ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՙ Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ՉԷՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԵՎ Ո՞ՒՄ Ի՞ՆՉ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 13-րդ վարչապետի գործունեության եւ 14-րդից ակնկալիքների շուրջ Երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում երեք վարչապետի փոփոխություն ունեցանք: Այդ պաշտոնում ամենաերկար պաշտոնավարած Տիգրան Սարգսյանին 2014-ի ապրիլին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, երկուսուկես տարի անց էլՙ նրան փոխարինում է Կարեն Կարապետյանը: Թե ինչո՞վ են պայմանավորված վարչապետների փոփոխություններն ու քաղաքական դաշտի հաճախակի վերաձեւումները, անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարում («Սերժ Սարգսյանի «շախմատային» քաղաքականությունըՙ ճանապարհ դեպի անհայտություն», ԱԶԳ, 9.09.2016): Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեությանն ու այդ պաշտոնում Կարեն Կարապետյանից ակնկալիքներին, կփորձենք ներկայացնել հիմա: Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը նախագահի քաղաքականության նույնական արտացոլումն էր Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխմանՙ կուտակային համակարգի ներդրման հետ կապված դժգոհությունների եռուն փուլում: Նոր վարչապետը խոստացավ, որ «կուտակային համակարգը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Որոշ ժամանակ անց պարզվեց, թե ինչ է նշանակում դա: Պարտադիր կուտակային համակարգի մեջ ընդգրկվեցին միայն պետական համակարգում այն աշխատողները, որոնք ծնվել էին 1974-ից հետո, որոնց աշխատավարձերը 2014-ի հուլիսի 1-ից բարձրացել էին 35-75 տոկոսով, իսկ մասնավոր ոլորտի աշխատողների համար այդ ժամկետը հետաձգվեց երեք տարով: Այսինքն, բարեփոխումն, ըստ էության, մասամբ կյանքի կոչվեց, դրանից բխող մասնակի արդյունավետությամբ, փոխարենը դժգոհությունները դադարեցին: Ի դեպ, դժգոհությունների մասին: Խոսելով Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին, հարկ է նշել, որ այն նախագահի վարած քաղաքականության նույնական արտացոլումն էրՙ գոհացնել բոլոր դժգոհողներինՙ անկախ նրանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց: Այդ քաղաքականության շրջանակներում կառավարությունը հաճախ չեղյալ էր համարում իր ընդունած որոշումները, թեեւ դրանք իսկապես անհրաժեշտ էին եւ որքան էլ որոշակի խավերի համար ցավոտ լինեին, երկրի եւ բնակչության ընդհանրական շահերից էին բխում: Օրինակներՙ առեւտրի ոլորտում շրջանառության հարկի փոփոխություններ, ժամանակավոր անաշխատունակության օրենքում փոփոխություններ, էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորում եւ այլն: Արդյունքում, ամեն ինչ վերադառնում էր նախկին վիճակին, լրջորեն խոչընդոտելով երկրի տնտեսական զարգացմանը, ստվերային տնտեսության բացահայտմանը, պետական միջոցների վատնման դեմ մեխանիզմների ստեղծմանը եւ այլն: Թերեւս հենց այդ պատճառով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկարողացավ հասնել տնտեսական աճի բարձր ցուցանիշի, ինչի համար մեծ ջանքեր էին ներդրվում, բայց դրանք փաստորեն վերածվում էին սիզիփոսյան աշխատանքի: Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկման եւ անգամ լճացման պարագայում Հայաստանում որոշակի տնտեսական աճ ապահովելն իսկապես որ դժվար խնդիր էր, որը կարողացավ ապահովել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Ինչպես արդեն նշեցինք, վճռականության պակասը թույլ չտվեց հասնել ավելիի: Նախորդող երկուսուկես տարիներին մասնավորապես աճեցին արդյունաբերական արտադրանքի թողարկման եւ դրանց արտահանման ծավալները: Սակայն, Հովիկ Աբրահամյան վարչապետի ուշադրությունն առավելապես ուղղված է եղել գյուղատնտեսությանը եւ գյուղի խնդիրներին: Սահմանամերձ գյուղերի հանդեպ առանձնահատուկ մոտեցումը եւ, ի վերջո, նրանց բնակիչների համար հողի, գույքի հարկի, գազի, հոսանքի, խմելու եւ ոռոգման ջրի վճարումների համար արտոնությունների տրամադրումը Հովիկ Աբրահամյանի, թերեւս, ամենագնահատելի ձեռնարկումներն էին: Միեւնույն ժամանակ, հասարակության մեջ տիրող կամ ավելի ճիշտՙ ներսից ու դրսից ներարկվող հոռետեսական եւ հիասթափության մթնոլորտը, ինչպես Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց ցրել: Նման մթնոլորտն առավելապես օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ ընկալման արդյունք է, եթե նկատի ունենաք, որ մենք անցել ենք 90-ականների դաժան տարիները եւ այդ ծանրագույն ժամանակներում ավելի տոկուն ենք եղել եւ ավելի քիչ նվնվացող: Բնական է, որ մենք չենք ապրում բարձր բարեկեցություն ունեցող երկրում, բայց անգամ ինչ-որ բարելավումներ պետք է հույսեր ներշնչեն, այլ ոչ թե հակառակը, ինչպես տեղի է ունենում մեզ մոտ: Իսկ դա տեղի է ունենում, որովհետեւ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն իրենք չեն կարողանում խոսել մարդկանց հետ, չեն կարողանում հասանելի, պարզ լեզվով ներկայացնել իրենց կատարածն ու չկատարածը, պարզաբանել տեղի ունեցողի պատճառները, վստահություն ներշնչել իրենց խոսքով: Տիգրան Սարգսյանի խոսքն այնքան էր երկարում, որ նմանվում էր դասախոսության եւ սկսում էր ձանձրացնել լսողին, Հովիկ Աբրահամյանի խոսքը հախուռն էր ու ոչ կապակցված, իսկ Սերժ Սարգսյանի առանձին արտահայտություններՙ պարզապես անհամատեղելի են նախագահի պաշտոնի հետ: Այս առումով նորանշանակ Կարեն Կարապետյանը արմատապես տարբերվում է իր նախորդներից եւ նախագահից: Ինչո՞վ էր առանձնանում քաղաքապետ Կարեն Կարապետյանը Դեռ «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն եղած ժամանակ Կարեն Կարապետյանը կարողանում էր հասարակությանը մատչելի լեզվով բացատրել գազի սակագների փոփոխությունների օբյեկտիվ պատճառները: Նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում նույն ձեւով ներկայացվում էր կատարվածը եւ չկատարվածը: Պետական գործչի կողմից համոզիչ, փաստարկված եւ մարդկանց համար հասկանալի խոսքը անհրաժեշտ է ոչ միայն նրան, այլ հենց նույն հասարակությանը: Դրա շնորհիվ վերջինս կարողանում է տարբերել օբյեկտիվ իրողություններն ու անհրաժեշտությունները ամբոխահաճո հայտարարություններից եւ շահարկումներից: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործունեությանը, ապա այն առանձնանում էր հենց այն վճռականությամբ, որը չէր բավականացնում կամ չէր թույլատրվում ցուցաբերել նոր պաշտոնում նրա նախորդներին: Գուցե հենց ա՞յդ պատճառով էլ նա հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից : Լինելով լավ կառավարիչ, Կարեն Կարապետյանը ձեռնարկեց մայրաքաղաքայինՙ մինչ այդ անլուծելի թվացող խնդիրների լուծումը: Գլխավոր ձեռքբերումըՙ փողոցային