«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....» ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ (Ենթախորագրի փոխարենՙ հարցական նշան) Սկիզբը` նախորդ համարներում *** Այստեղ տեղը չէ Ալիսի սեղանի շուրջ բոլոր հավաքվածների կյանքի պատմությունն առանձին-առանձին անելու: Մի բան պարզ էր. «հոս» նրանցից յուրաքանչյուրը հասել էր այն վիճակին, որ իր աշխատանքով կարող էր իր գլուխը պահել: Ես նկատել էի, բոլոր եկածները սիրում էին անել այն պատմությունը, թե ինչպես են իրենք եկել-հաստատվել Ամերիկայում: Նրանցից շատերի համար Երեւանը հանդիսացել է միջանկյալ կայարան: Տարօրինակ մի պատմություն էլ կապված էր Ալիսի Ամերիկա երթալու հետ: Ինչպես ասացիՙ Ալիսի հայրըՙ Մինասը, մորս հորՙ Անդրանիկի կրտսեր եղբայրն էր, նրանք նույն մորից են, սակայն տարբեր հայրերից: Իմ պապի ազգանունը Կպրյան էր, իսկ Ալիսինըՙ Մելիքյան: Նրանք եւս մի եղբայր ունեինՙ Հակոբը, որը մնացել էր Կ. Պոլսում, իսկ վերջինիս որդինՙ Վարդանը, անվանի շինարար էր, ապրում էր Լոս Անջելեսում (որի հետ ես ունեցա ջերմ հանդիպումներ): Կոտորածներից հետո եղբայրների ճանապարհը բաժանվում է: Անդրանիկը 1920 թվականին կնոջ եւ երկու զավակների հետ գաղտնի, մի ծխախոտ փոխադրող նավով Ստամբուլից իրեն գցում է Աբխազիա (Սուխում, Գանթիադի), իսկ 1936 թվականինՙ Երեւան: Ամենակրտսերըՙ Հակոբը, իր որդունՙ Վարդանին, տեղափոխում է Ստամբուլից Հունաստան, որտեղից ինքը ուղեւորվում է Լոս Անջելես: Ալիսի հայրըՙ Մինասը, հաջողացնում է կնոջ հետ Ստամբուլից նավով հասնել Մարսել, այնտեղից էլ Փարիզ, ուր ծնվում են նրանց երկու աղջիկներըՙ Մելինեն եւ Ալիսը (ապագա տաղանդավոր քանդակագործուհին): Փարիզում ծնված երկու պոլսահայ աղջիկներ, որոնց հայրը սոցիալական արդարության, «Ինտերնացիոնալ» երգի եւ այլ զառանցական հովերով տարված մի ազնիվ արհեստավոր, որոշում է անպայման իր երկու դուստրերին, տիկնոջ հետ մշտական բնակության տանել Խորհրդային Հայաստան: Ուր ե՛ւ խեղճ ընտանիքը վերապրում է ե՛ւ 1937 թիվ, ե՛ւ Հայրենական պատերազմ, ե՛ւ 1949 թվականի աքսոր: Աստված մեծ է լինում եւ պահում է այս ընտանիքը, որն ապրում էր Նոր Արեշում, Մինասի ձեռքով կառուցած մեկ հարկանի տանը: Եվ այդ բոլոր տառապալից փուլերում ինքն իրեն մեղավոր ճանաչող Մինասը մահից առաջ կանչում է Ալիսին ու ասում. «Աղջիկս, դուք ինձ ներեք, որ ես ձեզ Փարիզեն բերի այս երկիր: Ների՛ր, ինձ, որ ես հանգիստ աչքերս փակեմ, եւ երդում տուր, որ դու, իմ տաղանդավոր աղջիկս, քեզ ու Մելինեին դուրս կհանես այս երկրեն ու կտանես Փարիզ, ուր կապրիս ու կստեղծագործես, առանց բռնությանը զոհ դառնալու»: Եվ Ալիսը երդում է տալիս հորը, եւ իրականացնում այն, սակայն