RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՉԻՆԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3483, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 0

G20-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ

Պ. Ք.

Չինաստանի Հանչժոու քաղաքում սեպտեմբերի 5-ին ավարտվեց «Մեծ քսանյակի»ՙ G20-ի գագաթաժողովը: Դրա ավարտին ընդունված հայտարարության մեջ «Մեծ քսանյակի» երկրները խոստովանում են, որ վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացասական ազդեցություն են գործել համաշխարհային տնտեսության վրա եւ ապակայունացրել են այն: G20-ի պետությունները նշում են, որ իրենք կփորձեն վերականգնել աշխարհի տնտեսական կայունությունը:

Այդ համաժողովի նախօրեին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Մեծ քսանյակը» պետք է կենտրոնանա տնտեսական հարցերի, այլ ոչ թե միջազգային քաղաքականության վրա: Նրա խոսքերովՙ քաղաքականության վրա կենտրոնանալու դեպքում համաժողովի օրակարգը կծանրաբեռնվի, եւ ֆինանսների, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների եւ այլ հարցերի փոխարեն «քսանյակի» երկրները «անվերջ կվիճեն» Սիրիայի խնդրի կամ այլ համաշխարհային խնդիրների շուրջ:

Չնայած այս նախազգուշացմանը, համաժողովում զգալի տեղ հատկացվեց քաղաքական հարցերին, մասնավորապես Սիրիայի խնդրին, որի առնչությամբ այդպես էլ չհաջողվեց փոխհամաձայնության գալ: Ի դեպ, Lenta.ru կայքն արձանագրում է, որ G20-ի գագաթողովները վաղուց դադարել են լինել զուտ տնտեսական համաժողովներ: Կայքն անդրադառնում է դրա պատճառներին եւ առհասարակ «քսանյակի» ձեւաչափի գոյության անհրաժեշտությանը:

Թեւակոխում ենք նոր աշխարհ

«Մեծ քսանյակը» ձեւավորվեց 1990-ականների վերջերին, երբ ասիական երկրները համակված էին ֆինանսական ճգնաժամով, իսկ Արեւմուտքի պետությունները չգիտեին դրան ինչպես արձագանքել: Հենց այդ ժամանակ «Մեծ ությակի» ֆինանսների նախարարները հանդես եկան համաշխարհային տնտեսության ճակատագիրը տնօրինողների շրջանակը ընդլայնելու նախաձեռնությամբ: Դրա տրամաբանությունը պարզ էր եւ ակնհայտ. առանց Չինաստանի եւ Հնդկաստանի անհնար է լուծել համաշխարհային տնտեսության խնդիրները: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան անցկացրին G20-ի ապագա մասնակիցների յուրօրինակ դերաբաշխում:

Ի դեպ, 1999 թ. Բեռլինի հիմնադիր կոնֆերանսից հետո G20-ի մասին փաստորեն մոռացան: Մինչեւ 2008 թ. վրա հասած նոր ճգնաժամը գագաթաժողովներ չէին անցկացվում. հիմնական ձեւաչափը ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների ամենամյա հանդիպումներն էին: Սակայն ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկի եւ Fannie Mae ու Freddie Mac հիպոթեկային ընկերությունների սնանկացման հետեւանքները զգացվեցին գրեթե ամեն ինչում: Ֆինանսական իրացվելիության պակասի եւ միջբանկային շուկայի ճգնաժամի մասին խոսում էին ողջ աշխարհում: Ակնհայտ դարձավ, որ ոչ ոք չի կարող միայնակ դիմակայել ճգնաժամին: Նշանակում էՙ հարկավոր էր մեկտեղել ջանքերը:

Հենց այստեղ էլ պետք եկավ պահուստային «քսանյակի» ձեւաչափը: Համաշխարհային տնտեսության կրիտիկական վիճակի վկայությունն էր այն փաստը, որ G20-ի գագաթաժողովներն անցկացվում էին ոչ թե պլանային կարգով, տարեկան մեկ անգամ, այլ որպես արտակարգ արտադրական խորհրդակցություններ: Դրանցից առաջինը «հակաճգնաժամային» հատկանշական վերտառությամբ անցկացվեց 2008 թ. նոյեմբերին Վաշինգտոնում, երկրորդըՙ արդեն 2009-ի ապրիլին Լոնդոնում, իսկ նույն տարվա սեպտեմբերին «քսանյակը» կրկին հավաքվեց ԱՄՆ-ում (Պիտսբուրգ):

2008 թ. գագաթաժողովից հետո Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց. «Մենք թեւակոխում ենք նոր աշխարհ»: Նրա խոսքերովՙ ձեռք էր բերվել «պատմական համաձայնություն ֆինանսական ոլորտում գործունեության հիմնական սկզբունքների եւ ֆինանսական շուկաների գործունեության հսկողության ուժեղացման վերաբերյալ»:

