RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՆԵՐԳԱՂԹ - ԱՐՏԱԳԱՂԹ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4439, Տպվել է` 378, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....»

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

(Ենթախորագրի փոխարենՙ հարցական նշան)

Սկիզբը` նախորդ համարներում

***

Ինչպես որ ներգաղթն ունեցավ մի քանի ալիք, այնպես եւ արտագաղթը: Ինչպես ասացինքՙ ամեն ինչ սկսվեց Խրուշչովից, երբ 1962 թ. Երեւան ժամանեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պինոն: Նա ցանկություն հայտնեց հանդիպել Ֆրանսիայից հայրենադարձածների հետՙ պայմանավորված վայրում, Թումանյանի թանգարանի սանդուղքների վրա: Ֆրանսահայ հայրենադարձները աղմկալից ցույց կազմակերպեցին, որի վկան հենց ինքը Պինոն էր: Ետդարձին նա Մոսկվայում հանդիպում է Խրուշչովին եւ նրան հանձնում մեր ախպարների ցույցի պետիցիան (բողոք-դիմումը): Եվ Խրուշչովը հաջորդ տարվանից թույլ է տալիս, որ ֆրանսահայերը արտագաղթեն Ֆրանսիա: Այսպես ամեն ինչն սկսվեց, եթե ճիշտն ասենք, ֆրանսահայերից-Պինոյից-Խրուշչովից... Այնժամ ծագեց ներկայիս «9-րդ ալիքի» առաջին հոսքը: Հավանական է այն պիտի համարել 1963-1966 թթ., երբ Հայաստանից սկսեցին հեռանալ առավել զարգացած «կապիտալիստական» երկրներից եկածներըՙ ամերիկահայերը եւ ֆրանսահայերը: Սրանք արտագաղթի առաջին ձնծաղիկներն էին, սակայն ինչպես որ այն սկսվեց խրուշչովյան ձնհալի օրոք, այնպես էլ վերջացավ Խրուշչովին գահընկեց անելուց հետո: Նիկիտա Սերգեեւիչը իրականում առաջադեմ մարդ էր, նրա օրոք, ճիշտ է, հետապնդվել են, եւ գրական նշանակալից դեմքեր, ինչպես օրինակ 20-րդ դարի ռուս մեծագույն բանաստեղծներից մեկըՙ Բորիս Պաստեռնակը, որի ստեղծած «Դոկտոր Ժիվագո» հանճարեղ վեպը արժանացավ Նոբելյան մրցանակի, սակայն Խրուշչովը «ստիպեց» բանաստեղծին հրաժարվելու մրցանակից, հակառակ դեպքում նրան սպառնում էր վտարանդիություն Ռուսաստանից:

Սակայն Խրուշչովը մարդկանց չէր գնդակահարում կամ աքսորում Սիբիր:

Խրուշչովին փոխարինեց անփոխարինելի Լեոնիդ Իլյիչը: Վերջինիս օրոք «քիչ մը վեր քաշված «Երկաթե վարագույրը» նորեն վար ինկավ»:

Եվ սկսվեցին լճացման տարիները: Հարկ է ասել, որ 1973-1979 թվականներինՙ Մեծ հոկտեմբերի 60-ամյակին ընդառաջ, դյուրացավ երկրից ելնելը, առաջացավ ետդարձի «2-րդ ալիքը», երբ մեր մնացած ախպարներից շատերըՙ Հունաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Սիրիայից նորից ոտքի ելանՙ զորագրվելով «Երթալը ճիշտ է» կարգախոսին: Հենց զգացին, որ գնալը կամ գնալու ցանկությունը առաջ չի բերի հալածանքներ, բռնություններ, գնացողների ցուցակներն ընդլայնվեցին: Բայց «2-րդ ալիքի» մասնակիցները հիմնականում էլի «մեր ախպարներն» էին: Տեղացիները դեռ տեղներից չէին շարժվում, բացառություն էին կազմում ախպարների հարսներն ու փեսաները: Իսկ «3-րդ ալիքը» համարյա կործանիչ էր, այն վրա հասավ սովետի կործանման փոթորկից եւ սկիզբ առավ Հայաստանում ՀՀՇ-ի իշխանության գալովՙ 1991 թվականից եւ շարունակվեց ակտիվ փուլով մինչեւ 1999 թվականը: «3-րդ ալիքի» մասնակիցները արդեն առավել չափով տեղացիներ էին, որոնց կարելի էր առանձնացնել երեք հասարակական շերտերի.

