ՇՈՅԳՈՒՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԳՆԱՑԵԼ ԲԱՔՈՒ Պ. Ք. Մոսկվան գերիշխող ուժ է դառնում ոչ միայն Անդրկովկասում Երեւանում ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելուց առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու: Այս կապակցությամբ REGNUM գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը արտահայտում է որոշ նկատառումներ: Առաջին, նախօրեին Մոսկվայում էր եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նրա հետ հանդիպման ժամանակ Շոյգուն բարձր էր գնահատել երկկողմ համագործակցությունը «բոլոր բնագավառներում, մասնավորապեսՙ ռազմական ոլորտում»: Ռուսաստանն իրոք զենքի զանազան համակարգեր է մատակարարում Ադրբեջանին: Բայց երբ Հասանովը Շոյգուին առաջարկեց պատասխան այց կատարել, ոչ ոք չէր սպասում, թե դա տեղի կունենա արդեն հաջորդ օրը. ըստ երեւույթին, հայտնվել էին օպերատիվ լուծում պահանջող խնդիրներ: Երկրորդ, նախագահ Ալիեւը Շոյգուին ընդունելիս նշեց, որ նրա այցը տեղի է ունենում ՌԴ նախագահի այցելությունից գրեթե անմիջապես հետո, եւ որ Պուտինի այցի ժամանակ ընդգծվել է, որ «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության հետ կապված խնդիրներ»: Պուտինի հետ քննարկվել էին «ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»: Կարելի է հետեւություն անել, որ Շոյգուի այցի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել օրերս Բաքվում Ադրբեջան-Ռուսաստան-Իրան ձեւաչափով երեք նախագահների հանդիպման ժամանակ, եւ Ալիւեը կարեւորել էր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող բանակցությունները: Ծագող առաջին հարցը, անշուշտ, ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներն են ապրիլյան դեպքերից հետո: Ուշագրավ է ՌԴ Պն պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի այն հայտարարությունը, թե Բաքվի բանակցությունների ընթացքում Շոյգուն «կարծիքներ կփոխանակի Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»: Մոսկվան, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, տվյալ հակամարտության կարգավորումը կապում է քաղաքական-դիվանագիտական ջանքերի հետ: Ուստի նախագահ Ալիեւի օգտագործած «տարածաշրջանային անվտանգություն» բառակապակցությունն ունի ավելի լայն իմաստ, որը դուրս է գալիս ԼՂ խնդիրների կարգավորման շրջանակներից, նշում է Տարասովը: Այսօր ո՞վ է սպառնում Ադրեջանին: Ամերիկյան The National Interest հրատարակությունը գրում է, որ մի ժամանակ որպես Ադրբեջանի գլխավոր «թշնամի» դիտարկվում էր Իրանը, որը «հյուսիսային հարեւանին համարում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաշնակիցը եւ սպառնում էր վերադարձնել 19-րդ դարասկզբի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ Անդրկովկասում իր կորցրած 17 քաղաքները»: ԱՄՆ-ը եւ Իսրայելը քննարկում էին ի դեպս հակաիրանական պատերազմի պարագայում ադրբեջանական տարածքն օգտագործելու հնարավորությունը: Իր հերթին Ադրբեջանը «ռազմավարական դաշնակից» էր գտել ի դեմս Թուրքիայի, որի հետ զարգացնում էր ռազմավարական գործընկերությունը: Հակաիրանական պատժամիջոցների վերացումից եւ Մերձավոր Արեւելքում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդումից հետո իրավիճակը սկզբունքորեն փոխվեց: Միեւնույն ժամանակ Թուրքիան արտաքին քաղաքական լուրջ սխալներ գործեց, ներքաշվելով այսպես կոչված «արաբական գարնան», ապաՙ սիրիական ճգնաժամի մեջ, իսկ հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո զգալիորեն թուլացավ այդ երկրի ազդեցությունը տարածաշրջանում, նախ եւ առաջՙ Իրանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության առումով: Անկարան սկսեց փնտրել նոր դաշնակիցներ, իսկ երբ նախագահ Էրդողանը հայտարարեց Անկարա-Թեհրան-Մոսկվա դաշինք ստեղծելու մտադրության մասին, ակնհայտ դարձավ, որ Մերձավոր Արեւելքում իրադրությունը սկզբունքային փոփոխություններ է կրում: Ուստի Ադրբեջան-Ռուսաստան-Իրան գագաթաժողով անցկացնելու Ալիեւի նախաձեռնությունը շատ տեղին էր, քանի որ ամրագրեց նոր ստատուս-քվոն. Բաքուն սկսում է դեպի իրեն ձգել Մոսկվային: Միաժամանակ կարգավորվում են ռուս-թուրքական հարաբերությունները, ըստ որում Մոսկվան օբյեկտիվորեն հանդես է գալիս թյուրքական երկու պետությունների գործընկերոջ դերում, նաեւ ընդլայնելով իր հարաբերությունները Իրանի հետ: Պատահական չէ Թուրքիայի կողմից Անկարա-Մոսկվա-Բաքու կամ Անկարա-Թեհրան-Բաքու-Մոսկվա նախագծերի առաջադրումը, որոնցում Մոսկվային գերիշխող դեր է հատկացվում: Այստեղ առկա են դրական եւ բացասական կողմեր: Դրականը աշխարհատնտեսական լայն նախագծերի իրականացմանը մասնակցելու հնարավորություններն են եւ հրաժարումը տարածաշրջանային խնդիրների ուժային լուծումից: Պատահական չէ, որ փորձագետները ներկայումս քննարկում են նաեւ Հայաստանի ներգրավման հնարավորությունների հարցը: Բացասականն այն է, որ տվյալ փուլում ենթադրյալ դաշինքները կրում են առավելապես մարտավարական բնույթ եւ, ինչպես նախազգուշացնում են ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզավերլուծական ընկերության փորձագետները, կարող են փլուզվել Արեւմուտքի ճնշման ներքո, եթե վերջինս անդրկովկասյան եւ մերձավորարեւելյան ուղղություններում գտնի Ռուսաստանին դիմակայելու նոր կետեր: Առկա է նաեւ վտանգ, որ դիմակայությունը «կարտահանվի» նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մեջ (հայկական «խաղաքարտի» եւ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների շահարկման միջոցով), կարգավորման նկատմամբ ինչ-որ «նոր» մոտեցումների դրսեւորման մեջ, ինչը արդեն տեղի է ունենում, երբ Երեւանում որոշակի դժգոհություն է արտահայտվում Մոսկվայի քաղաքականությունից: Ներկայումս մշակվում է պետերբուրգյան ձեւաչափով նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպում անցկացնելու հարցը: Այդ փաստն ինքնին հատկանշական է եւ վկայում է աշխարհաքաղաքական իրադրության նոր գնահատումների ի հայտ գալու մասին: Մոսկվան չի հրաժարվել հակամարտ կողմերին ուղղված կոչիցՙ գործել հանուն գալիք սերունդների, որպեսզի «չլինեն հաղթողներ եւ պարտվողներ», թեեւ մոտ ապագայում տվյալ դրույթը դժվար թե իրագործվի: Սակայն ամեն դեպքում Շոյգուի այցելությամբ ընդգծված ռուս-ադրբեջանական ներկա մերձեցումը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների պահպանման պայմաններում այդ ուղղությամբ «հնարավորությունների նոր միջանցքներ» է բացում, նշում է Տարասովը: Օրերս Պուտինը հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, որի հանդեպ «կան որոշակի փոխադարձ պարտավորություններ, եւ Ռուսաստանը մշտապես հետեւում է իր պարտավորություններին, միշտ կատարում է իր պարտականությունները»: Պուտինը նաեւ հավելեց. «Բայց հիմա ես ուշադրություն չէի դարձնի գործի ռազմական կողմին: Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, ապա հարկավոր է այն լուծել խաղաղ միջոցներով»: |