ՆԱՄԱԿՙ ԳԱՂՏՆԱԳՈՐԾԻՆ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 09 սեպտեմբերի, 2016թ. Արամ, բարեկամս, Այսօր լուր մը առի ու մնացի ափ ի բերան: Այս ամսի 2-ին (2.09.2016թ.) Գրողների միությունում կայացել է «Կամար» հանդեսի 25-րդ համարին նվիրված հանդիպումՙ թղթակիցների ու գրողների մասնակցությամբ: Ա՜յ քեզ բան, ըլլալի՞ք է: Չէ՞ որ Արամ Սեփեթճյանի հետ պայմանավորվեցինք, որ կապվենք Բեյրութՙ Ժիրայր Դանիելյանի հետ եւ նրան, որպես խմբագիր, տեղյակ պահենք մեր որոշման մասին: Այդպես էլ արեցինք. նախ, զանգ, ապաՙ գրավոր: Պատասխանը եկավ (նախ, զանգով, ապաՙ գրավոր), թե այլ առիթով օգոստոսի 31-ին լինելու եմ Երեւանում չորս օր: Լուր տվեք հանդիսության օրվա եւ տեղի մասին: Պատմաբանը կասերՙ այստեղ ձեռագիրն ընդհատվում է, իսկ ես ասեմ, որ դու ոչ զանգահարեցիր, ոչ էլ քովս եկար: Օրեր անց տեղեկացա փաստի մասին: Բայց, չէ՞ որ Գրողների տան մասին ոչ մեկ խոսք եղավ, քո ներկայությամբ ես խոսեցի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ, մերՙ իմ եւ քո որոշմամբ խնդրեցի, որ նա դահլիճ տրամադրի, քանի որ «Կամարի» «ծնունդը» եղել էր Ժուռնալիստների միության դահլիճում տասը տարի առաջ, հիմա էլ նույն տեղում, խորհրդանշական կլինի: Քո հարցմանը, թե քանի տեղ կա, պատասխանըՙ գոնե հիսուն, դու բավարար համարեցիր եւ ինձ ցույց տվեցիր այդ Միության անդամատոմսը, որով հպարտ ես: Տեղի ունեցածի լուրն առնելուն պես կապվեցի Հակոբ Ավետիքյանի հետ. ան ալ լուր մը չուներ: Չըլլար, չէ՞ որ Արամ Սեփեթճյանն այն պարկեշտ ու կարգապահ մեկն է, որ ինձ (իբր թե դիվանագետիս) հուշեց զանգահարել Հակոբին, նրան տեղյակ պահել միջոցառման մասին, քանի որ Հակոբը «Կամարի» արտոնատերն է: Հիշում ես, եղբայր, իմ «բարվո»-ներս, որ քեզ էր վերաբերվումՙ նրբանկատ, օրինապահ, հարգանք, կարգ ու կանոն իմանալուդ համար: Վստահ եմ, հիշում ես, այդ դեպքում ո՞ւր կորան քաղաքավարության, նրբանկատության, օրինապահության, հարգանք, կարգ ու կանոն կատեգորիաները, որոնց իրական ապացույցը լինելու էր Ավետիքյանին (թեկուզ եւ «Ազգ»-ում լուսաբանելու մտադրությամբ) մի զանգով տեղյակ պահել հանդիսության օրվա եւ տեղի մասին: Իմ մասին չխոսենք, ես քեզանից 3 տարի «փոքր եմ»... Անշուշտ, ինձ հայտնի է, որ թվարկածս կատեգորիաները ստորակայվում են ավելի գերիշխող մի կատեգորիայի, որն, իմ կարծիքով, մտնում է թուլություն կոչվող տեսակի մեջ: Դա «ես»-ի գերակայությունն է, որն ինձ հայտնի դարձավ գրագետ դառնալու պահից եւ որքան այն խորացավ (արդյո՞ք խորացավ) հասկացա, եթե մեր այբուբենում «ես»-ը երկու տառից է, բայց նա «ա»-ից «առաջ է ընկնում», եթե ռուսները նրան («ես»-ին) տարել են ամենավերջ, իսկ նաՙ ÿ-ն միշտ առջեւում է, ֆրանսիացիներն ավելի են խճողել, նա նորից «առջեւում» է, նույնն անգլիացիները, արաբները եւ այլք, հասկացա, որ այդ թուլությունը եւս մարդկային է... Հ.Գ. Այս նամակն արդեն պատրաստ էր, տեղեկանում եմ, որ այդ գաղտնի (ինձ համար) միջոցառման մասին լուր չունի նաեւ Սուրեն Դանիելյանը, որն այս մարզում վերջին մարդը չէ: Գուցե, նրա ազգանունն էր դեր խաղացել: Հավելում հետգրության Այստեղ սեփեթճյանական «գաղտնագործության» դրվագը չի ավարտվում: Այլ առակ լուարուք: Օգոստոսի վերջին օրը «Ազգ»ի խմբագրություն է գալիս նույնՙ լիբանանահայ գրող եւ Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Արամ Սեփեթճյանը եւ «խոր ցավով» հայտնում, որ նախատեսված միջոցառումը չի կայանալու, քանզի ուսումնական վերամուտի պատճառով «Կամարի» հայաստանցի աշխատակիցների անհրաժեշտ ներկայությունը չի ապահովվի: Հասկանալի է, ամսագրի 25-րդ համարի նշումը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով, մանավանդ որ հանդեսի խմբագիրն էլ այս օրերին չի կարող ներկա լինել: Բայց... Երկուշաբթի օրը, սեպտեմբերի 5-ին, գիշերը, «Ազգ»-ի խմբագրություն է մուտք գործում ինքըՙ «Կամարի» գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանը եւ կտրուկ ընդմիջելով գոհունակ արտահայտությունս, որ ի՜նչ լավ է, հիմա արդեն կարելի է ծրագրված միջոցառումը իրականություն դարձնելՙ «արդեն տեղի ունեցեր է, հակառակ որ լուր ղրկեր էի գալուս մասին», ասում է վրդովվածի քմծիծաղով: Այսինքնՙ ոչ միայն Սուրեն Դանիելյանը, այլեւ Ժիրայր Դանիելյանն էլ լուր չուներ, ինչպես ես: Հ. Ա. |