RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6384, Տպվել է` 630, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՏԱՀԱՆԵԼՈՎ ԿՈՆՅԱԿԸ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՈՒՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵԿԳ տնօրենը հայտնեց խաղողի այս տարվա մթերման գինը, անդրադարձավ կոնյակի արտահանմանը եւ այս ոլորտում ստեղծված նոր կացությանը

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջիկա օրերին սկսելու է խաղողի մթերումը: Այս մասին մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնեց ձեռնարկության գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը : Թեեւ լրագրողների հետ հանդիպման առիթը հայկական կոնյակի առաջատար ընկերության կողմից նորՙ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված կոնյակի ներկայացումն էր, բայց ընկերության տնօրենի հետ զրույցը մեր տնտեսության եւ հատկապես արդյունաբերության կարեւոր ճյուղերից մեկիՙ կոնյակագործության ներկա կացության, ներքին եւ արտաքին շուկաներում ԵԿԳ արտադրանքի սպառման ուղղությամբ տարվող աշխատանքների եւ առաջացած խնդիրների, խաղողագործների հետ հարաբերությունների, խաղողի մթերման գների մասին էր:

Առաջին եւ կարեւոր նորությունը, որին սպասում են Երեւանի կոնյակի գործարանի հետ պայմանագիր կնքած հազարավոր խաղողագործները, մթերման գործընթացի սկիզբն էր: Իգոր Առաքելյանը հայտնեց, որ խաղողի մթերումը ձեռնարկությունը սկսելու է սեպտեմբերի 15-ինՙ Արմավիրի մթերման կետում, սեպտեմբերի 16-ինՙ Այգավանում, սեպտեմբերի 19-20-ին Բերդումՙ Տավուշի մարզում: Մթերման գինն այս տարի լինելու է 130 դրամ, մթերվելու է 32 հազար տոննա խաղող: Այդ նպատակով ընկերությունը 4,5 մլրդ դրամ է հատկացրել մթերման համար: Վճարումները խաղող մթերողներին տեղի կունենան 3-4 օրվա ընթացքում, վստահեցրեց Ի. Առաքելյանը:

Տեղեկացնելով, որ անցյալ տարի խաղողի մթերման գինը 150 դրամ է կազմել, իսկ մթերվել էր 39 հազար տոննա, ԵԿԳ-ի գործադիր տնօրենը անդրադարձավ այն կացությանը, որ ստեղծվել է կոնյակի սպառման շուկաներում:

Իգոր Առաքելյանի տեղեկացմամբ, հայկական կոնյակի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: ԵԿԳ-ի արտադրանքի ավելի քան 90 տոկոսը արտահանվում է արտերկիր, որիցՙ դեպի Ռուսաստանՙ 70-80 տոկոսը: «Արարատ» ապրանքանիշով կոնյակը Ռուսաստանում վաճառվող նույն գնային եւ որակի դաշտում վաճառվող առաջին 5 կոնյակների թվում է: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի հայկական կոնյակի արտահանումը նվազել է, բայց ԵԿԳ-ն պահպանել է իր ծավալները եւ անգամ 1,5 տոկոսով աճ ունեցել: Միաժամանակ, նկատի ունենալով ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը, դոլարային առումով եկամուտները նվազել են: Ընկերության շահութաբերությունն, ընդհանուր առմամբ, կրկնակի նվազել է:

Այդուհանդերձ, ընկերությունն ամեն ինչ անում է, որ պահպանի շուկան նոր ստեղծված պայմաններումՙ մարկետինգային քաղաքականության, գնային քաղաքականության միջոցով, բարձրաճաշակ եւ բարձրարվեստ միջոցառումների եւ մշակութային հաստատությունների հովանավորության ծրագրերով: «Արտահանելով կոնյակը, մենք պետք է շարունակենք արտահանել Հայաստանը որպես անուն», շեշտեց Իգոր Առաքելյանը, ասելով, որ այդ ամենը թեեւ որոշակիորեն ազդում են կոնյակի ինքնարժեքի վրա, բայց առանց դրանց հնարավոր չի լինի պահպանել շուկան եւ «Արարատ» կոնյակիՙ որպես բարձրակարգ խմիչքի վարկանիշը:

ԵԿԳ-ի տնօրենի խոսքերով, միջազգային շուկայում պայմանների փոփոխությունը նշանակում է, որ դրանք փոխվում են բոլորի համար: Եթե ձեռնարկության շահութաբերությունը ընկել է, ապա այդ բեռի մի մասը ընկնելու է նաեւ խաղողագործների վրա: ԵԿԳ-ն ամեն ինչ անում է, որպեսզի կատարի խաղողագործների հետ ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Համաձայն դրանց, ձեռնարկությունը պարտավորվել է, որ մթերման նվազագույն գինը 130 դրամը կլինի, ինչը եւ ապահովվելու է: Ինչ վերաբերում է այս տարվա մթերման ավելի քիչ ծավալներին, ապա դա պայմանավորված է հումքը պահելու տեղ չունենալով:

Իգոր Առաքելյանը կարեւորեց խաղողի ինքնարժեքի իջեցմանն ուղղված քայլերը: Նրա տեղեկացմամբ, Հայաստանի բնակլիմայական պայմանները բարձրացնում են մեր խաղողի ինքնարժեքը: ԵԿԳ-ն իր կողմից քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբՙ բուժանյութերը վաղօրոք տրամադրելով ֆերմերներին, աջակցելով խաղողագործական կոոպերատիվներին եւ այլն: Ըստ ձեռնարկության տնօրենի, ամեն տարի անհրաժեշտ ներդրումներ են կատարվում նաեւ գործարանի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման համար: Այսինքն, բիզնեսի տեսանկյունից արվում է հնարավորը բարձրորակ արտադրանք տալու եւ գինը պահպանելու համար: Այս տարվա համար էլ ակնկալվում է, որ ԵԿԳ-ն արտադրության եւ արտահանման ծավալների 2-3 տոկոս աճ կունենա: Քայլեր են կատարվում արտահանման աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբՙ դեպի ԱՄՆ, եվրոպական երկրներ: Կարեւորելով Չինաստանի պես կարեւոր շուկա դուրս գալու անհրաժեշտությունը, Իգոր Առաքելյանը նշեց, որ այդտեղ բարդություններ կանՙ կապված հայկական կոնյակին բնակչության անծանոթ լինելու հետ:

Ամեն դեպքում, առաջատար դիրքերը պահպանելու ուղղությամբ ջանքերը շարունակվելու են: Ընդգծելով, որ հայկական կոնյակը տասնամյակների, դարերի խորքից եկած ավանդույթներ ունի, պահպանվել է չնայած այդ ընթացքում տեղի ունեցած վայրիվերումներին, դժվար ժամանակներին, Իգոր Առաքելյանը վստահություն հայտնեց, որ ձեռնարկությունն այսօրվա դժվարությունները նույնպես կհաղթահարի, շարունակելով աշխարհին հանրաճանաչ դարձնել Հայաստանի պատմությունը, Արարատն ու հայկական կոնյակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