ԱՉՔԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԱԻՐ ՅԱՆ Մենք եւ մեր միլիցիոներ-ոստիկանները Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս. քեռիս ոստիկան էր, ավելի ճիշտՙ միլիցիայի մայոր: Հենց մեր տուն էր գալիս, բակի չարաճճի տղաները թաքստոցներից կանչում էին. «Միլիցա-պեպելնիցա, ատամներդ քարից ա»: Քեռիս ներողամիտ ծիծաղով մեր տան դուռը բաց էր անում, բայց ես նրա ծիծաղի մեջ ինչ-որ տխուր բծեր էի տեսնում: Մորս խնդրում էի. «Քեռուն ասաՙ էլ այդ համազգեստով մեր տուն չգա»: Մեր ազգականները քեռուս հոգու հետ խաղում էին. «Տո քեզնից ի՞նչ միլիցա. դու մրջյուն էլ չես տրորի, դու միլիցեքի անվան հետ խաղում ես»: Քեռիս էլի ներողամիտ ծիծաղում էր, ու նրա ծիծաղի մեջՙ նորից այդ տխուր բծերը: Մի օր քեռիս էլի մեր տուն եկավ: Բակի չարաճճի տղաները քեռուս վրա չնայեցին էլ. իրենց «բռնոցի-պպզոցին» շարունակեցին: Քեռիս այլեւս միլիցիայի մայոր չէր, այլ սովորական քեռի: Հագին վանդակավոր, բաց կապույտ վերնաշապիկ էրՙ առանց ուսադիրների: Նա աշխույժ ծիծաղեց. նրա ծիծաղի մեջ տխուր բծեր չկային: Աչքովս տեսածն եմ ասումՙ պատանեկան հուշերիցս. մեր հարեւանի տունը կռիվ էր ընկել: Ուզում էին իրենց մինուճար որդուն բանակից ազատեն ու ելքը գտել էինՙ միլիցիայի դպրոց: Խառը տարիներ էին. տղաներին հենց փողոցից բռնում-տանում էին Ղարաբաղՙ կռիվ: Դպրոցը նոր ավարտած Արտուշի մայրը եղբորից փող էր պարտք արել, մարդ մեջ գցել, որ միլիցիայի դպրոցի տնօրենությանը կաշառի, տղային ընդունել տա: Արտուշի հայրը բղավում էր. «Իմ տղան միլիցա դառնա՞, ես միլիցու հեր ե՞մ, բա ամոթ չի՞»: Իսկ մայրը լաց էր լինում. «Ոչինչ, դիմացի, բա մինուճարիս տանեն կրակի բերան գցե՞ն»: Արտուշին ընդունել տվեցին միլիցիայի դպրոց. նա բանակից ազատվեց: Աշխարհով մեկ եղած մայրը մոմի լույսի տակ աչքալուսանքի սեղան գցեց: Մի-երկու հարեւան մտան նրանց տուն, այն էլ մանրամասներ իմանալու, թե Արտուշի բախտը ոնց, ինչ միջոցներով բերեց: Արտուշի մոր եփած-թխածը մինչեւ առավոտ սեղանին սառավ-մնաց: Մեր բակի տղաների հետեւից հերթով «պավեստկա» էր գալիս, բացի Արտուշից: Նա ուսանողական գրքույկը միշտ ծոցագրպանում էր պահում, որ եթե ստուգեն, հանի-ցույց տա. ինքն ապահովագրված է բանակից ու պատերազմից: Մի-երկու շաբաթից մեր երկրորդ հարկի հարեւան Դավիթի բանակի քեֆն էր: Դավիթն ու Արտուշը նույն դասարանում էին սովորել: Դավիթի հայրն ու մայրը պարտք արեցին, որ իրենց տուն եկող-գնացողին հյուրասիրեն-ճանապարհ դնեն: Ամբողջ թաղը Դավիթենց տանն էր: Նրան զուռնա-դհոլով ճանապարհեցին Ղարաբաղ: Բակի տղաները Դավիթին ձեռքների վրա պահածՙ օդ էին թռցնում, «ջա՜ն, Դավո ջան» գոռում: Արտուշը չկար: Աչքովս