Առաջին. Սովետի փլուզումով պաշտոնից, այսինքնՙ կերակրատաշտակից հեռու մնաց չինովնիկա-նոմենկլատուրային խավը եւ նրանց ժառանգները:

Երկրորդ. ՀՀՇ-ի օրոք հարստացածները, որոնց գումարվեցին եւ Սովետի օրոք կապիտալ դիզածները, այսինքնՙ բացարձակապես հարուստ խավը, որը փախչում էր աղքատացող երկրից, ծրագրելով ԱՄՆ-ում վայելել թալանածը: Եվ այսպիսիների համար գնալը հեշտ էր:

Եվ վերջապես երրորդ. բացարձակապես ընչազուրկ, աղքատ, բանկի եւ «տոկոսի» մամլիչի տակ ընկածների խավը, որոնք Լոս Անջելեսի տոմսի դիմաց կտային իրենց տունը կամ թե կրկին «տոկոսի» տակ տոմս կառնեին, միայն թե գնային «այս երկրից»: Եվ այսպիսիների համար գնալը դժվար էր, քանզի ոչ ոք չի սիրում «աղքատի հարսին»: «Երթալու» այս տենդենցը 1999 թվով դժբախտաբար չավարտվեց, այլ համաճարակի բռնկումից կարծես անցավ քրոնիկ վիճակի:

***

«Անի» հյուրանոցի առաջին հարկի սրահի հարմարավետ սրճարանում երեկոյան դեմ նստած զրուցում ենք: 1992 թվականն է: Չորս հոգի ենք, անունները չեմ ուզում տալ, քանի որ դա այնքան էլ էական չէ, էականը հայացքներն են, տեսակետները: Մեկը, համեմատաբար ամենաավագը, դաշնակցական է, մյուսըՙ ինձնից մեկ տարով մեծը, կոմունիստ է, երրորդըՙ իմ հասակակիցը, լիբերալ հայացքների տեր բանաստեղծ է:

Բանաստեղծն ասում է. իրապես ազատն այն երկիրն է, որի քաղաքացիները երբ ուզեն կարող են թողնել իրենց հայրենիքը, գնան այն երկիրը, ուր իրենք նախընտրում են մի որոշ ժամանակ ապրել. 21-րդ դարում հայրենիքը առավել չափով պատմաաշխարհագրական հասկացողություն է: Մանավանդ ստեղծագործող մարդու պարագայում, հայրենիքն ապրում է ստեղծագործողի հոգում, նրա գրածներում: Ամերիկացի Չապլինը նախընտրեց ապրել Շվեյցարիայում, իսպանացիներ Դալին եւ Պիկասոնՙ Փարիզում, ռուս գրող Նաբոկովըՙ Շվեյցարիայում, ամերիկացիներ Հեմինգուեյը եւ Ֆիթցջերալդը իրենց լավագույն տարիներըՙ Փարիզում, իռլանդացի Ջեյմս Ջոյսըՙ Վենետիկում, գերմանացի Թոմաս Մանըՙ ԱՄՆ-ում, եւ այսպես շարունակ: Որտեղ կուզես, այնտեղ էլ ապրիրՙ ահա ճշմարիտ դեմոկրատիան:

Դաշնակցական ընկերն արմատապես դեմ էր այդ կարծիքին:- Ատ ատեն Հայաստանը կդատարկվի...

- Սրանց ուզածն էլ դա է, ինչքան քիչ ժողովուրդ, այնքան հեշտ կլինի նրանց պահելը: Այդ ինչո՞ւ կոմունիստների ժամանակ մարդիկ չէին լքում Հայաստանը:

- Իսկ թողնողն ո՞վ էր: Ես օրինակ, ինչպես եւ հայրս, (երկրից դուրս գալու իրավունք չունեցող) էինք մինչեւ 1987 թվականը, մինչեւ Գորբաչովի գալը... Եթե մարդիկ համոզվեն, որ կարող են գնալ եւ ետ գալ, ապա շատ մարդ մշտական չի լքի Հայաստանը, - այդ էլ իմ կարծիքն էր:

Բանաստեղծը թեՙ էլ ո՞վ մնաց, որ չգնաց, Երեւանում դատարկվել են ներգաղթած հայերի ամբողջական «ախպարական» թաղամասեր: Նրանց անուններն անգամ էլ չեն արտասանվումՙ Արաբկիր, Բութանիա, Այգեստան, Կիրզա: Պարզ է, եթե Ամերիկայում ավելի լավ չլիներ, ինչու պիտի Հայաստանը հազարներով լքեին: Անգամ անեկդոտ հորինած են.

«Եթե հոս լավ է, հոն վատ է, ապա ինչո՞ւ կըսեն հոնի արաղը, այլ ոչ թե հոսի արաղը, ինչո՞ւ կըսեն հոնորար, ոչ թե հոսորար կամ հոնենի, այլ ոչ թե հոսենի», - ոգեւորված մեջտեղ բերեց հազար անգամ լսված կատակը:

- Ինչո՞ւ չեչենները, որ մի քանի տարի պատերազմում են Ռուսաստանի հետ, չեն լքում իրենց հայրենիքը, ուրեմն այստեղ խնդիրը հայրենասիրության աստիճանի մեջ է: Մեր հայրենասիրությունն այսօր իջել է գռեհիկ, էժանագին մակարդակի ռաբիս երգչի երգի տողերով. «Հայ ես դու, հայ եմ ես, վա՜խ քո ցավը տանեմ ես»: Ու՞ր հասանք, -կոմունիստ ընկերն էր:

- Ի՞նչ տարբերություն,- շարունակեցի ես,- այդ նույն երգիչը շատ սիրված է Ամերիկայում, նա եւ այլ հայտնի ռաբիս երգիչները տասնյակ հազարների հանդիսատես են հավաքում իրենց համերգներին, այնպես որՙ ճաշակի հարց է:

- Այդ նույն խավն է, որի համար նշանակություն չունի, թե որտեղ է ինքը քեֆ անումՙ Դուբայու՞մ, Լոս Անջելեսո՞ւմ, թե՞ Երեւանում, միայն թե լսի «Վա՜խ, քո ցավը տանեմ ես...» եւ վրա տա քյաբաբ խորովածին,- վրդովվում էր բանաստեղծը:

- Եթե հոն լավ է, ապա ինչո՞ւ շատերն այնտեղ փող են հավաքում, որ մեկ շաբաթով գոնե Երեւան գան, ապա այս հարյուրավոր զբոսաշրջիկները, որ ճեմում են «Անի»-ի սրահում, ապա մեր դաշնակ ընկերը, որն ամեն տարի գալիս է Հայաստան, ինչու՞ հոս են, այլ ոչ թե հոն:

Իմ այս խոսքերին դաշնակցական ընկերս ուներ իր պատասխանը. «Հոս է մեր հայրենիքը, եւ մենք կուզենք գալ եւ ոչ միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, միայն թե մեզ համար նորմալ պայմաններ ստեղծեք, օրենքի եւ արդարադատության տիրապետություն, այլ ոչ թե ամենաթողության եւ կոռուպցիայի մթնոլորտ, ան ատենը հոսկե հոն չեն երթար, իսկ հոնկե հոս կուգան»:

- Ժամանակ կար,- խառնվեց կոմունիստը,- որ այս երկրում թե՛ ուսումը, թե՛ բժշկությունը անվճար էր, մարդն իր օրինական աշխատավարձով հանգիստ ապրում էր, դեռ օգոստոսի տապին ընտանիքն էլ Սոչի էր տանում, մեկ աշխատավարձով կարող էր մեկ տոննա պոմիդոր գնել:

- Բայց այդ նույն երկրում ոչնչացրին Չարենցին, Բակունցին... Աստված ոչ անի նորից կոմունիստները վերադառնան: Չէ՛, ես կնախընտրեմ ապրել ազատ աշխարհում, մի երկրում, որ երկաթե վարագույր չլինի, կարճ ասածՙ մարդու խոսքը ազատ լինի, դուրս գալն ազատ լինի, - մեր բանաստեղծն էր:

Այսպես զրույցը շարունակվում էր «Անի»-ի սրճարանում ամերիկյան ջազային նվագի եւ սուրճի համեղ բուրմունքի ներքո:

...Իսկ Ղարաբաղում ընթանում էր պատերազմը:

***

Շեննոնից-Նյու Յորք ողջ ճամփան թռիչք էր Ատլանտյան օվկիանոսի վրայով, մոտավորապես յոթ ժամ, մենք իրոք որ Աստծո ձեռքում էինք... Վերջին չորս տարին ես լավ նիհարել էի, իհարկե առանց դիետաների: Կյանքն ինքը մեզ բոլորիս կամավոր դիետայի էր նստեցրել, արտաքինից բավական երիտասարդացել էի, փոր կոչեցյալը վերջապես (հուրախություն տողերիս հեղինակի) չքացել էր, մազերիս ճերմակը դեռ քիչ էր, դե տարիքս էլ հաճելի մի թվի վրաՙ 47: Հիշեցի, որ այդ տարիքում մեծ հայրսՙ Վարպետը, ապրում էր Վենետիկում եւ գրում իր հին ընկերոջըՙ Վահան Զաքարյանին (1922, ապրիլ 6, Վենետիկ). «Ամբողջ ժամանակս անցնում է պարապելով, ուրիշ ոչ մի մխիթարանք չունեմ, թե հայրենիքից եմ հեռո՜ւ, եւ հեռո՜ւ ընկերներից» (VI, 187):

Մի ուրիշ նամակի տողեր էլ հիշեցիՙ գրված Նյու Յորքի «Հայաստանի կոչնակ» ամսագրի խմբագիր Հովհաննես Ավագյանին եւ էլի Վենետիկից (1923, հուլիսի 3) «Վենետիկը միջնադարյան քաղաք է, անձուկ իր գաղափարներով ու փողոցներով, խեղդվում եմ հոս...»( VI, 189):

Եվ սա գրում է Իսահակյանը Վենետիկից, որի «հոս»-ը «հոն» էր նշանակում, «խեղդվում եմ հոս...»:

«Հայրենիքից հեռո՜ւ, եւ հեռո՜ւ ընկերներից» միջավայր է որոնում «նոր ներշնչումների» համար: Թեեւ արդեն գրել էր «Լիլիթը», «Սաադիի վերջին գարունը», «Սասմա Մհեր» պոեմը, հրատարակել «Աշնան ծաղիկներ» հրաշալի ժողովածուն: Եվ մի գեղեցիկ տան մեջ էլ Dorsoduro 2266 հասցեով, ապրում էր կնոջՙ Սոֆյայի եւ Մուրադ Ռափայելյան դպրոցի սան որդուՙ Վիգենի հետ: Էլ ի՞նչ էր մարդուն պետք «նոր ներշնչումների» համար: Բայց արի ու տես, թե նա որքա՜ն հեռու էր իրեն երջանիկ զգալուց:

Իսկ ես ի՜նչ վիճակում էի 1992 թվականի դեկտեմբեր ամսին, թեեւ ավագ գիտաշխատակից էի ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, բանասիրական գիտությունների դոկտոր, նաեւ Երեւանի պետական համալսարանի դասախոս, երկու երեխայի հայր, հայրս ու մայրս էլ, փառք Աստծո, կենդանի էին, հեղինակ էի չորս գրքի, մեկն էլ տպագրվել էր Մոսկվայում, գրպանումս ունեի ուղիղ 50 դոլար, մի այդքան էլ թողեցի կնոջս եւ ստեղծագործական գործուղման մեկնող գրողի կարգավիճակով 82 օրով թռչում էի Լոս Անջելես, հույսովՙ այնտեղ Իսահակյանից մի հատոր տպագրեմ, տիրաժը վաճառեմ եւ գամ ետ հայրենիք, էդ վաստակած դրամով տունս պահեմ, մինչեւ հաջորդ գնալը...

Մեր կանգառը Նյու Յորքում շատ կարճ ժամանակ պիտի տեւերՙ 50 րոպե եւ այդ ընթացքում ես պետք է ստանայի իրերս եւ հասցնեի Նյու Յորք-Լոս Անջելես չվերթինՙ օդանավակայանին կից մի այլ շենքում: Հազիվ շնչակտուր գցեցի ինձ օդանավ եւ մեկ րոպեից դռները փակվեցին:

Այս անգամ նստած էի զուտ ամերիկյան մի ընտանիքի հարեւանությամբ: Ծանոթացանք, ասացի, որ առաջին անգամ է, որ Ամերիկայում եմ, որ հայ եմ, Երեւանից: Քիչ անց շատ համակրելի տեսքով ինքնաթիռի ուղեկցորդուհին բոլորիս հյուրասիրեց պաղպաղակով: Կողքիս նստած պատանի ամերիկացին իր պաղպաղակին ձեռք չէր տվել, եւ երբ ես իմը կերա վերջացրի, տեսնեմ, որ պատանյակը ուղղում է ինձ պաղպաղակը եւ ժպտադեմ ասումՙ խնդրում եմ այս էլ վերցրեք իմ կողմից, չէ՞ որ դուք հյուր եք: Ես բնավ չէի սպասում նման քայլ ընդամենը 10-12 տարեկան տղայի կողմից, բանն իհարկե պաղպաղակը չէր, այլՙ մարդկային անկեղծ վերաբերմունքը եւ ժպիտը...

...Ինքնաթիռները երկու օր Երեւանից Մոսկվա չէին թռչում, Փարաքարում անբնական իրարանցում էր, ասես ոչ թե 1992 թիվն էր, այլՙ 1942, մեր օդանավըՙ լեփ-լեցուն: Իջավ Ադլեր լիցքավորվելու ու մի 40 մարդ Վրաստանից ներխուժեցին եւ կանգնած թռան մինչեւ Մոսկվա:

Եվ հանկարծ Շեննոն եւ հանկարծ առաջին պատահած պատանի ամերիկացին, նրա պաղպաղակն ու ժպիտը: Եվ ողջ անցած դեկտեմբեր ամսում առաջին անգամ ջերմություն զգացի հոգուս մեջ: Մենք պետք է թռչեինք Ամերիկայի մի ծայրից մյուսըՙ Ատլանտիկական օվկիանոսի ափերից մինչեւ Խաղաղ օվկիանոս, մինչեւ հայոց Լոս Անջելեսը:

***

Կալիֆոռնիայի արեւոտ երկնքի տակ ես ոչ մի անգամ չլսեցի «Երթալը ճիշտ է» կամ «Տուն դարձիր» խոսքերը: Փոխարենը կհարցնեին «Պարոն Իսահակյան, տուրի՞ստ եկած եք, թե՞ մշտական»: «Մշտական» բառը սկզբում մեջս մի տեսակ տագնապ էր առաջացնում, հետո վարժվեցի: Եվ երբ պատասխանում էի «Հայրենիքեն դուրս մշտական մնալը ճիշտ չէ», բոլորը թեթեւացած ժպտում էին: Ինչ-որ մի բեռ ասես ընկնում էր նրանց ուսերից: Այս ակնթարթն էլ հոգեբանորեն շատ բնորոշ է ամերիկահայ մեր հայրենակիցներին: Երեւի այդ մարդը կամ մարդիկ մտավախություն ունեն.

