ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր Յուրաքանչյուր հասարակության համար սեփական պատմության իմացությունը խիստ անհրաժեշտ է: Իսկ պատմության ուսումնասիրությունը, որն է պատմագիտության կոչումն ու առաքելությունը, կարող է այն իրականացնել բացառապես անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին պահպանված եւ դրանք վկայող իրեղեն ապացույցների, վավերագրերի, հուշագրությունների եւ այլ աղբյուրների հիման վրա: 1794 թ. լույս տեսած հայ առաջինՙ «Ազդարար» պարբերականի հրապարակ իջնելուց հետո եւ հատկապես 19-րդ դարի կեսերից պատմագիտության համար անփոխարինելի ու անչափ կարեւոր դարձան նաեւ պարբերական մամուլում հրապարակված նյութերը: Իսկ երբեմն էլ, երբ մնացյալ տեսակի աղբյուրները «լռում են» կամ չեն պահպանվել ու մեզ չեն հասել, մամուլում եղած հրապարակումները բարձրանում են կարեւոր գրավոր սկզբնաղբյուրի մակարդակի եւ դառնում անփոխարինելի: Համոզված եմ, հարգարժան Հովսեփ Արթինյանի կողմից հենց այս կարեւոր գաղափարի ամբողջական ըմբռնումն է ելակետ դարձել, որ ձեռնարկեր «Գուրգէն Եանիգեանի արարքին արձագանգներու եւ հայ-թրքական հակամարտութեան մասին հրապարակումներու մատենագիտութիւն» (ըստ «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերուն, 1973-1995) վերանայված հրատարակությունն իրականացնելու համար: Մեր նորագույն շրջանի Թեհլիրյանՙ Գուրգեն Յանիկյանի դժվարին փորձություններով լի ճակատագիրը հար եւ նման է իր ժամանակակիցներից շատերի ապրած կյանքին: Գ. Յանիկյանի մասին շատ է գրվել (համոզված եմ, դեռ էլի է գրվելու), ուստի անհրաժեշտություն չեմ տեսնում կրկնվելու: Ուղղակի նշեմ, որ նրա միանգամայն գիտակցված, նախապես ծրագրված ու ինչ-որ տեղ նաեւ հերոսական արարքը եւ այն էլ այդ տարիքում, արժանի է խորին ակնածանքի եւ ամենաբարձր գնահատանքի: Արարք, որով կարելի է հպարտանալ եւ սերունդներ դաստիարակել: Նյութերի այս ժողովածուն նվիրված է սփյուռքահայ նշանավոր գործիչ, ազգային պայքարի գործի նվիրյալ Գուրգեն Յանիկյանի կատարած հերոսական արարքին ու դրան տարբեր տարիներին զանազան պարբերականներում եղած արձագանքներին, որոնց մեծ մասը թարգմանվել է հայերեն ու տպագրվել նաեւ Լիբանանում լույս տեսնող «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերում: Վաղ տարիքից անցնելով իր սերնդակից արեւմտահային բաժին հասած փորձությունների միջով եւ ամեն անգամ հրաշքով կենդանի մնալով` Գ. Յանիկյանն այդ ընթացքում հանգեց եզրակացության, որ վրեժն ու տարիների ընթացքում կուտակված ցասումը հարկավոր է այնպիսի ձեւով արտահայտել, որ այն «լսելի» դառնա համայն մարդկությանը: Որ ստիպի համաշխարհային հանրությանը կրկին անդրադառնալ Հայկական հարցին: ԱՄՆ-ի Լոս Անջելեսից 100 կմ հեռու գտնվող Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցի բունգալոներից մեկում հնչած 13 կրակոցներով, որոնք գետին տապալեցին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի թուրք հյուպատոս Մեհմեդ Բայթարին ու նրա օգնական Բահաթըր Դեմիրին, սկզբնավորեցին «հայ անհատի պատերազմը թուրքի դեմ» եւ նշանավորեցին հայ ազգային-ազատագրական պայքարի նոր շրջանը: Կրակողը մի քանի գրքերի հեղինակ 78-ամյա Գ. Յանիկյանն էր, որ հետո բանտից ուղարկված ձայնագրության մեջ պիտի բացատրեր, թե ինչու է դիմել նման քայլի. «Հայկական