առեւտուրը Երեւանում վերացավ, ինչը նախորդող 20 տարիների ընթացքում չէր հաջողվել իրականացնել ոչ մի քաղաքապետի: Արեւելյան շուկա հիշեցնող երեւանյան պատկերները վերջապես անցան պատմության գիրկը: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներումՙ Մաշտոցի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի մոտ տարերայնորեն ստեղծված ավտոկայարանները վերացվեցինՙ միջքաղաքային բոլոր ավտոբուսները եւ միկրոավտոբուսները սկսեցին Երեւանից դուրս գալ եւ վերադառնալ դրանց համար նախատեսված ավտոկայարաններ: Մաշտոցի պողոտայից եւ մի քանի կենտրոնական փողոցներից դուրս հանվեցին երթեւեկությանը խանգարող գովազդային խոշոր վահանակները: Երեւանյան շենքերը սկսեցին լվանալ, ապա ներկվեցին համապատասխան գույներով, բարեկարգվեցին դեպի փողոց դուրս եկող պատշգամբները, ձեւավորելով մայրաքաղաքին բնորոշ գեղեցիկ միջավայր եւ գրավչություն: Կազմաքանդվեցին քաղաքի տեսքը այլանդակող հարյուրավոր կրպակներ, որոնց մեծ մասը չէր օգտագործվում: Կարեն Կարապետյանի օրոք նախաձեռնվեց մայրաքաղաքում կամայականորեն ստեղծված ավտոկայանատեղերի կանոնակարգման գործընթացի սկիզբը: Հայտարարվել էր նաեւ քաղաքային տրանսպորտի խնդրի լուծման տարբերակների, այդ թվում անկանխիկՙ էլեկտրոնային քարտերով վճարման մեխանիզմի ներդրման մասին: Եթե ավտոկայանատեղիների հարցը Կարեն Կարապետյանից հետո կանոնակարգվեց, ապա նույնը չի կարելի ասել քաղաքային տրանսպորտի մասին: Միեւնույն ժամանակ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նույնպես չկարողացավ լուծումներ գտնել մայրաքաղաքի իրացման գոտիներում կառուցապատողների կողմից իրենց պարտավորությունները կատարելու հարցում: Բազմաթիվ իրացման գոտիներում մինչ հիմա էլ անորոշ իրավիճակ էՙ կառուցապատողները չեն սկսում քաղաքաշինական ծրագրերի իրականացումը, իսկ քաղաքապետարանն ու կառավարությունը չեն պահանջում նրանցից դա կատարել կամ քաղաքաշինական ծրագրերը չեղյալ չեն համարում: Գուցե վարչապե՞տ Կարեն Կարապետյանն ի զորու լինի այս խնդիրը կարգավորել: Ամեն դեպքում, այս եւ բազմաթիվ այլ հարցերի առնչությամբ վարչապետի քայլերը շատ բանով պայմանավորված կլինեն նրանով, թե որքանո՞վ գործունեության ազատություն կտրվի նրան երկրի նախագահի կողմից: Երեւանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հեռանալը նրա ձեռնարկած քայլերից սուբյեկտիվ դժգոհությունների (հատկապես փողոցային առեւտրականների կողմից) հետեւանքն էր: Ինչպես արդեն նշեցինք, Սերժ Սարգսյանին եւ իշխող քաղաքական ուժին ավելի շատ հուզում է ընտրողների ձայների կորուստ չունենալը, քան թե այս կամ այն խնդրի արմատական լուծումը: Ուստի քաղաքապետ Կարեն Կարապետյանին պետք էր հեռացնել եւ բավարարել դժոգություն արտահայտողներին: Եթե այս մոտիվացիան նրանց մոտ հիմա էլ պահպանվի, ապա քիչ հավանական է, որ Կարեն Կարապետյանին կհաջողվի արմատական բարեփոխումներ կատարել եւ տնտեսական զարգացման ավելի բարձր տեմպ հաղորդել երկրին: Գուցե նախագահը վերջապես գիտակցե՞լ է, որ անգամ եթե իր կողմից կայացվում է դժգոհողներին ձեռնտու որոշում, իր վարկանիշը չի բարձրանում, եթե չասենք ավելի է ընկնում: Գուցե դրանո՞վ էր պայմանավորված հմուտ կառավարիչ եւ ոչ ամբոխահաճո քայլեր ձեռնարկող, բայց խնդիրներին արմատական լուծում տվող անձին վարչապետ նշանակելը: Կարծում ենք, այս հարցերի պատասխաններին երկար չենք սպասի: |