ա) եկող հյուրըՙ հույսը իր վրա դրած է,

բ) ասանկ որ երթա, հոս հայը ոտք դնելու տեղ չի ունենար:

Ինչ որ է, որքան մարդ, այնքան պրոբլեմ: Հաճախ նման հարց տվողներին ես պատմում էի հետեւյալ անեկդոտը. «Գիտե՞ք հրեաներն ինչպես են կոչում իրենց այն հայրենակցին, որ մեկ անգամ Ռուսաստանից մեկնել է Իսրայել եւ հետո էլի ետ եկել Ռուսաստան: Ինչպե՞ս: Սովետական Միության կրկնակի հրեա»: Անշուշտ, նկատի ունենալով Սովետական Միության կրկնակի հերոս շատ հազվագյուտ տրվող կոչումը:

- Ինչո՞ւ կնեղվիս, հոս եկածներեն հարյուրեն մեկը հոն կվերադառնա:

- Շա՜տ իզուր, մինչդեռ պետք է լիներ հակառակը:

Սեղանը, որ իմ գալու առթիվ գցել էր մորս հորեղբոր աղջիկըՙ քանդակագործ Ալիս Մելիքյանը, շա՜տ ճոխ էր, եւ 1988 թվականից հետո ես նման սեղան չէի տեսել:

- Ալիս ջան, այս ի՞նչ ես արել, երեւի ողջ ամսվադ թոշակը ծախսել ես, շա՜տ գեղեցիկ սեղան է...

- Հեչ հոգ մի՛ անի, Ավիկ ջան, ընդամենը թոշակիս մեկ շաբաթվա հասանելիքն է ծախսված, հետո մի՛ մոռացիր, որ ես ե՛ւ նկարչուհի եմ, ե՛ւ քանդակագործ, ա՛յ, հենց հիմա մի լավ պատվեր ունեմ Ալիսիա Կիրակոսյանից:

Ես հասկացա, որ օրվա ապրուստի փողը, հարուստ կամ համեստ սեղան գցելը Ալիսի համար պրոբլեմ չէ: Նաեւ իմ գալու առթիվ կային հրավիրված հյուրերՙ իմ լավ ընկերըՙ Վարուժան Դեմիրճյանը (կոմպյուտերային ինժեներ), որ հասել էր Ամերիկա Բեյրութ-Փարիզ ճամփով, գրականագետ Սոֆյա (Սրբուհի) Հայրապետյանը, որ հասել էր Լոս Անջելես Բեյրութ-Փարիզ-Երեւան-Լոս Անջելես ճամփով, երեւանյան մեր «Տան տղան»ՙ հեռուստալրագրող Ալբերտ Գրքաշարյանը, որը եկել էր Լոս Անջելես Բեյրութ-Երեւան-Լոս Անջելես ճամփով, Ալիսի ընկերուհին, մի ազնվական տիկինՙ Օվսաննա Կյուրեղյանըՙ այստեղ հասած Բուխարեստ-Լոս Անջելես ճամփով, Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի երբեմնի անդամ տիկին Շաքեն եւ նրա դուստրը, սունդուկյանական նախկին դերասանուհի Թագուհի Հակոբյանը, որոնք Լոս Անջելես հասել էին անցնելով Կոստանդնուպոլիս-Երեւան-Լոս Անջելես ճամփան: Իսկ ինքըՙ ինձ հյուրընկալողը, իմ սիրելի Ալիսը, որին ես գիտեի վաղ մանկության օրերից, ժամանել էր Լոս Անջելես, անցնելով Փարիզ-Երեւան-Լոս Անջելես ճամփան:

