RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6762, Տպվել է` 617, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՆԳԱՊՈՒՐ, ՍՊԱՍԻ՛Ր, ԳԱԼԻ՜Ս ԵՆՔ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դրությունը բավականին դժվարին է: Բանն այն է, որ եթե որեւէ մեկն ասի, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվելու առաջիկա 8 ամիսների ընթացքում Հայաստանը դարձնել Սինգապուր, կնշանակի, որ այդ մեկը երկրի լավը չի ուզում եւ մարդուն (Կարեն Կարապետյանին) դեռ վարչապետի պաշտոնում չտեսածՙ կռռում է: Բայց միեւնույն ժամանակ, եթե որեւէ մեկն ասի, որ Կարեն Կարապետյանը առաջիկա 8 ամիսների ընթացքում Հայաստանը դարձնելու է Սինգապուր, եւ հայագիտության ոլորտում անգամ զգալիորեն անցնելու է Սինգապուրից, ապա այդ մեկին ոչ ոք չի հավատա: Այսինքն այս թեմայով որեւէ բան ասելուց մարդը կանգնում է ընտրության առջեւ. կամ կռռում ես, կամ ստում: Դե քանի որ լրագրությունը ստելու հետ որեւէ կապ չունի, եկեք... կռռանք:

Ինչպես հասկացա ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանի խոսքերից, ով հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը դարձնելու է Սինգապուր, մեր երկիրը որդեգրել է հին ու բարի սովետական մի քաղաքական գիծ, որը կոչվում էրՙ «Հասնել եւ անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին»: Այն տարբերությամբ, որ Ամերիկային հասնելն ու անցնելն այլեւս ակտուալ չէ, հիմա խնդիրը Սինգապուրին հասնելն ու անցնելն է: Ընդամենը ութ ամսում. պարոն Կարապետյանը հենց այդքան ժամանակ ունի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությամբ նախատեսվող կառավարության հրաժարականը: Հասկանալի է, չէ՞, եթե առաջիկա ութ ամսում Սինգապուրին գոնե չենք հասնում, ապա պարոն Կարապետյանն էլ չի նշանակվի վարչապետՙ խնդիրը չկատարելու համար: Իսկ եթե հասնում ենք ու անցնում (հիշում եքՙ հայագիտության ասպարեզում), ապա Կարեն Կարապետյանի վարչապետական «դրայվը» կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանում նրան ավելի հետաքրքրական պաշտոն չեն առաջարկել: Ի դեպՙ Ռուսաստանի մասին: Ցանկանո՞ւմ է արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը, որ Հայաստանը հասնի եւ անցնի Սինգապուրին: Սա շատ կարեւոր է, քանի որ Սինգապուրին հասնելու ճանապարհին հայկական մեքենան պետք է լիցքավորվի ռուսական գազով, եւ եթե Ռուսաստանը դա չի ցանկանում, ապա գազը կարող է չբավարարել, ճանապարհին, ասենքՙ Դուբայում կանգնենք-մնանք, մանավանդ, որ Դուբայում վերջին տարիներին գրեթե բոլորս ծանոթներ ենք ձեռք բերել ու ամեն տասներորդ հայ զույգի մեղրամիսն անցնում է այնտեղ: Էժան է, ուրիշ բան չմտածեք:

Լավ, ենթադրենք Ռուսաստանը համաձայն է, կամ, որն ավելի լավ է, մենք կարիք չունենք ստանալու Ռուսաստանի համաձայնությունըՙ մեր ազգային-պետական ռազմավարությունը մշակելիս: Գնում ենք Սինգապուրին անցնելու: Բայց ինչպե՞ս, նկատի չունեմ հարցի տնտեսական, կամ ֆինանսական կողմը: Դրան թող, ինչպես հիմա է ընդունված ասելՙ մասնագետներն անդրադառնան: Այլ նկատի ունեմ հարցի այսպես կոչված տեխնիկական կողմը: Որպեսզի Հայաստանը հասնի եւ անցնի Սինգապուրին, Կարեն Կարապետյանը պետք է լինի Լի Կուան Յու: Վերջինս համարվում է «Սինգապուրի ժողովրդի հայրը» եւ «սինգապուրյան տնտեսական հրաշքի արարողը»: Օրինակ, կոռուպցիայի առնչությամբ Լի Կուն Յուն ասում էրՙ «Կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք ձեր երեք ընկերներին նստեցնելուց. դուք գիտեք, թե ինչի համար են նրանք նստում, եւ նրանք էլ գիտեն, թե ինչի համար են նստում»: Ես չգիտեմ, թե Սինգապուրում կոռուպցիայի գործով առաջին նստողները եղե՞լ են արդյոք պարոն Յուի ընկերները, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ բոլոր նրանք, ովքեր մեղադրվում էին կոռուպցիայի մեջ, ոչ թե պաշտոնից ազատվում էինՙ հարգանք-պատիվով, շնորհակալություն ստանալով, այլեւ բանտարկվում էին: (Ոմանք էլ հենց կառավարության որոշմամբ սպանվում էին: Ծ.Խ.) Կգնա՞ այս քայլին պարոն Կարապետյանը: Եթե ոչՙ ապա մենք Սինգապուրին չե՛նք հասնի:

Պակաս կարեւոր չէ, Կարապետյանի անձնական որակները: Օրինակՙ պատգամավոր Կարո Կարապետյանը, ով հայտնի է որպես Յուվեցի Կարո, նորանշանակ վարչապետի մասին ասել է, որ Կարեն Կարապետյանը «շատ հոյակապ անձնավորություն է»: Անկեղծ ասած, ես այս հայտարարությունից հետո մոտ չորս ժամ քրքրեցի պարոն Լի Կուան Յուի կենսագրությունը, նրա գործունեության որոշ անցքերը, բայց այդպես էլ չհանդիպեցի, որ մեկը նրա մասին ասած լինի, թե շատ հոյակապ անձնավորություն է: Գուցե Սինգապուրում Յուվեցի Կարո անունով պատգամավոր չի եղել, ինչը նշանակում է, որ Սինգապուրին հասնելու համար ոչ թե Կարեն Կարապետյանը պետք է օգնի, այլ Յուվեցի Կարոն պետք է չխանգարի: Իսկ, օրինակ. գեներալ, հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը Կարապետյանի մասին ասել է. «Ձեռներս հազիվ մի նորմալ մարդ է ընկել... Մենք սաղս պետք ա էտ մարդուն պադերժկա անենք, չթողենք, որ կողքից ամեն մեկը ամբախ-զամբախ խոսա, ցեխ չպրտի էտ մարդու վրա, սաղս պետք ա պադերժկա անենք, որ էտ մարդն աշխատի»:

Մի կողմ թողնելով պարոնայք գեներալի եւ Յուվեցի Կարոյի օրինակելի պատգամավորի բառապաշարը, արձանագրենք, որ փաստորեն Կարեն Կարապետյանը մի նորմալ մարդ է, որը շատ հոյակապ անձնավորություն է: Ճիշտ է, սա միայն գեներալ Սարոյանի եւ Յուվեցի Կարոյի կարծիքով, բայց հավատացնում եմ, որ եթե այս երկու կարծիքին միացնենք այլ հանրապետականների, այլ կուսակցականների, անկուսակցականների կարծիքները, ապա ոչինչ չի փոխվի: Վստահաբար նրա կառավարության անդամները եւս կլինեն նորմալ մարդիկ եւ շատ հոյակապ անձնավորություններ: Գիտեք, 1989-ին մի թերթում գրված էր պատմությունՙ տոնածառի խաղալիքի մասին: Պատմությունը սկսվում էր այսպես. «Լինում է չի լինում մի տոնածառի խաղալիք է լինում, նա այնքան փայլուն է լինում, որ բոլորը ներում էին նրա ներքին դատարկությունը...»:

Հասնելու եւ անցնելու ենք Սինգապուրին, անշուշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