տեսածն եմ ասում. մեր օրերում մի առավոտ երթուղային տաքսի բարձրացավ մի զինվոր: Ուղեւորներիս հայացքները վայրկենապես ջերմացան, իսկ տղամարդկանցից մեկն անմիջապես վեր կացավ, թեՙ նստիր, ցավդ տանեմ: Զինվորն, իհարկե, չնստեց: Երկու կանգառ հետո մի տատիկ փողը վարորդին տվեց, թեՙ երկու հատ ստացիր, մեկն էլ մեր զինվորի տեղը: Վարորդն առարկեց. «Ես զինվորի հարյուր դրամը ոչ մի անգամ չեմ վերցնում, մայրիկ ջան. էսօր քոնն էլ չեմ վերցնում, որ դու էդքան ջիգյարով մարդ ես»: Զինվորը կարմրեց. շոգը քիչ էր, անհարմար վիճակից է՛լ ավելի քրտնեց: Աչքովս տեսածն եմ ասում. դարձյալ մեր օրերում մի առավոտ երթուղային տաքսի բարձրացավ մի երիտասարդ ոստիկան: Ազատ տեղ կար, նստեց: Հաջորդ կանգառում մայր ու աղջիկ բարձրացան: Ոստիկանը տեղն ուզում էր զիջել, կինը հրաժարվեց ու քթի տակ մռթմռթացՙ ինձ քո տեղը պետք չի: Ոստիկանը կարմրեց. շոգը քիչ էր, անհարմար վիճակից է՛լ ավելի քրտնեց: Աչքովս տեսածն եմ ասում. Արցախյան պատերազմի վետերաններին մամուլի ակումբներից մեկը հրավիրել էր զրույցի: Թեման 1990-94 թվականների մեր հաղթանակներն ու պարտություններն էին: Հաղթանդամ, ազդեցիկ արտաքինով բանախոսներ էինՙ միլիցիայի նախկին բարձրաստիճաններ, որ մասնակցել էին արցախյան ազատամարտի կարեւոր ճակատամարտերին: Ոգեւորված պատմում էին իրենց սխրանքներից ու մեզ էլ ոգեւորում: Նորաթուխ լրագրողուհիներից մեկը, որ արագ-արագ արձանագրում էր նրանց ասածները, ձայնի անկեղծ երանգով բացականչեց. «Ես էլ չէի ուզում գալ էս ասուլիսին. ինչ լավ եղավ, որ եկա. կարծիքս լրիվ փոխվեց ոստիկանների մասին: Ուրեմն դուք հասել եք մինչեւ Նախիջեւան ու փորձել ազատագրե՞լ այն... Ո՜նց եմ սիրում ձեզ»: Նախկին միլիցիայի նախկին բարձրաստիճան ազատամարտիկի խոսքը բերանում մնաց: Մյուս բանախոսն իրավիճակը հարթեց. «Աղջիկ ջան, երկու ժամում Նախիջեւանը կվերցնեինք, եթե Երեւանիցՙ իշխանություների կողմից հրաման չգար, թեՙ հետ եկեք, թե չէ զինվորական դատարանի առաջ պատասխան կտաք: Իզուր էլ լսեցինք նրանց, պիտի առաջ գնայինք, ջհանդամ թե գլխներիս չէին սարքի ու բանտում փտեցնեին: Հիմա գոնե մեր հողերը մերը կլինեին»: Բամբ ձայնով, խիտ հոնքերով ու ամրակազմ ազատամարտիկ-միլիցիոներներն այդ օրը պատմեցին այն, ինչը մինչ այդ երբեք չէին ասել: Քսան տարուց ավելի կուլ էին տվել, իրենց ներսի ճշմարտության բերանը կարել ու այդ օրը մեկը մյուսին լրացնելովՙ պատմում էին, սկզբումՙ կցկտուր, միմյանց խոսքը կասեցնելով, բայց հետոՙ ավելի անկաշկանդ ու թեթեւացած: Պատմում էին պատերազմի դավերի, յուրայինների դավաճանության, դասալքության ու «վերեւների» քաղաքական խաղ-խարդավանքների մասին: Միլիցիան խոսեց, բայց մենքՙ լրագրողներս, որոշեցինք