ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Հ.Ծ. «Թվերի խաղը չափազանց հետաքրքրական է: Անցյալ մարտին Թուրքիայի բանտերում 187 հազար բանտարկյալ կար: Հիմա հանկարծ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը որոշել է նրանցից 38 հազարին ազատ արձակել, որպեսզի տեղ ազատի բանտարկյալների նոր խմբերի, որոնք մերօրյա Սուլթանի հրամանով ձերբակալված են, կալանավորված կամ բանտարկված: Նրանց թիվը կարող է տատանվել 32-ից 35 հազարի միջեւ: Նրանց թվում զինվորականներ են, դատավորներ, լրագրողներ, ուսուցիչներ, քաղպաշտոնյաներ եւ հասարակ քաղաքացիներ», գրում է Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտ» անգլիական թերթում: Ըստ նրա, երկրի 364 բանտերից «քրեական բարեփոխումներ» անվան տակ ազատ արձակվածներին պաշտոնական Անկարան չնայած ներում չի շնորհել, բայց իրականում կատարվածը ներում է, եւ ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կրկնակի հանցագործներ չեն դառնա: Հետաքրքրական է նաեւ նկատել, թե ինչպիսի հեշտությամբ է Թուրքիան ազատ արձակում իր բանտարկյալներին, եւ թե ինչպես է քաղաքական կարեւորագույն մի ճգնաժամ ազդում երկրի անվտանգության համակարգի վրա: Երբ 1980-ին թուրքական բանակը հեղաշրջում իրականացրեց, ստիպված եղավ բանտային «տարողությունը» 55 հազարից բարձրացնել մինչեւ 80 հազարի, որպեսզի հնարավոր լինի մեկուսարաններում պահել նոր ձերբակալվածներին: Հիմնականում ծայրահեղ ձախակողմյան եւ ծայրահեղ աջակողմյան խմբակցություններից ձերբակալված տղամարդկանց այս խումբը, որ պարզապես մասնակցել էր դեռեւս սաղմնային վիճակում գտնվող քաղաքացիական պատերազմի մարտերին, երկար տարիներ առանց դատավարության մնաց եւ հյուծվեց բանտերում: Հիմքեր չկան ենթադրելու, որ ներկայիս ձերբակալվածները չեն արժանանա միեւնույն քմահաճ վերաբերմունքին իրենց ենթադրաբար «գյուլենիստ» համարվելու պատրվակով», շարունակում է Ֆիսքը եւ հավելում: «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի կոռուպցիայի եւ սադիզմի դրսեւորումներով տեսարանները լավ պատկերացում են տալիս Թուրքիայի բանտային անփառունակ վիճակի մասին, որ ծնունդ է առնում Օսմանյան ժամանակաշրջանից: Երկրի ամենաճանաչված բանտարկյալըՙ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, հավանաբար դեռ երկար ժամանակ շարունակելու է Մարմարա ծովի Իմրալը կղզում անցկացնել իր մեկուսարանային կյանքը, որն արդեն ութուկես տարի է ձգվում: Մինչ նրա կողմնակիցներն ու հետեւորդները երկրի հարավարեւելյան շրջանների (հատկապես Դիյարբեքիրի) բանտերն են լցրել, թուրքերի դեմ նրանց մղած մարտերն այնքան արյունալի են դարձել, որ մարդկային կորուստներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան բանտարկվածները: Ենթադրվում է, որ 1984-ից 2012 թվականը ավելի քան 21 հազար քուրդ է սպանվել, որին պետք է գումարել նաեւ 2000 այլ սպանվածներ անցյալ տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: «Տարօրինակ է, որ 38 հազար բանտարկյալներին ազատ արձակող հրամանների կազմում ներառված են եղել նաեւ այնպիսիք, որոնք պաշտոններից ազատել են վերջերսՙ 2360 ոստիկանների, առնվազն 100 սպաների եւ զինվորականների եւ մոտ 190 քաղպաշտոնյաների: Հաշվի առնելով նորանոր ձերբակալությունները, կարող ենք վստահ լինել, որ բանտապահներին պաշտոնից հեռացում կամ ազատում չի սպառնում», եզրակացնում է Ռոբերտ Ֆիսքը: Թարգմ. |