դատը ինձ համար մի հասկացողություն ունի` մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին իմ ներսում հրաբուխ դարձած դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես, տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով Հայկական դատը, դրի մարդկության առաջ»: Իսկապես, մեծ հայի ու մեծ հայրենասերի Սանտա Բարբարայում արձակած կրակոցները սկիզբը դրեցին հայ վրիժառության պայքարին` հայկական պահանջատիրության նոր փուլին: Յանիկյանը համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ կամ ավելի տարածված է անգլերեն անվան հապավումով` ԱՍԱԼԱ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) հոգեւոր հիմնադիրներից: Կազմակերպություն, որի կնքահայրը փաստորեն Գ. Յանիկյանն էր, իր ուղին սկսեց 1975թ. հունվարի 20-ին Բեյրութում` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ ռումբ պայթեցնելով: Գործողության պատասխանատվությունն ստանձնեց «Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը»: Հենց դա էլ ընդունված է համարել ԱՍԱԼԱ-ի հիմնադրման օրը (մինչեւ 1990թ. դեկտեմբեր, ԱՍԱԼԱ-ն իրականացրեց շուրջ 300 զինյալ գործողություն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Արեւմտյան Հայաստանում, Անկարայում եւ Ստամբուլում): «Հպա՛րտ եմ, որ հայ եմ, մի առիթով շեշտել է Յանիկյանը, իսկ ամեն ազգի ապագան իր ձեռքում է, եւ դաժան թուրքը պիտի պատասխան տա իր գործած ոճրագործությունների համար: Արդ վերցրեք իմ պարզած արդարության ու ազատության դրոշները,- դիմելով երիտասարդությանը` գրում էր Յանիկյանը,-եւ ավելի բարձր պահեք ու ավելի հեռուն տարեք» (Հղումները կատարված են Գ. Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից, Ե., Տիգրան Մեծ հր., 1999 ): Գ. Յանիկյանի մասին երկար կարելի է գրել: Աղբյուրներն էլ քիչ չեն, սակայն դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն եւ որոշ իմաստով անփոխարինելի են լիբանանահայ մտավորական, շնորաշատ լրագրող եւ նյութահավաք Հովսեփ Արթինյանի վերջերս վերահրատարակած ժողովածուն, որը տարիների ժրաջան ու հետեւողական աշխատանքի արգասիք է: Լիբանանյան մի շարք պարբերականների աշխատակցած, «Զարթօնք»-ի փոխ եւ 1994-2008 թթ. «Սփիւռք» պարբերաթերթի խմբագիրն ու «ԱՍԱԼԱ»-ի համար նրա արշալույսին արդեն դասախոսություններ կարդացողի համար իր իսկ խոստովանությամբ, հեշտ գործ չի եղել: Ավելին, այսքան մանրակրկիտ եւ հրապարակված նյութերի բազմակողմանի լուսաբանություններով ներկայացումը, հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ ունեցողիս համար, միանգամայն ըմբռնելի է, թե ինչպիսի եռանդ ու ջանք, անքուն գիշերներ եւ անպայման սեր ու կատարած գործի կարեւորության զգացողություն է անհրաժեշտ: Այնպես որ, թերթային այս փոքրիկ հրապարակում-գնահատանքի փորձը թող ներկայանա որպես պատմաբանի շնորհակալական խոսք, գնահատանքի փորձ կատարված հիրավի լավ, կարեւոր ու պատմության համար որպես փաստաշատ աղբյուր ներկայացնելու համար: Կարծում եմ միանգամայն տեղին է ասել` վարձքդ կատար, սիրելի Հովսեփ Արթինյան: Իսկ մեր երիտասարդներին մատնացույց անելով սույն աշխատանքը հուշել ու հորդորել, որ նույնը կատարեն «Ազդակ» եւ այլ պարբերականներում լույս տեսած նույն եւ այլ կարեւոր թեմաներով հրապարակումների դեպքում եւս: 05.09.2016 |