Ինչպես տեսնում ենք, բացառությամբ մեկ-երկու հոգու, Երեւանն այս կամ այն չափով անցել է Ալիսի եւ նրա հյուրերի ճակատագրով: Սակայն նրանցից եւ ոչ մեկը չէր ցանկացել մնալ Երեւանում: Իհարկե, նրանցից ոչ մեկն էլ չէր ծնվել Երեւանում, եւ Երեւանը, ըստ ամենայնի, նրանց համար չդարձավ հայրենիք, վաթան, հայրենի տուն, որից անկարելի է բաժանվել:

Չդարձավ միայն հայրենադարձների մտածողության պատճառո՞վ, իհարկե ոչ, այստեղ պատճառների հիմքերն ավելի խորն էին, եւ մի հիմնական պատճառ կարՙ երկու սիստեմների անհամատեղելիությունը: Էական այնպիսի գործոններ, որոնք կապված են աշխարհայացքի, մտածողության, մարդկային խառնվածքի հետ:

Եվ որքան էլ փորձեցին թե՛ 1936, թե՛ 1946 թթ. եւ հետո մարդկանց կաղապարների մեջ դնել, բռնությամբ թե «քաղցր խոսքով» հարմարեցնել իրենց սիստեմին ու մտածողությանըՙ ապարդյուն: Բան չստացվեց: Տեսան, որ չեն կարող իրականում բան փոխել, հայրենադարձները սպասեցին իրենց ժամին եւ բռնեցին արտագաղթի ճամփան:

***

Եվ ինչպես արդեն նկատել էի, այստեղ էլՙ Լոս Անջելեսում, հայերի շրջապատում խոսակցության մշտական թեման Երեւանն էր: Հիշում էին իրենց հետ կապված ե՛ւ լավը, ե՛ւ վատը, հիշում էին իրենց հին տունը, հարեւաններին, հեռվից շա՜տ բան այլ էր թվում: Բայց հիշողությունը միշտ մնում է մարդու հետ: Սոֆյան եկել էր Հայաստան «Սինայ» անունը կրող նշանավոր նավով, որ 1949 թվականին մի մեծ զանգված հայություն բերեց Մարսելի նավահանգստից: Նույն նավում են եղել ե՛ւ Սոֆյան, ե՛ւ տիկին Շաքենՙ իր դուստր Թագուկի հետ, մեծ քանդակագործ Երվանդ Քոչարը, ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը, հորս ընկեր Ժիրայր Ինչեյանը: Սոֆյան, որ հեղինակն էր «Հայ միջնադարյան գրականության պատմություն» գրքի, լայն գիտելիքների տեր եւ միաժամանակ գեղեցիկ կին էր: Ժամանակին աշխատել է իմ հարազատ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եւ շա՜տ կապված էր ինստիտուտի աղջիկների հետ: Խոսում էր մաքուր երեւանցու առոգանությամբ: Նա ասում էր անթաքույց ցավով. «Ես այդպես էլ տեղացի չդարձա, ինձ նայում էին թե՛ մեր թաղում, թե՛ համալսարանում ուսմանս տարիներին, թե՛ անգամ Ակադեմիայի սիստեմում որպես հեռու երկրից չված մի էկզոտիկ թռչնի»: Ինչո՞ւ: Գեղեցիկ էր, հպարտ, միշտ մոդայիկ հագնված, խոսում էր կիրթ, գիտեր իր արժեքը, լավ ընկերուհի էր, ազատ տիրապետում էր չորս լեզվի: Չէ՞ որ այս ամենը բնորոշում էր նրան միայն դրական կողմով: Սակայն արի եւ տես, որ Խորհրդային Հայաստանի հետ նրա «սիրավեպը» չկայացավ: Բանն այն էր, որ «հին գվարդիայի» բոլշեւիկ-գիտնականների մոտ Սոֆյան ընկալվում էր որպես յուրատեսակ «սպիտակ ագռավ», իրենցից չէր, իսկ, մյուս կողմից, կար մի վիթխարի անդունդ նրա եւ նույն այդ շրջանում իրենց «գիտական» կարիերան անող ուսման առաջադեմ կոմերիտուհիների միջեւ:

Նա պիտի գրեր թեկնածուական ատենախոսություն արեւմտահայ տաղանդավոր արձակագիր եւ հրապարակախոս Հրանտ Ասատուրի մասին: Բայց արի ու տես, որ խանգարում էին, սկսած թեմայի ընտրությունից: Հրանտ Ասատուրը շատերի համար «անընդունելի» անուն էր, Դաշնակցությանը մոտ կանգնած հեղինակ, անկախ հայացքների տեր մարդ: Ինչպե՞ս խորհրդային ինստիտուտում գրել նրա մասին: Սոֆյայի գրած գիրքը Հրանտ Ասատուրի մասինՙ տպագրությունից հանվեց, կազմակերպվեց ձեռագրի քննարկումը, որը հռչակվեց «ժամանակավրեպ» եւ թույլ ու գործը փակվեց: Որքա՜ն-որքան թաշկինակ է Սոֆյան թրջել եւ մեկ անգամ էլ դիրեկցիայի հետ հերթական նիստից առաջ որոշում է պայուսակում թաշկինակ չդնել. «Ինչ էլ ասենՙ լաց չեմ լինելու» - արդյունքում ղեկավարի սենյակից արցունքն աչքերին դուրս է պրծնում, ձեռքը գցում ընկերուհու թաշկինակին: Մեր պնդաճակատ լենինյան գրականագետները, ախր, ուրիշ առվից ջուր խմած էին... եւ ոմանք էլ միաժամանակ հավատարիմ մնալով բոլշեւիկի «բարոյական կոդեքսի» սկզբունքներին, սակայն գերին էին իրենց վավաշոտ բաղձանքների եւ դրանց իրականացման միայն մի ճամփա գիտեինՙ իրենց գիտական պաշտոնի եւ կոչումի չարաշահումը: Եվ հենց այս տեսակետից էլ նրանք Սոֆյային չէին ըմբռնում, չէ՞ որ բազում երիտասարդ ասպիրանտներ անցել են այս ճամփով, հետո էլ դարձել կուսակցության անդամ, ամբիոնի վարիչ եւ հետո էլ էլի ուրիշ բարձունքների գցել իրենց անկուշտ հայացքը: «Քեզ ի՞նչ պատահեց, աղջիկ ջան, թե՞ դու վերին արտի ցորենն ես»: Այո՛, Սոֆյան «վերին արտի ցորենն էր»: Ատենախոսությունը Հրանտ Ասատուրի մասին գրվեց, թեեւ մեկ տասնյակից ավելի թաշկինակ թրջվեց:

Սոֆյան, ի վերջո տեղացի ամուսնուն ապահարզան տվեց, դեռատի դստրիկին վերցրեց, իր մենագրության ձեռագիրը հետը, եւ քվեարկեց «Երթալը ճիշտ է» կարգախոսի օգտին: Միացյալ Նահանգներում նա, իհարկե, տպագրեց իր բազմաչարչար գիրքը Հրանտ Ասատուրի մասին:

Այժմ մենք նրա եւ Ալիսի հետ նույն սեղանի շուրջն ենք եւ նա ինձ նվիրեց իր հեղինակած «Հայ միջնադարյան գրականության պատմություն» ծավալուն հատորը: «Ինչպե՞ս է քեզ թվում, այնտեղ արդյոք ընկերներ (...) կթողնեի՞ն, որ ես նման հատոր լույս ընծայեի»:

Ինչ կարող էի ես պատասխանել, ուստի եւ ասացիՙ «Կարեւորը գրելն է»:

Շարունակելի 3

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