RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3171, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԸ ՉԺՀ-ԻՆ ԿՕԳՆԻ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՀԱՐՑՈՒՄ

Պ. Ք.

Իրանը համաձայնել է կոնֆերանս անցկացնել «Մետաքսի ճանապարհներ» թեմայով: Այդ մասին Mehr News գործակալությանը հայտնել է Իրանի ճանապարհային տնտեսության եւ բեռնափոխադրումների կազմակերպության տարանցումների եւ սահմանամերձ տերմինալների բյուրոյի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Ատրչիյանը: Նրա խոսքերով, «հին ճանապարհը հսկայական ներուժ ունի բեռների եւ ուղեւորների փոխադրումների համար, ինչպես նաեւ նպաստում է մշակութային փոխանակմանը, տեխնոլոգիաների, սպասարկումների փոխանցմանը եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»:

«Մեր երկիրն ունի բազմաթիվ առավելություններ: Դրանք են եզակի աշխարհագրական դիրքը, առեւտրի հատուկ տնտեսական գոտիների զարգացումը, ճանապարհային, ծովային, օդային եւ երկաթուղային զարգացած ենթակառույցը», ընդգծել է պաշտոնյան:

«Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացումը կենտրոնական տեղ է զբաղեցնում Չինաստանի արտաքին քաղաքական ռազմավարության մեջ: Մերձավոր Արեւելքում Իրանը իր ռազմավարական դիրքի շնորհիվ կարող է վճռական դեր խաղալ «մետաքսի նոր ճանապարհի» ստեղծման մեջ: Իրանի իշխանությունները ամեն կերպ օժանդակում են չինական նախագծին եւ համաձայնել են մինչեւ 2022 թ. 6 մլրդ դոլար ներդրումներ անել:

Պեկինը եւ Բրյուսելը փորձում են զարգացնել երկաթուղային բեռնափոխադրումները, բայց Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հիբրիդային հակամարտությունների պատճառով առեւտուրը տեղափոխվում է ծով: ԱՄՆ-ը իր արտաքին քաղաքական ռազմավարությունը մշակելիս հաշվի է առնում այդ գործոնը: Պատահական չէ Հետախուզության ազգային խորհրդի այն կանխատեսումը, որ մինչեւ 2025 թ. «միջազգային ընկերակցություն» հասկացությունը կանհետանա բառապաշարից: Բանն այն է, որ ամերիկացիները շահագրգռված են ՉԺՀ ցամաքային առեւտրական ուղիների շրջափակմամբ. դրանց ճակատագիրը կախված է միջինասիական հանրապետությունների եւ Իրանի կայունությունից:

Բրիտանական «Ֆայնենշըլ թայմս» թերթը մեջբերում է Iranian Railwa Company պետական կորպորացիայի փոխտնօրեն Հոսեյն Աշուրիի այն խոսքը, որ առաջին գլխավոր խնդիրը Իրանի եւ Չինաստանի ներքին սպառման ապրանքների շուկայի աճն է, իսկ երկրորդըՙ չինական ապրանքները Եվրոպա հասցնելն է:

Չինաստանը եւ Իրանը մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 600 մլրդ դոլարի: Առայժմ (2014 թ.) խոսքը 51,8 միլիարդի մասին է: Պեկինը խոշոր ներդրումներ պետք է անի Իրանի երկաթուղու արդիականացման համար:

Իրանական գնացքները Թուրքմենստանից հասնում են Թուրքիա: Նախատեսվում է միանալ Իրաքի, Աֆղանստանի, ապա նաեւ Ադրբեջանի եւ Պակիստանի երկաթուղիներին: Աշուրիի խոսքերով, «Մերձավոր Արեւելքի քաղաքական ճգնաժամը եւ Իրանի ապահով աշխարհագրական դիրքը երկաթուղային տրանսպորտի զարգացման լավագույն նախադրյալներն են»:

Եվրոմիությունը մեծ հույսեր է կապում Չինաստանի հետ: 2015 թ. արձանագրվեց 564 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն: ԱՄՆ-Չինաստան ապրանքաշրջանառությունը 558 մլրդ դոլար է: Իրանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը միայն կմեծացնի այս տարբերությունը: ԵՄ-ՉԺՀ մերձեցումը, բնականաբար, ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Ուստի գործին միջամտում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը Ադրբեջանի հետ մեկտեղ փորձում է ապասառեցնել ԼՂՀ հակամարտությունը եւ լարվածություն ստեղծել Իրանի հյուսիսային սահմանի մոտ: Վաշինգտոնն օգտվում է հետխորհրդային սահմանների անկայունությունից: Ուկրաինայի 2014 թ. հեղաշրջումից երկու տարի անց բռնության ալիքը տեղափոխվեց Անդրկովկաս, որպեսզի հետո անցնի Միջին Ասիա:

Մերձավոր Արեւելքի իրադարձությունները Մոսկվային, Երեւանին եւ Ստեփանակերտին դրդում են արագ գործել: Պատահական չէ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի այն ակնարկը, որ մայիսի 16-ին Վիեննայի բանակցություններում Լավրովը եւ Քերրին Սիրիայի եւ Ղարաբաղի հակամարտությունները քննարկել են մեկ փաթեթով: «Այսօր գլխավորը Սիրիան է եւ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները», ճշգրտել է Ռյաբկովը: Իսկ ո՞ւր մնացին Չինաստանն ու Իրանը: Ամեն ինչ պարզ է. Սիրիան, Ղարաբաղը եւ Ուկրաինան դարպասներ են Արեւելքի եւ Արեւմուտքի, իշխանության եւ համատարած անիշխանության միջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