ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ Մտորումներ պատմական հայրենիքում Հայաստանի անկախացման պատմական նշանակության, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումների, այդ օրերին համայն հայության միասնականության մասին մտորելով քայլում եմ իմ պատմական հայրենիքում, բարձրանում եմ Կարսի (Ղարսի) անառիկ թվացող հսկա բերդը տանող ճանապարհով, մտնում 19-րդ դարի կեսերին աշխարհում հռչակ ունեցող բերդը, որտեղ պատմությունն է հառնում...որտեղ հզորությունն է Բագրատունյաց եւ Զաքարյանների... Այս բերդը, որը հայ պատմիչները ներկայացնում ենՙ «Բերդ Կարուց», իր ամրությամբ, ռազմավարական նշանակության իր հզոր կառուցվածքով ինձ հուշում է, որ զինվածության ու հմուտ ռազմավարների պակաս այստեղ չի եղել, արդյոք ինչը դարձավ ազգիս արդեն մեկդարյա վշտի պատճառը... այստեղ ցավն ու ափսոսանքն է պարուրում ինձ. 1921 թ. Կարսի պայմանագրով այն դավադրաբար հանձվել է օտարին: Ու լսում եմ մեր ուղեկցի միատոն հնչող խոսքերըՙ «Կարսի բնակչությունը Բագրատունյաց եւ Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից: Իսկ ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչՙ ցավոք թուրքեր եւ քրդեր»: Քայլում եմ Կարսի հնաոճ ու նեղ փողոցներով, եւ ահա հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկըՙ Հայոց թագավոր Աբաս Բագրատունու X դարի 60-ական թթ. կառուցած եւ մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին... Տեսնում եմ Չարենցի տունըՙ անխնամ, կիսավեր..... «Թողած Կարսում, գետի ափին, տունսՙ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով».... Սակայն Կարինե Քոթանճյանին այդպես էլ չտեսա Կարսի փողոցներում, որ ասեմ նրանՙ Չարենցն ասավ. «մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ»... Իմ պատմական հայրենիքում ես հանդիպեցի շատ քրդերի, ովքեր այդքան մեծաքանակ լինելովՙ այսօր չունեն պետականություն: Քարտեզի վրա մենք տեսնում ենք քրդերով բնակեցված տարածքՙ ընդգրկված Իրաքի, Սիրիայի, Իրանի, Թուրքիայի սահմաններում, սակայն հայրենիք նրանք չունեն: Իմ քուրդ զրուցակիցը տխրությամբ ինձ պատմեց, որ չնայած զինված երկարամյա պայքարին ու մեծ տերություններին անկախանալու, հայրենիք ունենալու խնդրանքով բազմիցս դիմելուն, աշխարհասփյուռ քրդերը, որ շուրջ 45 մլն. են արդեն, չունեն անխակություն, չունեն հայրենիք... Մեքենան սլանում էր հարթ, ողորկ ճանապարհներով, նայում եմ Սարիղամիշի կանաչ, կուսական փթթուն անտառներին ու արցունքներս կոկորդումս խեղդելով մտածում Հայաստանի անկախացման պատմական նշանակության, հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման մասին... Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք... Եվ փորձում հասկանալ, թե ինչու է այսքա՜ն մասնատված իմ hայրենիքը: Ինչ է մնացել մեզ: Ընդամենը մի փոքրիկ հողակտոր, որտեղ իմ ժողովուրդը փորձում է գոյատեւել եւ պահպանել մեր ազգային ինքնուրույնությունը, մեր բարքերն ու սովորույթները: Եվ կա մի հզոր ուժ, որը համախմբում է մեզ վտանգի պահին: Թշնամու դեմ պայքարում ենք միասնական ուժով եւ միասին փչում հաղթանակի շեփորը: Հաղթանակի գաղտնիքը համախմբվածության, հավատքի մեջ է: Քանի որ մեր ուժը, մեր միասնության մեջ է: Ու հասկանում եմ նորիցՙ որքան շատ եմ սիրում իմ 25 ամյա փոքրիկ անկախ Հայաստանը: |