RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3294, Տպվել է` 183, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԻՀԱԴԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՎԵՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Թուրքական գերիշխանության ձգտումների եւ անհանդուրժողականությանը զուգահեռՙ իսլամիստների հռչակած ջիհադը երբեմնի խաղաղ, հզոր, բնիկ ազգություններին դարձնում է մահացած համայնքներ: «Մենք պատանդ ենք Թուրքիայում», նշել է Ստամբուլում ապրող մի հայ կին, ով նկարագրում էր թուրքական պետության եւ հասարակության հետ հայկական փոքրամասնության ճնշող հարաբերությունները: «Ճիշտ է, մեզ դեռեւս թույլատրվում է աղոթել մեր եկեղեցիներում եւ վճարել մեր դպրոցների պահպանման համար: Բայց մեր իրավունքները դրանցով ավարտվում են», շարունակել է նա:

Ըստ «Ակօս» թերթի, անհանդուրժողականության վերջին դրսեւորումը տեղի է ունեցել արեւելյան Թուրքիայի Թուզլուչա (Կողբ-Իգդիր) երբեմնի հայկական քաղաքում, որտեղից հանվել են մուտքի եւ ելքի մոտ տեղադրված հայերեն «բարի գալուստ» եւ «բարի երթ» գրությունները, տեղի տալով որոշ անհատ ազերիների եւ թուրքերի բացասական արձագանքներին: Գրությունները անցյալ սեպտեմբերին էին տեղադրվել չորսՙ թուրքերեն, քրդերեն, անգլերեն եւ հայերեն լեզուներով: Այդ ժամանակ հայերեն գրության ընդգրկումը ցուցանակում հետեւյալ ձեւով է բացատրել շրջանի համաքաղաքապետՙ «Ժողովրդական շրջաններ» քրդամետ կուսակցությունից Մեհմետ Գյուլտեկինը :

«Թուրքական հանրապետության հռչակումից առաջ Թուզլուչան հայերով բնակեցված տարածք էր: Այնտեղ հայկական գերեզմանատուն կա: Շատ անուններ հայկական են: Հայերն ապրել են այնտեղ եւ մեծ ջանքեր գործադրել քաղաքը կառուցելու համար: Նրանք պատմական անցյալ ունեն այնտեղ, եւ մենք որպես հարգանք ընգրկեցինք նաեւ հայերեն գրությունը»:

Բայց այդ երկու բառերը զայրույթ առաջացրին տեղացիների, հատկապես ազերիների շրջանում: Սա վառ վկայությունն է այն բանի, որ ֆիզիկական ցեղասպանությունից եւ բնակավայրի բռնազավթումից 100 տարի անց Թուրքիայում դեռեւս շարունակվում է հայկական մշակութային արժեքների «ցեղասպանությունը»ՙ ոչնչացումը:

Եվրոմիության հարցերի անկախ փորձագետ Նիկոլաս Դավիթյանը գրում է. «Թուրքիայում ապրող հայերի բնաջնջումից տարիներ անց, երկրի փոքրիկ հայկական համայնքը շարունակում է մնալ քաղաքական հիմնարկների եւ լրատվամիջոցների «սնուցած» թիրախը: Նրանք ենթարկվում են խտրականության խստագույն միջոցների, որոնց նպատակն է նրանց կյանքն անտանելի դարձնել Թուրքիայում»:

Հայերեն գրությունների վերացումից հետո «Թուրքիա-Ադրբեջան բարեկամական ասոցիացիայի դաշնությունը» շնորհակալական նամակ է հղել քաղաքապետարանին, որում գոհունակություն է հայտնել, որ Իգդիրում ապրող ազերիների բողոքի ձայնը լսելի է դարձել: «Անհիմն հայկական ստերի դեմ պայքարող ասոցիացիայի» Մարմարայի շրջանային նախագահությունը նույնպես, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հանվել են գրությունները:

Իգդիրի այդ տարածքը մաս է կազմում Մեծ Հայքի Այրարատ նահանգում գտնվող Մասյացոտն գավառի, որ հռչակված է իր որդան կարմիր ներկով: Ըստ պրոֆ. Սիմոն Փայասլյանի, «1915-ի վերջերին մոտ 170 հազար տարագիր հայեր անցել են Իգդիրից Էջմիածին տանող ճանապարհը, որը 19 մղոն է: Մինչեւ 1917 թիվը Իգդիրը ռուսական կայսրության մաս է կազմել: Եղել է փոքրիկ գյուղ, որի բնակիչների նախնիները հիմնականում գաղթել են 1828-ին Պարսկաստանի Խոյ եւ Սալմաստ գավառներից, մասամբ նաեւ Բայազետից: Զբաղվել են երկրագործությամբ, խաղողագործությամբ, բամբակագործությամբ, արհեստներով եւ առեւտրով: Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվելուց հետո, 1920-ին թուրքական զորքերը գրավել են այն: Այժմ այնտեղ ապրում են ազերիներ, քուրդեր եւ թուրքեր: Հայեր այլեւս չեն բնակվում: Ըստ պաշտոնական կայքերի, 2 հին հայկական եկեղեցիների ավերակներն են մնացել միայն: Թուրքերն այնտեղ կառուցել են (1999-ին) մի հուշահամալիրՙ նվիրված «հայերի կողմից կոտորված թուրքերի հիշատակին»: Թուրք մտավորական Բիլգին Այաթան ժամանակին քննադատել է կառույցըՙ անվանելով այն «ագրեսիվ, թշնամական եւ խիստ ազգայնական» դրսեւորում: «Թուրքիան եւ հայկական ուրվականը: Ցեղասպանության հետքերով» գրքում բացատրված է նման հուշարձան կառուցելու իմաստը. «Իգդիրի հուշարձանը թուրք կառավարության ժխտողական քաղաքականության ծայրագույն «ծաղրանկարն» է, որով փորձ է արվում խեղաթյուրել պատմությունը եւ զոհերին մեղավոր դարձնել: Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը, որով կառավարությունը փառաբանում է կոտորածները կազմակերպողներին եւ իրագործողներին: Այսօր երկրում ամենուրեք նրանց անուններով բազմաթիվ փողոցների, մարզադահլիճների եւ օդանավակայանների կարելի է հանդիպել: Նրանցից ոչ մեկը չի ստացել իր պատշաճ պատիժը: Իսկ Իգդիրում հայկական հետքի նշույլն ընդամենը այդ 2 ավերված եկեղեցիներն են եւ սրբապղծված գերեզմանատունը: Մինչդեռ ջիհադիստ ազգայնականները տոնում են իրենց «հաղթանակը», որ կարողացան ցուցատախտակի վրայից հանել հայկական գրությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