով, որ այս որոշումը կթեթեւացնի փոքր բիզնեսի բեռը, ազատելով նրան ավելորդ վճարումներից: |