ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին Գերմանական Նաուման հիմնադրամի «Ազատություն Հարավային Կովկասի համար» նախագծի ղեկավար Փեթեր Անդրեաս Բոխմաննը Երեւան է այցելել հուլիսյան պատանդառության օրերին, մասնակցել բողոքի ցույցերին եւ իր տպավորություններն է հրապարակել երեւանյան «Նյարդային երկշաբաթյա պատերազմի» մասին portal liberal կայքում: Հոդվածագիրը հուլիսի վերջին Հայաստանի սահմանը Սադախլո Բագրատաշենի անցակետում հատելիս նկատել է, որ իր նոր անձնագրի ստուգումը նախորդ անգամների համեմատությամբ երկար ընթացք է ունեցել: Իր տպավորությամբ, մի 30 անգամ թերթել են անձնագրի անկնիք էջերը. միգուցե պատճառը Ադրբեջան մուտքի երկարատեւ վիզան է եղել, որ նախորդ անգամներին սահմանապահներին հարց տալու առիթ է տվել եւ որն այս անգամ երեւի փորձել են «շրջանցել»ՙ էջերը երկարատեւ ստուգելով: Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման փորձից 2 օր հետո հուլիսի 17- ին մոտ 2 տասնյակ զինյալներ գրավել էին Երեւանի ՊՊԾ գունդըՙ բազմաթիվ մարդկանց պատանդառելով: Պատանդառուներըՙ արմատական ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի համախոհները, պահանջում էին նախագահ Սարգսյանի հրաժարականը, ընդդիմադիրներիՙ նրանց մեջ առաջին հերթին Սեֆիլյանի ազատարձակումը: Հանրության մեջ հեղինակություն վայելող Ղարաբաղյան պատերազմի վետերան Սեֆիլյանը, որ դեմ է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններին, կալանավորված է ապօրինի զինամթերք կրելու մեղադրանքով: Հեղինակն այնուհետ մանրամասնորեն շարադրում է երեւանյան իրադարձությունների ողջ ընթացքըՙ պատանդառուների հետ բանակցությունները, պատանդների ազատ արձակումը, ոստիկանության ուժային անհամաչափ գործողությունները ցուցարարների հանդեպ: Սեֆիլյանի մի շարք համակիրների կողքին բողոքի ցույցերն են համալրում մի քանի հազար ընդդիմադիրներ, վերջնարդյունքըՙ 2 սպանված, անհաշիվ վիրավորներ ու ձերբակալվածներ եւ ըստ անկախ փորձագետերի հաղորդմանՙ ցուցարարների հանդեպ անվտանգության մարմինների անհամաչափ բիրտ ուժի կիրառում, նշում է Բոխմաննը: Զարմանալի չէր, որ երկրի անվտանգության ուժերն էլ արտակարգ պայմաններում էին գործում, գրում է վերլուծաբանը, վկայակոչելով ռուսական եւ թուրքական լրատվամիջոցներով քաղաքական փորձագետների վերլուծությունները, ըստ որոնց «դավադրությունների տեսությունների», ենթադրաբար այդ իրադարձությունների թիկունքում արտասահմանյան, առաջին հերթինՙ ամերիկյան կազմակերպություններն են եղել: Ըստ նրանց պլանիՙ նպատակը եղել է Հայաստանն ապակայունացնելը հեղաշրջման միջոցով եւ Ռուսաստանին բարեկամ Սերժ Սարգսյանին պաշտոնազրկելը: Վերլուծաբանը նկատում է հայկական կոռուպցիոն առօրյան ներկայացնող դրվագներից մեկը. այդ օրերին բնականաբար Երեւան մուտք գործող ավտոմեքենաներիՙ առավելաբար ոչ հայկական համարանիշեր ունեցողները ստուգվում էին, ակնհայտ կամայական տուգանքներ էին նշանակվում եւ դրանց վերաբերյալ բուռն սակարկում էր ընթանում: Գերմանացի փորձագետը դիտարկում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության արդի փուլը: Հայաստանին վիճակված է նոր արտաքին քաղաքական ծանր իրավիճակի դիմագրավումը, կարծում է գերմանացի փորձագետըՙ նկատել տալով Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս սկսված «թանկագին բարեկամությունը», որ վճռորոշ դերակատար է նաեւ ղարաբաղյան հարցի հանգուցալուծման մեջ: Բոխմաննը նկատել է տալիս, որ Ռուսաստանը Հայաստանի հովանավոր լինելով, Ադրբեջանի հետ իր բարեկամական կապերընորոգելով,ցանկություն ունի հակամարտության մեջ միջնորդի իր դերը շարունակել: Թուրքիան հակառակըՙ Ադրբեջանի հետ առավել քան բարեկամական հարաբերություններ ունեցող այդ երկիրն ապրիլյան էսկալացիայից հետո Բաքվին վստահեցրեց, որ նրան « մինչեւ վերջ» է սատարելու: Բոխմաննը վկայակոչում է լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե հուլիսին Բաքվի եւ Անկարայի միջեւ ստորագրվել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին համաձայնագիր: Ռուսաստանին ձեռնտու չէ նոր էսկալացիան, նա ձգտում է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել հարցը: Խաղաղ բանակցային ուղիներից մեկը հայկական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական շրջանների վերադարձն է, որին դեմ դուրս եկան ՊՊԾ գունդը գրավածները ճիշտ հակառակը պահանջելովՙ Ադրբեջանի հետ ոչ մի խաղաղ բանակցություն, բացառելով տարածքների վերադարձը, գրում է գերմանացի վերլուծաբանը: Ըստ Բոխմաննիՙ ենթադրել կարելի է, թե Պուտին- Էրդողան բարեկամությունը Հարավային Կովկասի վրա ինչ ազդեցություն կթողնի: Մի բան հստակ է, որ տարածաշրջանին ձեռնտու չէ Հայաստանի անկայունությունը, հաշվի առնելով նաեւ մերձակաՙ եվրոպամետ Վրաստանի գործոնը, որ ԵՄ ինտեգրման, ՆԱՏՕ- ին անդամակցության ճանապարհին է եւ որտեղ մեծաթիվ հայ եւ ադրբեջանցի բնակչություն կա: Վերլուծաբանը հավանական չի համարում, որ հայաստանյան զանգվածային բողոքի ցույցերը էական իրադարձային փոփոխությունների կհանգեցնեն, քանի որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն ի վիճակի չեն առաջնորդություն ստանձնել: Չափավոր ընդդիմադիրների մի մասը, ինչպես ՀԱԿ- ը, Սեֆիլյանին հարողների հետ չի միաբանում, տարածություն է պահումՙ նշելով քաղաքական խնդիրները զենքի ուժով լուծելու իրենց համար մերժելի փորձը: Բոխմաննը ներկայացնում է նաեւ իր հայ գործընկերոջՙ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքը, որ ՀԱԿ- ի նման մերժում է բռնի մեթոդները, բայց նկատել տալիս, որ զինված խմբին հարողների մեծ մասը հույսը կորցրել է կոռուպցիայի, կեղծված ընտրությունների , վատթարացող սոցիալական պայմանների պատճառով, եւ հանգել խնդիրները բռնի ուժով լուծելու գաղափարին: |