լռել խոսող բերանների լեզուները կտրել չտալու համար: Ճիշտ է, միլիցիան հիմա ոստիկանություն է դարձել, բայց դեպքերի ու դեմքերի վրա վաղեմության ժամկետ դեռ չի իջել: Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս: Ձմեռ էր, ընտանիքով Երեւանից Աբովյան քաղաք էինք գնում: Հայրս մեքենայի ղեկին էր. մայրս, բարուրը գրկին, արցունքներն էր կուլ տալիս: Ես ու քույրս սսկվել-նստել էինք. նույնիսկ իրար վրա լեզու հանելու տրամադրություն չունեինք: Նորածին քրոջս տանում էինք աբովյանցի բժշկի մոտ: Գոնե նա մի ճար աներ. երեւանցի բժիշկները մորս խորհուրդ էին տվել համակերպվել իրավիճակի հետ: Հորս սրտից արյուն էր կաթում. շտապում էր, բայց օրինապահ վարորդ էր, խախտում չէր անում: Միլիցիան կանգնեցրեց: Տռուզ փորով, ցրտից ու վիտամինների ավելցուկից շողշողացող թշերով կարճահասակ միլիցիոներ էր: Հորս դեմ տվեց ձեռքի փայտիկն ու հրահանգեցՙ փչի՛: Հայրս փչեց. խմած չէր: Մեքենան դրսից ու ներսից հայացքով չափեց-զննեց. կասկածելի բան չգտավ: Ծոր տալով հարցրեց. «Երեւանից Աբովյան ինչի՞ եք գնում»: Հայրս պատասխանեցՙ «Երեխան հենց հիմա 40 աստիճան ջերմություն ունի, պիտի արագ հիվանդանոց հասցնենք. բժիշկն սպասում է, իսկ երեխան սպասել չի կարող»: Միլիցիոների հոնքն էլ չշարժվեց: Ծոր տալով շարունակեց. «Բա էս ցրտին կանգնած ենք առավոտից, չե՞ս ուզում գրպանս տաքացնես»: Կապույտ 5-նոցով հայրս նրա գրպանը տաքացրեց, որովհետեւ միլիցիոների գրպաններն այդպես տաքացնելուն էին վարժեցրել նրան իր ընկերները, ընկերների ընկերներն ու մի ամբողջ երկիր: Քրոջս փրկեցին, բայց ոչ բժիշկները, այլ մայրսՙ իր կամքի ուժով, հավատով ու համառությամբ: Իսկ միլիցիային իմ մանկական պատկերացումներում այդպես էլ ոչ ոք չփրկեց, անգամ մրջյուն չտրորած քեռիսՙ միլիցիայի մայորի իր ուսադիրներով, հակամիլիցիոներական խառնվածքով ու էությամբ: Աչքովս տեսածն եմ ասում. ավելի ճիշտՙ իմ տեսածը շատերն են տեսել «Սասնա ծռերի» հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ արված լուսանկարըՙ երիտասարդ աղջիկն ու ոստիկանըՙ գրկախառնված: Աղջիկը հարցրել էր. «Եթե հրաման ստանասՙ կրակել, դու կկրակե՞ս ինձ վրա»: Ո՛չՙ պատասխանել էր ոստիկանը: Աղջիկն էլ հուզված գրկել էր նրան: Հետո պարզվեց, որ ոստիկանի համազգեստով տղան նկարիչ է: Ու քանի որ հիմա նկարչությամբ փող չես վաստակի, տղան ստիպված հերթափոխով ոստիկան է աշխատում: Այստեղից ոչ թե սկսում են մեր իրականության պարադոքսային երեւույթները, այլ այստեղ դրանք խաչվում են ու բախվում: Ու եթե աչքովս էլ տեսնեմ, էլ ոչինչ չեմ ասի: Գրվածքիս շարունակության մեջ արդեն ուրիշներն են խոսելու: Պարզ հետեւություն. շարունակությունըՙ հաջորդիվ: |