ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԹՌՆԵԼ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիները: Այժմ Adjara Group ընկերությունը սպասում է թիչքների թույլտվությանը, որն անկասկած կլինի եւ նոյեմբերի 15-ին Վրաստանում կարող ես տաքսի նստել ու օդ բարձրանալ: Ընկերության մարքեթինգային տնօրեն Օտո Բերիշվիլին հայտարարել է, որ իրենք հիմա մշակում են գնային քաղաքականությունը եւ խոսք է տվել, որ օդային տաքսին Վրաստանի քաղաքացիներից եւ երկրի հյուրերից ամենեւին էլ «տիեզերական» ծախսեր չի պահանջի: Ի դեպ «տաքսիները», որոնք փոքր ինքնաթիռներ են, ութտեղանոց են եւ արտադրված են ամերիկյան Beech Aircraft ընկերությունում: Դրանք արդեն իսկ վրացական ընկերությունը ձեռք է բերել: Ժամանակին, երբ Հայկական ռադիոյին հարցնում էին, թե ինչո՞ւ հայերը տիեզերք չեն թռչում, ռադիոն պատասխանում էր. «Եթե հայերը թռչեն տիեզերք, ապա վրացիները նախանձից կպայթեն, իսկ Կովկասն էլ կմնա ադրբեջանցիներին»: Բայց սա ժամանակին էր, հիմա, հաշվի առնելով հայրենական տրանսպորտի, այդ թվում տաքսիների վիճակը եւ մանավանդ զարգացման միտումները, ավելի ճիշտՙ դրանց բացակայությունը, նախանձից պայթողի դերում հայերս ենք: |