ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ Էրդողանի նոր փորձությունները ըստ «Թայմսի» Նոր վարչապետի նշանակումից հետո Թուրքիան հմտորեն փոփոխեց իր արտաքին քաղաքականությունը, ինչը թույլ տվեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մինչդեռ Անկարա-Արեւմուտք հարաբերություններում բարդությունները մնում են մի շարք խնդիրների պատճառով: Թուրքիան եւ ԱՄՆ-ը պետք են իրար, սակայն հուլիսյան հեղաշրջման փորձին Վաշինգտոնի ընդգծված զուսպ արձագանքը, քարոզիչ Գյուլենի ճակատագիրը եւ քրդական հարցի հետ կապված տարաձայնությունները երկու երկրներին թույլ չեն տալիս շատ մերձենալ: Անկարա-Մոսկվա հարաբերությունների կարգավորումը եւս չարժե գերագնահատել. Անկարայի համար դա մարտավարական քայլ էր, այլ ոչ թե ռազմավարական դաշինքի նախաբան: Այս տեսակետն է արտահայտում Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Պոլը: Նա նշում է, որ հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո ԱՄՆ-ի ու Եվրոմիության հետ Թուրքիայի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են, քանի որ Անկարան դժգոհ է Արեւմուտքի «անհամարժեք» արձագանքից: Հեղաշրջման փորձից առաջ էլ հարաբերություններն իդեալական չէին: Օրինակ, Վաշինգտոնն ու Անկարան տարաձայնություններ ունեին Սիրիայի եւ մասնավորապես սիրիացի քրդերի առնչությամբ: Անկարան մինչեւ օրս կարծում է, որ «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցությունը եւ դրա աշխարհազորը Թուրքիայում արգելված PKK-ի սիրիական ճյուղն են: Իսկ ԱՄՆ-ը քրդերին գլխավոր դաշնակիցներ է համարում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: Ինչպես Անկարան, Վաշինգտոնը եւս ահաբեկչական կազմակերպություն է համարում PKK-ին, սակայն նույն բնորոշումը չի տալիս «Ժողովրդավարական միությանը»: ԱՄՆ-ի հետ երկխոսությունը բարդացնում է նաեւ այն, որ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում Անկարան համարում է անհաջող հեղաշրջման նախաձեռնողը, ինքնակամ տարագրի կարգավիճակով ապրում է Փենսիլվանիայում: Բացի դրանից, ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը մտահոգ են, որ նախագահ Էրդողանի կառավարման ոճը դառնում է ավելի ու ավելի միահեծան: Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոմիության համար Թուրքիան կարեւոր գործընկեր է սիրիացի փախստականների խնդրի լուծման, հակաահաբեկչական պայքարի հարցերում, ինչպես նաեւ էներգետիկայի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի անչափ կարեւոր դաշնակիցը, նույնիսկ ավելի կարեւոր, քան եվրոպական որոշ դաշնակիցներ: Ամերիկացների համար մեծ կարեւորություն ունի «Ինջիռլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը: Պատահական չէ, որ վերջերս ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից Թուրքիա են մեկնում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք առաջարկում են աջակցություն եւ քննարկում են երկկողմ կարեւոր հարցեր: Ի թիվս այլոց, օրերս Անկարա էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ամանդա Պոլը դա համարում է դրական երեւույթ, քանի որ խզումը բացասաբար էր ազդել երկու երկրների վրա եւ սրել էր լարվածությունը մասնավորապես Սեւ ծովի շրջանում: Սակայն այդ մերձեցումն ավելի շուտ հաշվարկով ամուսնություն է, քան ռազմավարական գործընկերություն: Անկարայի համար գլխավորն այն է, որ հարաբերությունների բարելավումը իրեն թույլ տվեց տպավորիչ կերպով վերադառնալ Սիրիա եւ այնտեղ վերստին կարեւոր խաղացող դառնալ մի քանի ամսվա մեկուսացումից հետո: Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության փոփոխման մեջ էական դեր խաղաց դիրքորոշման մեղմացումը նախագահ Ասադի եւ Սիրիայում Ռուսաստանի ու Իրանի գործողությունների նկատմամբ: Ռուսաստանի հետ մերձեցումը նաեւ հնարավորություն տվեց նոր