ԳԱԲՐԻԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահների բաժնի պետ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 2016 թ-ի հունիս ամսին մեծ նվիրատվություն ստացավ: Հայտնի աստվածաբան-կրոնագետ-փիլիսոփա Գաբրիել Վահանյանի դուստր Նոյեմի Վահանյանը գրադարանին նվիրեց հոր անձնական գրադարանի շուրջ 300 մասնագիտական գիրք: Նվիրատվությունը կատարվել է համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի եւ ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանի միջնորդությամբ եւ բուհի անմիջական ջանքերով: Սեպտեմբերի 7-ին գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ նվեր-գրքերի ներկայացման արարողություն: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ստացված գրքերի մի զգալի մասը Հայաստանում ընդհանրապես մինչ այս չեն եղել եւ կարեւոր ձեռքբերում է: Նա մասնավորապես նշեց 1870-ական թվականներին Փարիզում 13 հատորով տպագրված քրիստոնեական հանրագիտարանը, որը բացառիկ նորություն է եւ որի էջերում Հայաստանը ներկայացված է իր պատմությամբ ու հուշարձաններով: Փիլիսոփայության դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը բուհի գրադարանում սույն գրքերի առկայությունը նույնպես համարեց մեծ ձեռքբերում եւ հույս հայտնեց, որ դրանք կծառայեն ուսումնամանկավարժական պրակտիկայում եւ գիտական աշխատանքների համար: Դոցենտ, նվիրատվության կազմակերպիչ Անդրանիկ Ստեփանյանը , որ առիթ է ունեցել հանդիպել գիտնականի հետ, լսել մեծ գիտնականին, ներկայացրեց Գաբրիել Վահանյանի կենսագրությունը, աստվածաբանության ոլորտում նրա գիտական ներդրումը, մասնագետներ պատրաստելու գործում նրա անգնահատելի ավանդը: Նշենց, որ հայազգի հայտնի աստվածաբան-կրոնագետը դասախոսել է հայտնի համալսարաններում, երկար տարիներ եղել Սիրակուզայի համալսարանի կրոնագիտության դոկտորանտուրայի հիմնադիր-տնօրենը: |