Սակայն այդ գագաթաժողովները իրականում սակավ արդյունավետ էին: Օրինակ, ազգային տնտեսությունների պաշտպանությանն ուղղված ներհովանավորչական միջոցառումները չեղարկելու կոչը մնաց օդում կախված: Ոչ ոք դա չկատարեց. «քսանյակի» մասնակիցները այս կամ այն ձեւով վերմակը քաշում էին իրենց վրա: Իսկ Պիտսբուրգում քննարկված ԱՄՆ բարեփոխման գաղափարը բանավեճերի թեմա է մնում մինչեւ օրս: Բացի դրանից, սկզբունքորեն բազմաթիվ վեճեր է հարուցում նման գագաթաժողովներում ընդունվող որոշումների օրինականությունը. չէ՞ որ «Մեծ քսանյակը» ոչ-պաշտոնական ակումբ է:

Հանդիպումների պատրվակ

Տնտեսական ճգնաժամի սրությունը ժամանակի ընթացքում նվազեց, բայց «քսանյակը» մնաց: Ըստ որում, հասավ նորՙ քաղաքական մակարդակի: Պատճառը շատ պարզ է: Մի կողմից, տարբեր աշխարհամասերի երկրներ միավորող G20-ը շատ ավելի ներկայացուցչական ու հաշվեկշռված է, քան «Մեծ ությակը»: Մյուս կողմից, G20-ի գագաթաժողովը այսպես ասած «բաց դաշտում» հանդիպելու հիանալի առիթ է աշխարհի ղեկավարների համար:

Այդ կարճատեւ բանակցությունները շատ հարմար են, եթե հարկավոր է շփվել առանց պաշտոնական այցի կազմակերպման, քննարկել ընթացիկ հարցերը, ինչպես դիվանագետներն են ասումՙ ստուգել ժամացույցները: «Քսանյակի» գագաթաժողովները հատկապես օգտակար են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է անցկացնել բարդ փոխհարաբերություններ ունեցող երկրների ղեկավարների հանդիպում: Միմյանց հյուր գնալը երբեմն անհնար է լինում քաղաքական նկատառումներով, մինչդեռ հարկավոր է դեմ առ դեմ զրուցել: Նման իրավիճակում G20-ի համաժողովը հենց այն է, ինչ պահանջվում է, քանզի հանդիպումը տեղի է ունենում չեզոք տարածքում:

Օրինակ, սեպտեմբերի սկզբներին կայացած գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցեց իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու ղեկավարների հարաբերությունները արդեն վաղուց իդեալական չեն, իսկ Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած (եւ Վաշինգտոնում միտումնավոր զսպվածության դատապարտված) հեղաշրջման փորձից հետո միանգամայն սառը բնույթ ստացան: Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին համարում է խռովության կազմակերպիչ: G20-ի գագաթաժողովի օրերին երկու նախագահները կարողացան առանձնազրույցի ընթացքում իրենց մտքերն արտահայտել երկխոսությունը բարդացնող խնդիրների առնչությամբ:

Ուշադրության կենտրոնում

Մոսկվայի համար G20-ը առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ Ղրիմի միացումից հետո Ռուսաստանին, որպես պատիժ, հեռացրել են «Մեծ ությակից»: Իրավաբանորեն չի կարելի որեւէ մեկին վռնդել այդ ակումբից, քանի որ այն ոչ-պաշտոնական է, սակայն 2014 թ. հունիսին Սոչիի գագաթաժողովին ներկայանալու փոխարեն ակումբի անդամ երկրների ղեկավարները հավաքվեցին Բրյուսելում, ըստ որումՙ առանց Պուտինի: Իսկ Դոնբասի երկնքում մարդատար օդանավի խոցումից հետո (դրա պատասխանատվությունն անմիջապես բարդեցին Մոսկվայի եւ նրա աջակցությունը վայելող աշխարհազորայինների վրա) Արեւմուտքի ընտրախավը որոշեց ցուցադրել, որ Ռուսաստանը մեկուսացման մեջ է: Այդ պատճառով ավստրալական Գրիսբենում անցկացված գագաթաժողովն արժանացավ առանձնակի ուշադրության: Խփված օդանավում կային մասնավորապես Ավստրալիայի քաղաքացիներ: Այդ երկրում ասում էին, թե ՌԴ պատվիրակությանն առհասարակ չպետք է թողնել մասնակցելու հանդիպմանը: Ի դեպ, այդ գաղափարի կողմնակիցներին շուտով հիշեցրին, որ չի կարելի դա անել, քանի որ խոսքը G20-ի գագաթաժողովի մասին է, եւ որ նման որոշում կարող է ընդունվել միայն ընդհանուր համաձայնությամբ:

