ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՄԵՐԿԵԼԻՑ, ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸՙ ...ԱՆՋՐՊԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով մի հոդված էի գրելՙ «Հայոց ցեղասպանության բանաձեւըՙ ծառ, որ գերմանացիներն ու թուրքերն ամեն օր ջրում են» վերնագրով («Ազգ»,10-06-2016): Որ այդ ծառը, ջրվելուն զուգահեռՙ հաճախ նաեւ պարարտանյութ է պահանջելու, գրում եմ հիմաՙ սեպտեմբերին 2-ին, ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտի հայտարարությունից հետո, երբ գերմանացիներն ու թուրքերը, ակնհայտ է, ռեալպոլիտիկի կարուսելը այդ ծառից կապած, դեռ երկար պտտեցնելու, ճոճելու են բառեր ու սահմանումներ, որ մեզՙ հայերիս կա՛մ քաղաքագիտական ու իրավագիտական բառարան կազմելու առիթ են տալու, կամՙ հայ լրագրողներիս հուշելու են լեզուներ սովորել ու ավելի զգույշ վերլուծություններ անել: Մեր մտքում մի սլաքՙ Բունդեսթագի բանաձեւն իրականում մեր ժողովրդի ապագան կառուցելու համար ամուր շաղախ կամ հենասյուն կարո՞ղ է դառնալ: Մեր թերթի նախորդ համարում մանրամասն իրազեկել ենք, թե սեպտեմբերի 2-ին առավոտ կանուխ առցանց «Շպիգելը» հաղորդել էր, որ հայրենի կառավարությունը տուրք տալով Անկարայի պայմանին, հետմիջօրեին հայտարարելու է Հայոց ցեղասպանության Բունդեսթագի ճանաչման բանաձեւից իրեն, այսպես ասենք, տարանջատելու, անջրպետելու մասին: Բանը հետմիջօրեին չհասավ. 11.30-ին ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտը, կեղծ որակելով «Շպիգելի» գրածը, թե գործադիրը հրաժարվում է Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից, այդուհանդերձ հաստատեց այն տեղեկությունը, թե այն իրավական ուժ չունի, եւ կառավարությանը որեւէ բան չի պարտադրում: Անկարան այս ազդանշանին էր սպասում, Բեռլինը կատարեց իր առջեւ դրված գլխավոր պայմանըՙ այն է հանձնառություն ստանձնել, որ հունիսի 2-ին Բունդեսթագում բարձրաձայնած եւ համարյա միաձայն բաց քվեարկությամբ ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Դեմոկրատիայի ապակեպատ գմբեթից դուրս լույս չի փնտրելու: Փոխարենըՙ Անկարան կարտոնի ամիսներ շարունակ չարչրկված հարցին լուծում տալՙ գերմանացի պատգամավորների մուտքն ապահովել Իջիռլիք ռազմակայան, որ ծանոթանան իրենց առաքելությունն այնտեղ կատարող գերմանական զինուժին: Թվում է, գերմանացիները պիտի գոհ ու երջանիկ լինեն, որ վերջապես, ինչպես գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներն են ձեւակերպում, Թուրքիայիՙ փախստականների հարցով կարեւորագույն դերակատար, ինչպես նաեւ նույն դաշինքին անդամակցող այդ երկրի հետ դիվանագիտական, քաղաքական կնճիռները հարթվում են: Բայց գերմանացի լրագրողները, ի տարբերություն իմՙ հայաստանյան գործընկերների, որոնց շեշտադրմամբՙ «թուրքերն են պղտորում իրականությունը, Բունդեսթագն ընդունել է, եւ բանաձեւն այլեւս անշրջելի է, Մերկելն էլ չի հրաժարվում», չեն համակերպվում այն իրողությանը, որ իրենց երկրի գործադիրն ավելի կարեւոր մարմնիՙ օրենսդրի որոշումը չի հարգում, երկիմաստ հայտարարություններ անելով մոլորեցնում է իր ժողովրդին եւ որ առավել կարեւոր էՙ օտար երկրիՙ այն էլ ժողովրդավարացումից, մամուլի ազատությունից օրըստօրե հեռացող Թուրքիայի պայմանն է գերակա համարում: Թուրքիան իհարկե օգտվում է առիթից. այդ երկրի այն հայտարարությունը, թե Գերմանիան իրեն ճիշտ է պահում, կրկնապատկում է գերմանացիների զայրույթը: ԳԴՀ կառավարության հասցեին կարծր քննադատություն հրապարակելու հարցում գերմանացի լրագրողները սկզբունքային են մնումՙ պաշտոնատարներին ուղղված