RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 6639, Տպվել է` 625, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բազմիցս լսել ենք, բոլորս. «Մեր երկրին պետք է համակարգային փոփոխություն»: Քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, լրագրողներ- ով չի ալարելՙ կրկնել է այս խոսքը, ոմանքՙ անկեղծորեն, ուրիշներ որպես դժգոհության արտահայտություն գործող իշխանության դեմ, այլքՙ հենց այնպես, որպես խորիմաստ խոսք: Սակայն ոչ ոք, գոնե իմ իմացությամբ, ջանք չի թափել բացատրելու, թե ի՞նչ է հասկանում այդ խոսքի կամ պահանջի տակ, ի՞նչ մոդելով, ինչպես եւ ինչով պետք է իրականացնել այդ փոփոխությունը:

Կարծում եմՙ այս պարագայում ոչ թե չկամենալու, այլ չկարողանալու խնդիր կա: Համակարգային, այն էլՙ պետակա՛ն համակարգի փոփոխությունը ենթադրում է տեսական ու գործնական բազմաթիվ տվյալների, նախապես փորձարկված տարբեր մեթոդների, դրանցՙ տեղական պայմաններին եւ ավանդույթներին պատշաճեցնելու համադրում եւ հմտություն: Իսկ մեր իրականության մեջ նման բաների համար պատվեր իջեցնողը բացառաբար կառավարությունն է լինում, որին միշտ թվացել եւ թվում է, որ ինքը ամեն ինչ գիտի, անգամ պետական համակարգի եւ այն փոխել-չփոխելու մասին:

Այս հարցում, դժբախտաբար, բոլորովին շփոթ ու խառնակ են հասարակության պահանջները կամ ձգտումները: Մեր հասարակության մեծ մասին թվում էՙ եթե փոխեցիր կառավարման վերեւի օղակին, ապա ամբողջ շղթան կփոխվի, եւ կգա նորը, որը հաստատապես ավելի լավը կլինի... Այլ խոսքովՙ հեղափոխականությունը դեռեւս իշխում է մեր ժողովրդի մտածողության մեջ:

Անշուշտ, ես նույնպես մասնագետ չեմ եւ չեմ կարող համակարգային անհրաժեշտ փոփոխությունների շուրջ կարծիք հայտնել: Եվ անշուշտ, ես նույնպես, շատ-շատերի պես, կարող եմ պարզապես մատնանշումներ անել կառավարման ասպարեզում տիրող վիճակի եւ հետեւանքների մասին, որոնցից կարող եմ առանձնացնել առաջնահերթ փոփոխության ենթակա երկու կետ.

ա) Պետք է օր առաջ ձերբազատվել կառավարման այն ձեւից, երբ վարչապետը, նախարարը կամ մարզպետը ամբողջությամբ կախյալ են վերին իշխանությունից, այսինքն նախագահից, հետեւաբար լրիվ տերը չեն իրենց ստանձնած պարտականություններին ու պատասխանատվությանը:

բ) Այս դրության որպես ածանցյալՙ պետական ոչ մի պաշտոնյա հաշվետու չէ հանրության առաջ, այլ միայնՙ իրեն պաշտոնի նշանակողին եւ ազատողին: Այս պարագայում չի գործում հանրային կարծիքը ազատ քվեարկությամբ արտահայտելու մեխանիզմը:

Անշուշտ կարելի է առարկել, որ հենց նման կարգից ձերբազատվելու համար այժմ ունենք նոր Սահմանադրություն, վարչապետական ղեկավարման նոր դրություն, որը կոչված է փոխելու իրավիճակը:

Հազիվ թե: Քանզի վարչապետական ղեկավարման դրությունը, ամենայն հավանականությամբ, գալու է նախագահական ներկայիս դրությունը փոխարինելու կուսակցապետականով: Իսկ կուսակցությունները մեր երկրում, շատ քիչ բացառությամբ, չեն ղեկավարվում ժողովրդավարական սկզբունքով, այլՙ անհատներով, կուսակցապետով:

Հետեւաբար համակարգային փոփոխությունը մեր պետության մեջ, գեթ առայժմ, սկսվում եւ ավարտվում է փոփոխության համակարգով:

Վկա՛ վարչապետների փոփոխության ներկայիս ընթացակարգը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