Նման պայմաններում Վլադիմիր Պուտինը պետք է ցույց տար, որ Ռուսաստանը թեեւ գժտվել է Արեւմուտքի հետ, բայց սա դեռ աշխարհի վերջը չէ, եւ որ իր երկիրը զրուցակիցներ ունի մոլորակի ուրիշ մասում: Դա արվեց: Ավելին, BRIKS-ի երկրների ղեկավարները համաժողովում դատապարտեցին հակառուսական պատժամիջոցները, ինչը փոքր-ինչ ծաղրական էր: ՌԴ նախագահը նույնիսկ միանգամայն կառուցողական բանակցություններ վարեց Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթի հետ, որը հանդիպման նախօրեին սպառնացել էր «բռնել Պուտինի օձիքից»:

ՌԴ նախագահը համաժողովը լքեց մյուս ղեկավարներից շուտ: Թեեւ այդ մեկնումը ծրագրված էր, մամուլում անմիջապես հայտնվեցին հրապարակումներ, թե Պուտինը իբր փախել է գագաթաժողովիցՙ չդիմանալով ճնշմանն ու մեկուսացմանը: Այլ կերպ ասած, նախագահի նկարագրին հասցվեց որոշակի վնաս, որից կարելի կլիներ հեշտությամբ խուսափել:

Ի դեպ, արդեն հաջորդ գագաթաժողովումՙ Անթալիայում, Ռուսաստանի մեկուսացման մասին ոչ ոք չէր հիշում: Ընդհակառակը, աշխարհով մեկ սփռվեցին Պուտինի եւ Օբամայի զրույցի պատկերները: Երկու նախագահների առանձին բանակցություն նախատեսված չէր, բայց նրանք «Մեծ քսանյակի» նիստերի դահլիճի ճեմասրահում հանպատրաստից երկու բազկաթոռ զբաղեցրին Սիրիայի խնդրի լուծման ուղիները քննարկելու համար:

«Քսանյակը» խփում է «յոթնյակին»

Ժամանակ առ ժամանակ կարելի է խոսակցություններ լսել այն մասին, թե Ռուսաստանը ճիշտ կվարվի, եթե վերստին միանա «յոթնյակին»: Օրինակ, հունիսին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարեց. «Մենք չենք կարող շահագրգռված լինել նրանով, որ G8-ը մեկընդմիշտ վերածվի G7-ի: Մենք անհրաժեշտաբար Ռուսաստանի կարիքն ունենք Եվրոպային հարեւան տարածաշրջաններումՙ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում քրոնիկական հակամարտությունները կարգավորելու, ինչպես նաեւ Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար»: Քիչ ավելի ուշ նույն ոգով արտահայտվեց Գերմանիայի տնտեսության նախարար Զիգմար Գաբրիելը . «Ռուսաստանը ոչ թե տարածաշրջանային տերություն է, այլ կարեւոր խաղացող համաշխարհային ասպարեզում: Ուստի Ռուսաստանին կոչ եմ անում վերստին միանալ խմբին, G7-ը կրկին դարձնել G8»:

Սակայն բուն Ռուսաստանում դրան վերաբերվում են առանց մեծ խանդավառության: «Մենք անհրաժեշտ չենք համարում վերակենդանացնել այն, ինչը մնացել է անցյալում: Դա անցած կրկնություն է, այստեղ չկա նորության որեւէ տարր, ուստի «ութի խմբին» Ռուսաստանի մասնակցությունը, իմ կարծիքով, բնավ էլ այժմեական հարց չէ», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը : Իսկ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Մոսկվայում գոհ են G20 ձեւաչափից, որը հնարավորություն է տալիս ստանալ աշխարհի առաջատար տնտեսությունների արձագանքների առավել լրիվ հատվածը տեղի ունեցող գործընթացների առնչությամբ, առավել ամբողջականորեն է արտացոլում ուժերի դասավորությունը եւ Ռուսաստանին թույլ է տալիս լիովին բացահայտել իր ներուժը այդ ձեւաչափում»:

Վերոհիշյալ անձանց անկեղծությունը դժվար է կասկածի տակ առնել: Աշխարհը փոխվել է, G7-ը այլեւս գերարտոնյալ ակումբ չէ, եւ դրան անդամակցելու համար չարժե դիմել ամեն տեսակ զոհաբերության: Ընդհակառակը, «յոթնյակը» նման է ժամանակավրեպ երեւույթի: Իհարկե, դա չի նշանակում, թե տվյալ ձեւաչափը տեսանելի ապագայում կվերանա: Սակայն ակնհայտ է, որ G20-ն այսօր շատ ավելի մեծ կշիռ ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