RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6342, Տպվել է` 616, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃՈՒՄ Է, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸՙ ՆՎԱԶՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՏՈՒՄԸ

Ա. Մ.

2016-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները երկնիշՙ 16,5 տոկոս աճ են արձանագրել, կազմելով 969 մլն դոլար: 2015-ի նույն ժամանահատվածում արտահանումը կազմել էր գրեթե 832 մլն դոլար: Գումարային առումով այս տարվա առաջին 7 ամիսներին արտահանումն ավելացել է 137 մլն դոլարով: Ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 4,4 տոկոսով կամ 79 մլն դոլարով: Արդյունքում, 2016-ի հունվար-հուլիսին արտահանում-ներմուծում բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 720 մլն դոլար, ինչը բացասական առեւտրային հաշվեկշռի կտրուկ կրճատում է: Դարձյալ համեմատություն անցկացնենք 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, երբ արտաքին առեւտրի բացասական տարբերությունը հօգուտ ներմուծման 936 մլն դոլար էր: Այսինքն, այս տարվա առաջին 7 ամիսներին, ըստ արձանագրված տվյալների, Հայաստանից մոտ 216 մլն դոլար ավելի քիչ գումար է երկրից դուրս արտահոսել:

Առեւտրային բացասական հաշվեկշռի նվազումը նշանակում է, որ արտահանման եւ ներմուծման ծավալները մոտենում են միմյանց: Այժմ ներմուծումը մոտ 57 տոկոսով է ավելի արտահանումից: Նման ցուցանիշ Հայաստանում մինչ այժմ չէր արձանագրվել, ավելինՙ տարիներ շարունակ ներմուծումը երկու-երեք անգամ գերազանցում էր արտահանմանը:

Արտահանման աճի թերեւս ամենադրական հանգամանքը արտահանման կառուցվածքի փոփոխությունն էՙ ավելացել են պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները: Այսպես, պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը 7 ամիսների ընթացքում ավելացել է 27,2 տոկոսով կամ շուրջ 44 մլն դոլարով, կազմելով 206 մլն դոլար: Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրերի արտահանման ծավալները կազմել են 204 մլն դոլար տարվա 7 ամիսներին արձանագրած էականՙ 78,7 տոկոս կամ 90 մլն դոլար աճի շնորհիվ: Այս ցուցանիշը հիմնականում ոսկերչական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների աճի արդյունք է:

Երրորդ զգալի աճ արձանագրած պատրաստի արտադրանքի ճյուղը մանածագործական իրերի արտադրությունն էՙ 76,3 տոկոսով կամ մոտ 23 մլն դոլարով: Արտահանումն այստեղ հասել է 54 մլն դոլարի: 39,7 տոկոով կամ մոտ 11 մլն դոլարով ավելացել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը: Սարքերի եւ ապարատների արտահանումն աճել է 35,4 տոկոսով կամ 5 մլն դոլարով:

Միաժամանակ, մոտ 20 մլն դոլարով կամ 7,4 տոկոսով նվազել է մեր արդյունաբերության խոշոր ճյուղիՙ հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը, կազմելով 258 մլն դոլար: Արտահանվող խոշոր ապրանքախմբերից նվազել են միայն ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալներըՙ 22 մլն դոլարով կամ 15,1 տոկոսով:

Ինչ վերաբերում է ըստ երկրների արտահանման ցուցանիշներին, ապա շարունակել է աճել դեպի մեր ավանդական շուկաՙ Ռուսաստան արտահանման ծավալները: Հունվար-հուլիսին դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 71,8 կամ մոտ 82 մլն դոլարով: Մեր արտահանման մեջ Ռուսաստանը զբաղեցնում է ամբողջի 20,3 տոկոսը: Երկրորդ տեղում արտահանումն է դեպի Բուլղարիաՙ ընդհանուրի 9,5 տոկոսը կամ մոտ 91 մլն դոլարՙ աճը 2,1 տոկոսով կամ 46 մլն դոլարով: Երրորդ տեղում Վրաստանն էՙ արտահանման ընդհանուր ծավալների 8,9 տոկոս կամ 86 մլն դոլար: Դեպի մեր հարեւան երկիր արտահանման ծավալներն այս տարվա 7 ամիսներին ավելացել են 49,5 տոկոսով կամ 29 մլն դոլարով:

Այլ երկրներից զգալիորեն ավելացել են արտահանումը դեպի Միացյալ Արաբական Էմիրություններՙ 5,1 անգամ կամ մոտ 16 մլն դոլարով, դեպի Իրաքՙ 11,4 տոկոսով կամ 8 մլն դոլարով եւ այլն: Կան երկրներ, որտեղ մեր արտահանման ծավալները անգամներով են ավելացել, բայց գումարային առումով դրանք փոքր են մնում: Կան նաեւ երկրներ, որտեղ մեր արտահանման ծավալները անցյալ տարի զգալի աճ էին ունեցել, բայց հիմա նվազում են արձանագրում: Այս առումով հատկապես ցավալի է դեպի Չինաստան արտահանման ծավալների նվազումը:

Այպիսով, կարող ենք արձանագրել, որ արտաքին առեւտրի ցուցանիշներում նկատվում են արտահանման ծավալների աճ, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի նվազումՙ արտահանման եւ ներմուծման ծավալների միմյանց մոտեցում, պատրաստի արտադրատեսակների արտահանման աճ: Սրանք միանշանակ դրական երեւույթներ են: Որքա՞ն կշարունակվի արտահանման նման տեմպերով աճըՙ դժվար է ասել, նկատի ունենալով դրա վրա ազդող ներքին եւ արտաքին խոչընդոտները: Սակայն, եթե մինչեւ տարեվերջ տեմպը պահպանվի, ապա արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 1,7 մլրդ դոլար: Խնդիրը արտահանման նման տեմպի պահպանումն է նաեւ առաջիկա տարիներինՙ 4-5 տարի հետո 3 մլրդ դոլարի արտահանման ծավալներին հասնելու համար: Այդ դեպքում արդեն կարող ենք խոսել մեր տնտեսության եւ մասնավորապես արդյունաբերության մեջ արձանագրված արմատական շրջադարձի մասին, որը զարգացման որակական նոր փուլ կլինի Հայաստանի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