նրանց հարցերը վկայում են, որ հաշտվելու, կուլ տալու մտադրություն չունեն: Երբ հայատանյան ռադիո, հեռուստաեթերից անընդհատ լսում եմ, թե Մերկելը կամ Շթայնմայերը չեն հրաժարվել Բունդեսթագի բանաձեւից, հիշում եմ երկկենցաղի կյանքսՙ ցանկալին իրականության փոխարեն դիտարկող այդ տարածությունից արագ նետվում եմ տեղեկատվական այլ մթնոլորտՙ ինքնաքննադատ ու պաշտոնյաներին հարցականներից «կախող» գերմանացի գործընկերներիս մտքի տարածք: Ձեզ էլ տեղափոխեմՙ բազմաթիվ օրինակներից առանձնացնեմ «Դոյչլանդֆունկը», որ սեպտեմբերի 2-ին հարց էր տվել Բունդեսթագի պատգամավոր, կառավարող ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Յոզեֆ Յունգին : «Կառավարության խոսնակը մեկ անգամ եւս կրկնեց, որ բանաձեւը կառավարության համար պարտավորեցնող չէ: Սա արդեն ընդառաջում չէ՞ Անկարային»: «Ոչ, այդպես չեմ տեսնում: Բնականաբար, մեր բանաձեւը օրենք չէ, այլ քաղաքական հայտարարություն», հնչում է պատասխանը: Հարցՙ «կանցլեր Մերկելը, փոխկանցլեր Գաբրիելը, արտգործնախարար Շթայնմայերը քվեարկության օրը ներկա չէին: Սա նշան է, այնպես չէ՞»: «Ոչ, ես այդպես չեմ համարում: Նա անհետաձգելի այլ ժամադրություն ուներ, հետեւաբար չէր կարող Բունդեսթագում լինել, մանավանդ որ նրա համար էլ նախատեսելի չէր, թե Բունդեսթագում հստակ երբ է հարցը քվեարկության դրվելու: Բայց միանշանակ է, որ կանցլերը չի անջրպետում բանաձեւն իրենից, այլՙ հակառակը», հնչում է պատասխանը: Գերմանիայի հրեաների շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» էլ ԳԴՀ կառավարության զգուշավոր ձեւակերպումներին կոշտ գնահատական էր տվելՙ ցեղասպանության հարաբերականացում: «Այն օրվանից, ինչ Եվրոպայում միանձնյա որոշումներ է ընդունումՙ լինի Հունաստանի հարցով, թե փախստականների, մեր կանցլերը վաղուց է իր դատավճիռը կնքել, իսկ հիմա Բունդեսթագի մեր ընտրյալների, ասել էՙ մե՛ր որոշումների առեւտրով է զբաղված», Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ կառավարության հայտարարության մասին կարծիք հայտնեց 60 անց գերմանացի զրուցակիցս: Մեր մյուս տղամարդ զրուցակիցը, որ իրավաբան է, նկատել տվեց, որ օրենք, բանաձեւ, թե քաղաքական հայտարարություն, միեւնույն է, կառավարությունը պարտավորություն ունի, քանի որ Բունդեսթագի բանաձեւն ամրագրել էՙ համապատասխանատու է: Իսկ այն, ինչ անում է հիմա տուրք տալով թուրքական «մուղամին», անարժանապատիվ վարք է նախ գերմանացի ժողովրդի համար: Ես ամաչում եմ, ասաց զրուցակիցս: 40- ամյա ուսուցչուհին էլ հիասթափությունը չթաքցրեցՙ ինչ օրի ենք հասել, կուսակցություններնՙ առանց տեսլականի, մենքՙ համարյա ընդդիմությունից զուրկ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդիրի բանաձեւը ինչքան շուտ գերմանական դպրոց հասնի, այնքան լավ: Կառավարությունը սրա մասին պիտի մտածի: Ի վերջո, սերունդները պիտի իմանանՙ ում ինչքան են պարտք: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2016- ի զեկույցի, մամուլի ազատության 180 երկիր ներառող համաշխարահային սանդղակում Գերմանիան 16-րդ տեղում է: Բայց զրուցակիցներս էլ համակարծիք ենՙ Գերմանիայում ազատ, լավ լրագրություն կա, որին ապավինում է ընթերցողը, հեռուստադիտողը, ռադիոունկնդիրը, որը նաեւ սերունդ է կրթում (սրա մասին կիրազեկենք մեր առաջիկա համարներից մեկում): Հասարակության զարկերակն, առանց բարոյականության կողմնացույց լրագրության, չի կարող թարմ արյուն, թթվածին շրջանառել: Քաջալերենք գերմանացի մեր գործընկերներինՙ նրանց հարցն է հասարակության պահանջ դառնալու: 2017- ին այս երկրում էլ ընտրություններ են: |