RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5169, Տպվել է` 629, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ամեն անգամ, որ պատերազմը Սիրիայում սաստկանում է եւ նոր զարգացումներ են առաջ գալիս, քաղաքագետներն ասում են, որ հակամարտությունն իր գագաթնակետին է հասել եւ անհրաժեշտ է ամիջապես լուծում գտնել, բայց նրանք միշտ էլ սխալվում են, քանի որ, ինչպես ժամանակն է ցույց տալիս, ամեն անգամ էլ նոր եւ աներեւակայելիորեն ավելի վատ շրջադարձ է տեղի ունենում այնտեղ:

Թվում է, թե սիրիական ճգնաժամի լուծումը կախված է շրջափակման մեջ գտնվող, բաժանված Հալեպ քաղաքի վերահսկողությունից: Այնտեղ են դեռեւս թակարդված մնում սիրիահայ համայնքի մնացյալ անդամները: Հակամարտող կողմերում ընդհանուր այն միտքն է գերիշխում, որ կողմերից ով էլ հաղթանակի, միեւնույն էՙ Հալեպն է լինելու վերջնական հաղթողին որոշողը այս պատերազմում:

Հակառակ մի կողմից սիրիական կառավարական եւ նրան դաշնակից զորքերի, իսկ մյուս կողմից Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ արեւմտյան երկրների հովանավորությունը վայելող այսպես կոչված ապստամբ զորքերի միջեւ ռմբակոծությունների սաստկացմանը, քիչ առաջընթաց է նկատվում որեւէ ուղղությամբ: Հինգ տարիների սոսկալի մարտերից եւ մոտ 500 հազար սպանվածներից հետո պատերազմն ամբողջ ուժգնությամբ դեռ շարունակվում է եւ վերջը չի երեւում:

Թուրքիայի զանգվածային նոր հարձակումը Սիրիայի վրա օգոստոսի 24-ին նոր դինամիկա եւ նոր շրջադարձ մտցրեց պատերազմում: Ցարդ Թուրքիան ծրագրում էր Սիրիայում ստեղծել անվտանգության մի գոտի: Նրան խրախուսում էին Ջոն Մկքեյնի եւ Հիլարի Քլինթոնի նման մարդիկ: Բարաք Օբաման դեմ էր: Յուրաքանչյուր կողմ, իհարկե, ուներ ոչ-թռիչքային, անվտանգության գոտի ստեղծելու իր նկատառումները: Ամերիկան ցանկանում էր սահմանափակել ռուս-սիրիական օդուժի գործողությունները, կամ խոչընդոտել դրանց, մինչդեռ Թուրքիան ցանկանում էր կանգնեցնել առաջխաղացումները քրդական ուժերի, որոնք ուր որ է ստեղծելու էին իրենց ինքնիշխան անկլավը հենց թուրքական սահմանի երկայնքով:

Մինչեւ վերջերս, Անկարան փորձում էր իբր պատերազմական թատերաբեմ չմտնել ամբողջ թափով, արեւմուտքին հավատացնելով, որ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ: Նա ուներ սիրիական քրդերի հետ հաշիվները մաքրելու իր ծրագիրը: Մ. Նահանգները, մյուս կողմից, կատաղեցնում էր Թուրքիայինՙ զինելով քրդական զորքերին եւ խրախուսելով նրանց, որ տարածքներ նվաճեն իրենց համար: Ռուսական ինքնաթիռը խփելուց հետո, Թուրքիան ռիսկ չէր անում Սիրիա մուտք գործել, Ռուսաստանի հետ նորից չընդհարվելու համար: Բայց պատահեց այնպես, որ, դրամատիկ զարգացումների արդյունքում, նրա մուտքը սիրիական տարածք ողջունելի դարձավ: Ասում են դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է, բայց նաեւ երբեմն մոլեխաղՙ այդ հնարավորությունների հորձանուտում: Որ տեսությունն էլ ընդունենք, պարզ է մի բան. թուրքերը վարպետորեն գործի դրեցին իրենց դիվանագիտությունը եւ հասան իրենց նպատակին:

Ռուսաստանի հետ բավականին կոշտ առճակատումից հետո, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպեց Սանկտ Պետերբուրգում, նախ անձամբ ներողություն խնդրելու օդանավի միջադեպի կապակցությամբ, եւ ապա իր դիրքերն ամրապնդելու Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք նշանակալիորեն խաթարվել էին Ռուսաստանի ձեռք առած պատժամիջոցների հետեւանքում:

Այդ պատժամիջոցները (զբոսաշրջիկային թռիչքների կասեցում, թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելք, եւայլն) խիստ բացասաբար անդրադարձան Թուրքիայի տնտեսության վրա, բայց Էրդողանին հաջողվեց սնանկ պարտապանի իր անշոշափելի գույքը «վաճառել» Պուտինին: Նա կարողացավ ցույց տալ, թե ինչքան բարկացած է Մ. Նահանգներից Ֆեթհուլլահ Գյուլենին հյուրընկալելու եւ հեղաշրջման փորձում դերակատարություն ունենալու համար: Պուտինն էլ բաց չթողեց հնարավորությունը ճեղք առաջացնելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ:

Չնայած Էրդողանը ամբողջովին դեմ էր, որ Բաշար էլ-Ասադը շարունակի մնալ իշխանության ղեկին, նա այնուամենայնիվ ձեւացրեց, թե իբր զիջում է իր դիրքերը եւ համաձայնում Ջոն Քերրիի եզրակացության հետ, որ ի վերջո գլխավոր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է, եւ ոչ թե Ասադի:

Էրդողանի Անկարա վերադառնալուց անմիջապես հետո, ռուսական թռիչքները դեպի Թուրքիա վերականգնվեցին, եւ ներկայիս թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա ընդամենը «մտահոգություն» է առաջացնում Մոսկվայում: Մինչդեռ Սիրիայի կառավարությունը այդ քայլը դիտում է որպես «ոտնձգություն իր ինքնիշխան պետության դեմ»:

Էրդողանի ողջագուրումը Պուտինի հետ ահազանգ հնչեցրեց նաեւ Վաշինգտոնում. ՆԱՏՕ-ի թանկագին անդամներից մեկը հեռանում էր դաշնությունից: Փոխնախագահ Ջո Բայդենը ուղեւորվեց Անկարա եւ արժանացավ սառը վերաբերմունքի: ՆԱՏՕ-ի վերաբերյալ իր մտահոգությունն արտահայտելուց բացի, հեղաշրջման փորձի կապակցությամբ նա ներկայացրեց իր եւ նախագահ Օբամայի ուշացած վերաբերմունքը:

Այս ձեւական նվաստացմանը եկավ ավելանալու նաեւ քաղաքական շրջադարձը սիրիական պատերազմի թատերաբեմում: Ինչպես «Նյու Յորք Թայմսի» հոդվածում էր նշվածՙ «նոր մարտական իրավիճակը իրար դեմ է հանել Ամերիկայի օժանդակությունը վայելող երկու սիրիական ուժերինՙ ապստամբական խմբակցություններին, որոնց ետին կանգնած են ԿՀՎ-ն եւ դաշնակից պետությունների այլ հետախուզական վարչությունները, եւ քրդական մարտնչող զորամիավորումները, որոնք համագործակցում են Պենտագոնի հետ»:

Թուրքական ցամաքային եւ օդային ուժերը, իրենց սիրիացի համախոհների աջակցությամբ կարողացան իրականացնել «Եփրատյան վահան» անունն ստացած օպերացիան եւ ԻՊ-ից խլել Ջարաբլուսը: Մ. Նահանգները քրդական զորքերին հրամայեց տեղաշարժվել դեպի Եփրատ գետի արեւելյան մասը, թուրքերին զիջելով ԻՊ-ից գրաված իրենց տարածքը: Այլապես Մ. Նահանգները սպառնում էր զենք չմատակարարել նրանց:

«Նյու Յորք Թայմսի» օգոստոսի 29-ի վերոնշյալ հոդվածը հավելում է, որ «քուրդ-սիրիական ամենահզոր խմբավորումը ցնցված է Ամերիկայի դավաճանությունից, տեսնելով թե ինչպես է Մ. Նահանգները կանաչ լույս վառում Թուրքիայի առաջ ներխուժելու հյուսիսային Սիրիա»:

Ամերիկացիներից բացի քրդերին դավաճանեցին նաեւ իրենց իսկ մարտական ընկերները: Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին այդ թոհուբոհի ընթացքում Անկարա մեկնեց Էրդողանի հետ ձեռք սեղմելու եւ հավաստիացնելու, որ Թուրքիայի կողքին է ISIS-ի եւ PKK-ի դեմ նրա պայքարում:

Թուրքիան նախապես կաշառել էր իրաքյան Քուրդիստանի առաջնորդներին նրանց բիզնես հնարավորություններ ընձեռելով եւ անմիջապես նրանցից նավթ գնելով, հակառակ Իրաքի կենտրոնական կառավարության առարկություններին:

Անկարան նաեւ դիվանագիտական այցելություններ էր իրականացրել Քուրդիստանում, շրջանցելով Բաղդադի իշխանություններին: Քուրդիստանը, որին Թուրքիան եւ Իսրայելն են պաշտպան կանգնում, ներկայիս դարձել է Իրաքում ամենաապահով եւ ամենախաղաղ տարածաշրջանը, որտեղ ապաստան են գտնում նաեւ շատ հայեր:

Սիրիացի քուրդերի հետ շահադիտական նպատակներով մտերմացած Իրանի համար տեղի ունեցածը այնքան էլ ծանրակշիռ մտահոգություն չի պատճառում, քանի որ Թեհրանն ինքն էլ իր տարածքում ունի քրդական խնդիր:

Քուրդերին շատ անգամ են դավաճանել պատմության ընթացքում: 1920 թվականին Սեւրի հաշտության պայմանագիրը նրանց էլ, ինչպես հայերին, տարածք եւ անկախություն էր խոստացել, սակայն հայերի նման նրանց երազն էլ մնաց չիրականացված: Այս դավաճանությունների արդյունքում քուրդերի մոտ ձեւավորվել է մի ասացվածք, որն հնչում է այսպես- «Քուրդերն իրենց լեռներից բացի ուրիշ բարեկամներ չունեն»: Սա էլ, իհարկե, ժամանակակից աշխարհում դարձել է «ակադեմիական մի հասկացություն»:

Սիրիայում ընթացող այս մարտավարական զարգացումներն անշուշտ իրենց հետեւանքներն են թողնում նաեւ Հայաստանի վրա, որը կորցնում է իր ռազմավարական դաշնակցի կարեւորությունը, քանի որ Իրանն իր Համադան բազան է տրամադրում Ռուսաստանին հարձակումներ իրականացնելու համար Սիրիայի վրա:

Նախագահ Պուտինը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ: Պատմականորեն որեւէ մերձեցում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ միշտ եղել է ի հաշիվ Հայաստանի:

Թուրքիան առայժմ հենվում է Ռուսաստանի վրա Ամերիկայից ազատվելու համար, իսկ Ռուսաստանի Պուտինը ողջունում է Թուրքիայի այդ քայլը, քանի որ դա նշանակում է զգալիորեն մեղմել ամերիկյան ազդեցությունը կամ ներգործությունը Կովկասում: Այս քայլի հետագա զարգացումները անշուշտ հետաքրքրելու են Իրանին, Սաուդյան Արաբիային եւ Եգիպտոսին, որոնք պայքարում են տարածաշրջանի գերիշխանության համար:

Թուրքիան իր բոլոր դիվանագիտական քարտերը գործի է դրել Սիրիական պատերազմում մեծ եւ կարեւոր դերակատարություն ունենալու համար: Դա անտարակույս ուժեղացնելու է նրա դիրքերն այդ տարածաշրջանում ի հեճուկս սիրիացի ժողովրդի, եւ հատկապես այդ ժողովուրդի քրիստոնյա հատվածի: Այդ քայլը Անկարային թույլ է տալու իր վճռական խոսքն ասելու սիրիական պատերազմի ավարտի կամ կարգավորման հարցում: Բայց որտե՞ղ է ավարտը: Այն դեռեւս չի երեւում:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