ՀԶՈՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՌՈԲԵՐՏ ԶԱՐԳԱՐՅԱՆ Սպորտով զբաղվելը առողջ լինելու կարեւոր նախապայմաններից է.- Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ սպորտային համալիրներ փակվեցին, վերջին տարիներին էլ բավականին թանկացան, ինչի պատճառով մասսայական սպորտը տուժեց: Սպորտային խմբակների ամսական աբոնեմենտի վճարը տատանվում է 15-25 հազար դրամի սահմաններում: Ներկայիս սոցիալ- տնտեսական պայմաններում շատ քչերն են կարողանում հաճախել սպորտային համալիրներ, իսկ ֆիզիկապես ամուր սերունդ ունենալը առողջ հասարակության գրավականներից է: Վերոնշյալ պատճառները հաշվի առնելով` Հայաստանում վերջին տարիներին մեծ թափով զարգանում է բակային սպորտը, որի նպատակը երիտասարդությանն առողջ ապրելակերպին մղելն է: Մարզասեր երիտասարդների ջանքերով կազմավորվել են բակային սպորտը համակարգող ֆեդերացիաներ, որոնցից ամենահայտնին Street Workout Armenia ֆեդերացիան է. Street Workout տերմինն արդեն հուշում է, որ խոսքը բակային մարմնամարզության մասին է` ձգումներ, հրումներ եւ այլն: (Թե ինչու անպայման անգլերենՙ էն էլ բակային սպորտըՙ զուտ հայկական, մոդեռն ու գերժամանակակից ախտ է): Տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի ջանքերով Բուենոս Այրեսի այգուն կից բացօթյա մարզահրապարակ կառուցվեց (պտտաձողեր, զուգափայտեր եւն), որտեղ էլ կայանում են Street Workout Armenia- ի կազմակերպած գլխավոր միջոցառումները: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը եւ իր թիմը ջանք չի խնայում զարգացնելու մասսայական սպորտը մեր երկրում: Վերջինիս խոսքերով ֆեդերացիայի գլխավոր նպատակը առողջ սերունդ ունենալու նվիրական գործին մասնակից լինելն է: Տարեցտարի բակային սպորտով զբաղվողերի թիվը կրկնապատկվում, եթե ոչ եռապատկվում է, անցկացվում են առաջնություններ, որոնք էլ գրավում են երիտասարդների ուշադրությունը: Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում էին երիտասարդներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից եւ Արցախից, այսինքն Street Workout Armenia-ն արդեն ահռելի աշխատանք է կատարել, որի կարեւորությունն անգնահատելի է: Ֆեդերացիան բազմաթիվ հյուրեր է ունենում արտերկրից` հռչակավոր աթլետներ, միջազգային կարգի մրցավարներ. այս ամենին եթե գումարվի ԶԼՄ- ների համապատասխան ուշադրությունն, ապա, հավատացեք, առողջ երիտասարդություն ունենալու ճանապարհին մեկ քայլ կկատարվի, չէ՞ որ այսօր մարզվող պատանիները վաղը զինվոր պիտի դառնան, իսկ ամուր զինվոր ունենալու կարեւորության մասին խոսելու հարկ չկա... Բակային սպորտի զարգացմանը աջակցում են նաեւ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության նախարարությունները: Համապատասխան մարզահրապարակներ կառուցելու ծրագիր կա տարբեր քաղաքներում եւ Արցախում, ինչն էլ ավելի մասսայական կդարձնի բակային սպորտը: Բուենոս-Այրեսի այգում քայլելիս մի քանի րոպեով մոտեցեք մարզահրապարակին, հավատացած եղեք, մարզվող երիտասարդների խանդավառությունը ձեզ կմղի մի քանի ձգում կատարելու. քանի՞սը կարող եք` հինգ, վեց, իսկ միգուցե ավելի շա՞տ: Օրինակ ձեր խոնարհ ծառան` 25: Կարո՞ղ եք շրջանցել: |