RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 23:37:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 4123, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՈՒԺԱՆ ԷՔՍԵՐՃՅԱՆ

Օգոստոսի 4-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) «Բարի Սամարացի» հիվանդանոցում իր մահականացուն է կնքել նախկին եգիպտահայ, ՌԱԿ Եգիպտոսի Հելիոպոլիսի մասնաճյուղի նվիրված անդամ, ճանաչված գործարար եւ կապալառու Վարուժան Էքսերճյանըՙ հայրը մեր ընթերցողներին եւ կինոհանդիսատեսին քաջածանոթ Նորա Արմանիի:

Վարուժանը Պոլսից եւ Կեսարիայից 1912 եւ 1909 թվերին Եգիպտոս հաստատված Սեփոն Էքսերճյանի եւ Մարի Ազատյանի որդին էր, որ հաճախել էր Գյոզուբոյուկյան քոլեջն ու Նուբարյան Ազգային վարժարանը, եւ որ անդամակցել էր ՀՄԸՄ Նուբարի բասկետբոլի խմբին:

Հետագայում ավարտել էր Կահիրեի «Ինգլիշ Միշըն քոլեջն» ու Քեմբրիջի ինժեներական կուրսերը, որից հետո Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատանքի էր անցել Եգիպտոսում Մ. Նահանգների ռազմաբազայում, իսկ այնուհետեւՙ Կահիրեի միջազգային օդանավակայանում: Որպես կապալառու հեղինակ է բազմաթիվ շինությունների, այդ թվում «Այծեմնիկ» հայկական ծերանոցի, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արխիվների շենքի, «Սպորտինգ ակումբի», Օմար իբն Աբդել Ազիզ մզկիթի եւ այլ մեծ ու փոքր կառույցներիՙ Ալեքսանդրիայում, Մարիութում եւ Մոքաթթամում:

1954-ին ամուսնացել էր Արմինե Բասմաճյանի հետ եւ բախտավորվել երկու զավակովՙ Նորա եւ Վազգեն անուններով: 1960-ին Վազգեն Ա.ի Եգիպտոս այցելության ժամանակ նրա միջնորդությամբ է իրականացվել Վեհափառի հանդիպումը այդ ժամանակվա Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի հետ:

Վարուժանը մեծ մարդասեր եւ բարեգործ էր: Երկար տարիներ ծառայել էր եւ նախագահել հայկական «Աղքատախնամ միությունը»: Կնոջ մահվանից հետո Վարուժանը տեղափոխվել էր ԱՄՆ 1986-ինՙ միանալու իր դստերՙ Նորային: Լոս Անջելեսում մասնագիտությունը կատարելագործելու նպատակով հաճախել է «Սիթի քոլեջը» եւ ստացել որպես կապալառու աշխատելու արտոնություն: «Բլեր Հիլզի» շրջակայքի բարենորոգությունների համար արժանացել էր «Քալվեր Սիթիի» խրախուսական վկայականի:

«Հայրս ժայռի պես ապավեն էր մեզ համար: Մեզ ոգեւորում էր եւ օրինակ ծառայում իր հաստատակամությամբ եւ մարդկային բարձր արժանիքներով», նշել է այս տխուր առթիվ դուստրըՙ Նորա Արմանին:

«Ազգ»ի խմբագրությունն իր խորին ցավակցություններն է հայտնում Էքսերճյան, Սփենճյան, Գրիգորյան, Լաչինյան, Հեշեմա, Զաքարյան, Արամյան, Քոչար, Թութունճյան, Պողոսյան, Ազատյան, Փափազյան, Ֆերհադ եւ Քյուփելյան ընտանիքներին եւ առաջին հերթինՙ Նորա Արմանիին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