ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ԲՈՂՈՔԵԼ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ Հ. Ծ. Անդրադառնալով օգոստոսի 16-ին նախկինում իր խմբագրած «Օզգյուր Գյունդեմ» թերթի փակվելուն, թուրք հայտնի սյունակագիր, հրատարակիչ եւ հասարակական գործիչ Ռագըպ Զարաքոլուն բողոքի իր ձայնն է բարձրացրել Թուրքիայում վերջերս կատարվող բռնությունների դեմ: «Իմ գործընկերներինՙ գլխավոր սրբագրիչ Զարա Քայանին, գործադիր կառավարիչ Դավութ Ուչարին, գրաքննադատ Բայրամ Բալչիին, ծաղրանկարիչ Դողան Գյուզելին եւ բանաստեղծ Էնդեր Օնդեսին կալանավորել են, շուրջկալել ու դուռը ջարդելով ներխուժել են գլխավոր խմբագրիՙ իրավաբան եւ մարդու իրավունքի պաշտպան Էրեն Քեսքինի եւ սյունակագիր Քիլիզ Քոչալիի, ինչպես նաեւ իմ որդու տները, որտեղից առգրավել են Ցեղասպանության վերաբերյալ իմ նվիրած բոլոր գրքերը, որոնք ես ժամանակին հրատարակել եմ կամ թարգմանել», ասել է նա, ընդգծելով, որ ինքը միշտ կողմնակից է եղել արդարության, ճշմարտության, ժողովրդավարության եւ մարդկային վերաբերմունքի: «Եթե դուռը թակելուց հետո չի բացվում, քաղաքակիրթ անձնավորությունը մի երկտող է թողնում եւ հեռանում, եւ ոչ թե ջարդում է դուռը, կատարելով հրամանը իր «ռեյիսին» (առաջնորդին)», ասել է նա ափսոսալով, որ նման հորդորները քաղաքակրթության վերաբերյալ դժբախտաբար սոսկ «ձայն բարբառոյ յանապատի» են մնում Թուրքիայում: |