ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Անգլիացիները շատ են սիրում խրատ տալ ամեն ինչում շտապող իրենց ամերիկացի բարեկամներին, նրբորեն ու բազմիմաստ հեգնել նրանց: Մի խումբ ամերիկացիներ Լոնդոնի եւ շրջակայքի տեսարժան վայրեր այցելելուց հետո հետաքրքրվում են, թե իրենց հյուրընկալներին ինչպես է հաջողվում այդքան համաչափ, հարթուհավասար խուզել հանրային այգիների գազոնը, խնամել այն: Անգլիացիք, միայն իրենց հատուկ հանդարտությամբ բացատրում ենՙ եթե դուք էլ 500 տարի ամեն օր տքնաջան այդ գործով զբաղվեիք, ձեր այգիներն էլ մերինի նման գազոն կունենային: Անգլիացիք այս իրական կամ հնարովի դրվագը սիրում են պատմել փոխաբերաբարՙ իրենց դեմոկրատական-ժողովրդավարության ինստիտուտների, կարգապահության ու կարգուկանոնի, օրենքները հարգելու ջանասիրության մասին խոսելիս: Հակառակ այն փաստին, որ իրենց երկիրըՙ Մեծ Բրիտանիան, չունի՛ սահմանադրություն, գոնե բառի այն իմաստով, ինչպես մենք ենք ըմբռնում: Մենքՙ որ արդեն ունենք երկրորդ անգամ բարեփոխված Հիմնական կամ Մայր օրենք: Ոչ միայն Սահմանադրություն, այլեւ անկախ պետականության մյուս բոլոր անհրաժեշտ ատրիբուտներըՙ դրոշ, զինանշան, օրհներգ, դրամ, խորհրդարան, պետական ու հանրային ինստիտուտներ եւայլն: Հետեւաբար, Սահմանադրության եւ սահանադրական այլ կառույցներ ունենալը բնավ էլ չի նշանակում անկախություն ունենալ: Ավելի ճիշտՙ անկախություն հռչակելը դեռեւս անկախ լինել չէ: Այո, 25 տարի առաջ Հայաստանը իրեն հռչակեց անկախ, ստեղծեց համապատասխան ինստիտուտները, գրեթե բոլոր ատրիբուտներն ընդունեց, ՄԱԿ-ում աթոռ ստացավ, բազմաթիվ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց, ստեղծեց բանակ, վերջապեսՙ դարձավ սուվերեն երկիր, պետություն: Հպարտացանք բոլորս, ներսում ապրողներս ու դրսում բնակվողները: Հայերի՛ն նկատի ունեմ: Սակայն անկախությունը մեզ համար չդարձավ պետական ու քաղաքացիական արժանապատվության զգացողություն, կենսակերպ: Անկախությունը հաճախ համեմատեցինք մեր գրպանի պարունակությամբ, մեր կյանքի, կեցության, ապրուստի դժվարությունների հետ: «Քաղցած փորին ի՞նչ անկախություն», ասացինք հաճախ: Բայց չնկատեցինք նաեւ, որ մեր հայրենակիցներից նրանք, ովքեր ի տարբերություն մեզ կուշտ էին եւ հարուստ, նույնպես դժգոհում են անկախությունից եւ իրենց շահածը ներդրում ոչ թե այս, այլ ուրիշ երկրներում: Ու հիմա, մի քանի օրից, շեփորով ու թմբուկով, նաեւ զորահանդեսներով ու ճառերով տոնելու ենք մեր երկրի անկախությունը, ու մեզնից գոհՙ շարունակելու ենք ստորադասել մեր անկախությունը: Նույն կերպՙ ինչպես 25 տարի շարունակ: 25 տարին անշուշտ անհամեմատելի է 500 տարվա հետ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունըՙ Բրիտանական կայսրության հետ: Սակայն 200 եւ ավելի տարիներ անկախության ձգտող մեր ժողովրդի համար 25 տարին նույնպես բավական է անկախությունը ամենօրյա ապրում, կենսակերպ, աշխատանք եւ ձգտում դարձնելու համար: Ու քանի որ այս հոդվածը սկսեցի անգլիական մի օրինակով, ավարտեմ անգլիական մի այլ պատմությամբ, որը հորինովի չէ, այլ պատահել է իսկապես: Տարիներ առաջ ընկերոջս հետ վերադառնում էինք Լոնդոնում տեղի ունեցած մի ժողովից: Հյուրանոցում խնդրեցի օդակայան տանող տաքսի կանչել, նախապես հարցնելով, թե մոտավորապես որքան պետք է վճարել վարորդին: 40-43 փաունդ, ասաց աշխատակիցը: Ու քանի որ բավարար անգլիական ֆունտ ստերլինգ չէր մնացել մոտս, ես ու ընկերս միացրինք մեր ունեցածը, որ կազմեց 45 փաունդ: Մեր բախտիցՙ հաշվիչը ցույց տվեց ճիշտ 50 փաունդ: 45-ի վրա ավելացրի ամերիկյան 10 դոլար: Վարորդը վերցրեց 45-ը եւ ամերիկյան 10 դոլարանոցը վերադարձրեց: Ասացիՙ անգլիական չի մնացել մեզ մոտ: Ասացՙ հասկանալի է: Ու հեռացավ... |