բանակցություններ սկսել «Թուրքական հոսք» գազամուղի շուրջ: «Հարավային հոսքի» շինարարության դադարեցումից հետո Մոսկվան շեշտը դնում է հենց Թուրքիայի հետ փոխգործողության վրա: Էրդողանը հավանաբար հասկանում է, որ ներկայիս հաշտեցումը զուտ մարտավարական քայլ է, եւ որ Թուրքիային ձեռնտու չէ երկրի գազային շուկայում ՌԴ ազդեցության ընդլայնումը (գազի ներմուծման ծավալների 56,3 տոկոսը), ինչը կշեղի ուշադրությունը այդ շուկայի կայունությանն ուղղված ներդրումների անհրաժեշտությունից: «Թուրքական հոսքը» Անկարայից շատ Մոսկվային է պետք, քանի որ Ռուսաստանն ուրիշ ձեւով չի կարող վերադարձնել այն 12 մլրդ դոլարը, որ ծախսվել է ներքին տարանցիկ կարողությունները «Հարավային հոսքի» եւ «Թուրքական հոսքի» վերափոխելու վրա: Տվյալ հանգամանքը բանակցություններում ուժեղացնում է Անկարայի դիրքերը: Արդեն 200 տարի թուրքերը փորձում են եվրոպականացնել իրենց երկիրը: Այդ գործընթացը հետ շրջելն այնքան էլ դյուրին չէ, թեեւ Թուրքիան դժվար ժամանակներ է ապրում: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, Թուրքիան կարեւոր դաշնակից է եղել 1952 թ. դրան անդամակցելուց ի վեր: Նա ամրապնդել է եվրոատլանտյան անվտանգությունը «սառը պատերազմի» տարիներին եւ ողջ աշխարհում մասնակցել է ՆԱՏՕ-ի բազմաթիվ գործողությունների: Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո կալանավորվեց ավելի քան 40 հազար մարդ, ավելի քան 20 հազարը ձերբակալվեց, 79 հազարը հեռացվեց պետական ծառայութունից: Մյուս կողմից, 38 հազար հանցագործ ազատ է արձակվելու, որպեսզի տեղ բացվի խռովությանը մասնակցելու մեջ մեղադրվողների համար: Երկրում իրականացվում են զանգվածային զտումներ: Ձերբակալված կամ հեռացված անձանցից շատերը առհասարակ որեւէ ձեւով կապված չեն Ֆեթուլլահ Գյուլենի հետ: Զտումներ են սկսվել նույնիսկ կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) շարքերում: ԱԶԿ փոխնախագահ Հայաթի Յազըջին հայտարարել է, որ կուսակցությունը խստագույնս կմոտենա Գյուլենի շարժման «համակիրներից մաքրվելու» հարցին: Օրերս երկրի ներքգործնախարարությունը պաշտոնանկ արեց տեղական վարչակազմերի 28 ղեկավարների, նրանց ամբաստանելով PKK-ի եւ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Դրանից հետո Թուրքիայում ԱՄն դեսպանությունը հայտարարությամբ ամերիկյան կողմի մտահոգությունն արտահայտեց այդ որոշման կապակցությամբ: Վարչապետ Յըլդրըմը այդ հայտարարությունը որակեց «անընդունելի», իսկ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրեց երկրի «ներքին գործերին միջամտելու» մեջ: Թուրք հասարակայնության մեջ անցյալում եւս եղել են հակաամերիկյան տրամադրություններ, բայց դրանք երբեք այսպիսի ուժգնությամբ չեն արտահայտվել: Վերջին տարիներին ԱՄՆ-ը դրա պատճառները փնտրում էր ոչ այնքան իր մերձավորարեւելյան քաղաքականության, որքան Անկարայի դիվանագիտության, մասնավորապես Մոսկվայի հանդեպ նրա դիրքորոշման մեջ: Ընդսմին Թուրքիան մնում էր Արեւմուտքի կարեւոր ռազմավարական դաշնակիցը Մերձավոր Արեւելքում: Դա հատկապես ցայտուն կերպով դրսեւորվեց այսպես կոչված «արաբական գարնան» ժամանակ, երբ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներում սկսեցին տապալել Թուրքիայի մրցակիցներ դարձած վարչակարգերը, իսկ Անկարան, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի խոսքերով, գայթակղություն ունեցավ «այս ու այն կողմ հրմշտելով առաջ շարժվելու եւ իբրեւ լողավազան ընդունած ճահճի մեջ ցատկելու»: Հենց թուրք փորձագետների գնահատմամբ, Անկարան, որը հույս ուներ «բացվել աշխարհի առջեւ եւ հուժկու ազդանշան տալ տարածաշրջանին», իրականում «սկսեց ներամփոփվել եւ սուզվել ներքին ճգնաժամի մեջ»: «Արաբական գարունից» հետո դա երկրորդ աշխարհաքաղաքական երեւույթն էր: Թուրքական Milli Gazete-ն գրում է, որ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին հետեւող Թուրքիան սիրիական ճգնաժամի մեջ ներքաշվելուց հետո ՆԱՏՕ-ից սպասված աջակցության փոխարեն «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» սկսեց ենթարկվել «արտաքին միջամտությանը»: Այդ ճնշումը Անկարային թույլ չէր տալիս փոխել դոկտրինան, որը երկիրը դարձնում էր մի նոր Սիրիա: Այսինքնՙ Անկարային ներքաշում էին հակամարտության գոտի, ինչը բավարար խորությամբ հաշվարկված չէր թուրքական դիվանագիտության մեջ: Հետաքրքրական է, որ 2015-ի նոյեմբերին Սիրիայի սահմանի մոտ ռուսական օդանավի խոցումից մինչեւ 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձը ընկած ժամանակամիջոցում Արեւմուտքի լրատվական-քաղաքական տարածքում Սիրիայի «բռնակալ» նախագահ Ասադի կողքին հայտնվեց նաեւ Թուրքիայի «բռնակալ» նախագահ Էրդողանի կայուն կերպարը, մինչդեռ անցյալում նա ներկայացվում էր գրեթե որպես «ժողովրդավարության արեւելյան գլխավոր փորձագետ»: Պատահական չէ, որ հենց նույն ժամանակամիջոցում Թուրքիայի հարավարեւելյան վիլայեթներում կտրուկ աշխուժացավ PKK-ն, եւ երկիրը հայտնվեց ռազմաճակատների օղակում, քանզի Սիրիայում եւ Իրաքում արդեն իսկ ռազմական գործողություններ էին մղվում «Իսլամական պետության» ջիհադիստների, ինչպես նաեւ սիրիացի քրդերի դեմ: Ի հայտ եկավ իրական վտանգ, որ ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել թուրքական տարածք: Միեւնույն ժամանակ թուրքական «Զաման» թերթը գրեց տարածաշրջանում Անկարայի հանդեպ դրական վերաբերմունքի նվազման մասին. «Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության խորացման ֆոն դարձավ նրանց հարաճուն օտարացումը ԵՄ-ին երկրի ինտեգրման բանակցությունների սառեցման եւ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին Արեւմուտքի արձագանքման պատճառով»: Հենց նման պայմաններում Մոսկվան որոշեց ընդունել Անկարայի ներման խնդրանքը ռուսական խոցված օդանավի համար եւ վերսկսել երկխոսությունը, քանի որ Թուրքիայի ապակայունացումը սպառնում էր Մերձավոր Արեւելքի իրադրությանը եւ մեծացնում անկանխատեսելիությունը Ռուսաստանի հարավային սահմաններում, նշում է REGNUM գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը : Թուրքիայի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ունալ Չեւիքյոզի խոսքերով, «Անկարան հասկացավ, որ գոյություն ունեն շատ ավելի լուրջ խնդիրներ, քան Ասադի պաշտոնանկությունը»: Քանզի Թուրքիային մերձավորարեւելյան աշխարհաքաղաքականության կենտրոնին մոտեցրին հենց Ռուսաստանի հետ դաշինքը եւ Իրանի հետ համագործակցությունը, այլ ոչ թե Արեւմուտքի հետ գործընկերությունը: Մոսկվայի ու Թեհրանի հետ դաշն կազմելովՙ Անկարան սկսեց առավել վճռականորեն քննադատել Արեւմուտքին: Հարկավոր է այս համատեքստում դիտարկել Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որն անհնար կլիներ նույնիսկ Վաշինգտոնի աջակցության, բայց Մոսկվայի անհամաձայնության դեպքում: Ի՞նչ կլինի հետագայում: Բրիտանական «Թայմս» ազդեցիկ օրաթերթի կարծիքով, «Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի գլխավոր պաշտպան Թուրքիայի գործողություններն այժմ անկանխատեսելի են, ինչը ԱՄՆ որոշ ներկայացուցիչների ստիպեց խորհել այլընտրական դաշնակիցների որոնման մասին», իսկ «չափազանց երկար կառավարող» Էրդողանի ներկայիս քաղաքականությունը հարկավոր է «փոշի դարձնել, ինչպես պատահեց նրա նեոօսմանիզմի հետ»: Բացի դրանից, ըստ «Թայմսի», Արեւմուտքը պարտավոր է խզել «Մոսկվա-Անկարա-Թեհրան» սիրային եռանկյունին, որի սահմանագծերը անդադար փոփոխվում են, ինչպես մռայլ խորհրդավորությամբ լի գոթական վեպի սյուժետային գծերը, որտեղ «ողբերգական հերոսուհին» ստիպված է ընտրություն կատարել երկու երկրպագուների միջեւ, որոնցից մեկը կենսասեր է ու հմայիչ, մյուսըՙ գաղտնապահ ու մտածկոտ: Իսկ չարագործի դերում պետք է հանդես գա ԱՄՆ-ը»: |