Փարիզի փոխարեն գալով Լոս Անջելեսՙ Հոլիվուդ: Բայց, որպես Փարիզում ծնվածներ, նաեւ հաջողացնում է Մելինեի հետ յուրաքանչյուր ամիս ֆրանսիական պետությունից Լոս Անջելեսում թոշակ ստանալ: Ա՛յ քեզ Մինաս: *** Ինչի՞ համար է Սփյուռքը: Լավ, ասենք կային հայաշատ գաղութներ, որոնք ստեղծվել էին դեռեւս մինչեւ 19-րդ դարավերջ, հայկական կոտորածները, մինչեւ Մեծ եղեռնը: Օրինակ, Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Ֆրանսիայում եւ հատ ու կենտ գաղթականներով ԱՄՆ-ում: Բայց ԱՄՆ-ի գաղութը արդեն հիմնականում կազմավորվեց 20-րդ դարում, մեր օրերում, մենք կարող ենք ասել, որ այդ գաղութի կազմավորման վկան ենք եղել: Ահա դասական օրինակ նույն ազգության մարդկային մի մեծ զանգվածի հավաքման ուրիշ հողում, Եվրոպայից եւ Ասիայից շա՜տ հեռու անդրօվկիանոսյան մի երկրում: Ինչ է, մագնիսական ձգողությո՞ւն ուներ Ամերիկան, որ մեզՙ հայերիս կարողացավ տանել իր ափերը: Թե՞ ինչ-որ վերին ուժեր թելադրեցին հայերիսՙ գնալ Ամերիկա: Ախր ամեն ինչ շատ պարզ էր: Երբ մի արյունռուշտ, հանցագործ պետություն քանդեց մեր պատմական հայրենիքը, բնաջնջեց ժողովրդի մեծ մասին եւ մազապուրծ եղած ժողովուրդն էլ ուր հասավՙ այնտեղ հանգրվանեց: Հետո նոր միայն սկսեց մտածելՙ թե ուր է ինքը, ում երկնի տակ: Լա՞վ է, թե՞ վատ, ցու՞րտ է, թե՞ տաք, կու՞շտ է, թե՞ սոված: Պատերազմ կա՞, թե՞ խաղաղություն է, տեղացի բնակիչները քրիստոնյա՞ են, թե՞ մահմեդական: Այլ ազգի հանդուրժո՞ղ են, թե՞ մոլի ազգայնական: Եվ վերջապես երկիրը հարու՞ստ է, թե՞ աղքատ: Այս խնդիրներին, կասկածներին ու գուշակումներին ամենից առավել դրական կողմով համապատասխանում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները (*): Եվ հայերս էլ, լինելով թե՛ պրագմատիկ, թե՛ պրակտիկ ժողովուրդ, աներկբայորեն որոշում ընդունեցինք Էլիա Կազանի ֆիլմի հերոսի նմանողությամբ բացականչել. «Ամերիկա՜, Ամերիկա՜», եւ հայացքներն ու հույսերը, հոգիներն ու սրտերը ուղղել դեպի այդ երկիրը: «Ամերիկա» բառը ոչ միայն լավ էր հնչում, այլեւ հավատ ու հույս էր ներշնչում: Կարճ ասածՙ հետադիմական ու ոչ քրիստոնեական Արեւելքից հեռացանք դեպի Ամերիկա, որի նշանաբան խոսքերըՙ «In God We Trust», գրված են անգամ դոլարի վրա: Այն, որ 19 եւ 20-րդ դարերում Ամերիկա գնացին եւ դեռ գնում են Մերձավոր Արեւելքի հայերը, թերեւս հասկանալի է: Բայց ահա մի անկյունադարձային հարց եւսՙ ինչո՞ւ են հայերը Ամերիկա գնում Հայաստանից: Եթե առաջին օվկիանոսյան նավերը եւ մոտորային ինքնաթիռները տարան մեր «ախպարներին», եւ «ախպարազուրկ» եղավ մեր Հայաստանը (իմա եւ 0,5 միլիոն բնակչից էլ զրկվեց), ապա ինչո՞ւ են գնում տեղացի հայերը, մանավանդ 1991 թվականից սկսյալ: Մի՞թե այնքան դառն է այս երկիրը, որ այստեղ այլեւս հայը չի կարող ապրել: Մի՞թե դանակը հասել է ոսկորին: Մի՞թե օդի մեջ թթվածին այլեւս չի մնացել: Միթե-ները այսպես կարող են հազար ու մի օղակ կազմել, բայց պահել մարդուն հայրենի հողի վրաՙ շատ ավելի դժվար խնդիր է: Ժողովուրդն ասում է. «Կովը անգամ չի լքում այն արոտավայրը, որն իրեն լավ է կերակրում»: Հայտնի է, որ մարդը կվարժվի նեղ օրին, բայց ոչ երբեք անարդարությանն ու ստին: Ամենամռայլ օրերին մարդու հոգում չի հանգչում հույսի ճրագը ու հավատի շողը: Վերջապես Սփյուռքը հո չստեղծվեց Հայաստանը հայաթափ անելու համար... Չլիներ Սփյուռքը, արդյո՞ք հայը չէր մնա իր տանը: Եվ ինչպես կարող էր չլինել, մենք այդ դեպքում ո՞ւմ վրա պետք է հույս դնեինք: Օտար երկնքի տակ ո՞ւմ դուռը պիտի թակեինք, մեր երեխաներին Բոստոնում կամ Լոս Անջելեսում ո՞ւմ դպրոցը պիտի տանեինք, եթե չլիներ Սփյուռքը, ո՞ւմ եկեղեցում պիտի աղոթեինք, խաչակնքեինք, մոմ վառեինք, մկրտեինք մեր երեխաներին եւ պսակեինք մեր ջահելներին: Այո՛, մենք այսօր շնորհակալ ենք այն հայորդիներին, ովքեր ստեղծեցին, կառուցեցին եւ պահպանեցին Սփյուռքի հայապահպան կենտրոնները: Եվ ո՞ր սփյուռքահայի մտքով կանցներ, որ եկեղեցին Բոստոնում, դպրոցը Սան Ֆրանցիսկոյում եւ հայի տունը Միլանում, նա կառուցում է ոչ թե իր նման պանդուխտ հայի, այլՙ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար (որոնց թիվն, ի դեպ, այսօր Սփյուռքում շուրջ երկու անգամ գերազանցում է դասական սփյուռքահայերի թվին): Այնքան էլ շուտ են հարմարվում, սովորում անգլերենը, ամերիկյան անկախության հռչակագիրը եւ նահանգի օրենքները, մանավանդ աշխատանքային կոդեքսը եւ թոշակառուի սոցիալական ապահովագրության կանոնակարգը: Թաղեր կան, որ այսօր միայն նախկին երեւանցիներն են ապրումՙ Լոս Անջելեսում, Հոլիվուդում ու Գլենդելում, Փարիզի մոտՙ Ալֆորվիլում, իսկ գյումրեցիք սիրում են ԱՄՆ-ում Մոնթեբելլոն ու Պասադենան, Գերմանիայում Լայպցիգը, Հանովերն ու Վիտենբերգը... ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում այնպիսի տպավորություն է ստեղծված, որ նախկին ՍՍՀՄ-ում ապրում էին տասնյակ միլիոն հայեր, որոնց մի փոքր մասն էլ նախընտրել է ապրել իր «նոր հայրենիքում»: Սփյուռք, սփյուռքահայ, արեւմտահայ լեզու եւ գրականություն, դասական ուղղագրություն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն եւ եկեղեցիներ, ավանդական կուսակցություններ, պանդուխտ, գաղթական, հայրենադարձ, եկվոր եւ ախպար - հասկացություններ են, որ հատուկ են, բնորոշ են միայն մեր ժողովրդին: Այս զարմանալի ժողովրդի մոտ ամեն ինչ զույգ-զույգ է: Սուրբ Պետրոսի կաթոլիկ տաճարը իշխում է ոչ միայն ողջ Իտալիայի, այլեւ ողջ կաթոլիկ աշխարհի վրա: Վեստմինստերյան Աբբայությունը միակ հոգեւոր տանիքն է համայն Անգլիո: Իսկ մենքՙ հայերս, ամեն ինչ սիրում ենք, որ լինի կրկնօրինակված ձեւովՙ ասոնք եւ անոնք, հոս եւ հոն, Հայրենիք եւ Սփյուռք: Ինչի՞ց է սա, գուցե մեր ազգային խառնվածքի՞ց: Ես կասեմՙ ո՛չ, այլՙ մեր դառն ճակատագրից, մահմեդական օվկիանոսում քրիստոնեական կղզյակ լինելու մեր դառն ճակատագրից... Հայերն ի՜նչ կարող էին անել, հո չէին կարող փոխել իրենց երկրի աշխարհագրական դիրքը, ուստիեւ կռվում էին ու մաքառում ի հեճուկս դառն ճակատագրի: Սակայն մեր օրերում, երբ փոխվեց խորհրդային վարչակարգը եւ բացվեց երկաթյա վարագույրը, երբ կյանք մտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են միջազգային տուրիզմ, ուղիղ չվերթներ Երեւանից Ամերիկա, OVIR, ամերիկյան դեսպանատուն Երեւանում, գրին քարտ, ընտանիքների վերամիավորում, ուսում օտար երկրներում, ամուսնություն այլ երկրի քաղաքացու հետ, աշխատանքային վիզա եւ այլն, եւ այլն: Սկզբում «մեր ախպարները» 1956-1986 թթ., իսկ հետո եւ տեղաբնակներից շատերը 1986-ից մինչ օրս ներառյալ, եկան այն պարզ համոզման, որ «Երթալը ճիշտ է»: Դե արի այս ճամփի բերանը փակիր կամ պոչը բռնիր: Սրան հակադարձ քայլը դեռ ոչ ոք չի կարողացել իրականացնել, ժողովուրդը ինքը պիտի հասկանա, առավել եւս գիտակցի, թե ինքը ուր պիտի ապրի... Հեռանալ Հայաստանից նույնը չէ, ինչ լքում էին Հայաստանը մինչ հեղափոխությունը, երբ կար ռուսական կայսրությունը: Ինչպես եւ 1965-1985 թթ., երբ կար զորեղ Խորհրդային Միությունը: Այսօր լքել Հայաստանը, նշանակում է բաց թողնել ռազմաճակատային գիծը, նշանակում է մեջքից հարվածել քո երկրին... Նշանակում է լինել դասալիք... *** Կես միլիոնանոց «Ռոլս Ռոյս» մեքենայով ընկերդ քեզ տանում է հայկական մի դպրոցից մյուսը, ինչ է, թե հատը 10 դոլարով դու պիտի վաճառես Իսահակյանի «Ընտիր երկեր» հատորը, տպագրված 1992 թ. Լոս Անջելեսումՙ Սարգիս Մոճորյանի «Երեւան» տպագրատանը, Սիկառ Գոգոյի (Գրիգոր Գալայճյանի) հովանավորությամբ: «Ես գիրք չեմ կարդար,- ասել էր Սիկառ Գոգոն,- բլոտ թղթախաղի իր ընկեր Գրիգոր Շենյանին («Նոր կեանք» թերթի խմբագիր), բայց երբ իմացա, որ մորս սիրած երգի խոսքերըՙ «Հայրենիքես հեռացել եմ, խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ» գրել է մեր նման մի մարդ, այլ ոչ թե ժողովուրդն է հորինել, ուրեմն ես կհոգամ Ավետիք Իսահակյանի գրքի հրատարակման ծախսերը ԱՄՆ-ում: Գոգոն էլ շատերի նման կարծել էր, թե Ավետիք Իսահակյան անունով մարդ իրականում չկար: Բայց երբ գրքի շապիկի վրա տեսավ Իսահակյանի լուսանկարը, երբ թերթեց գիրքը եւ լսեց արվեստի վարպետների Վարպետից բերված բանաստեղծական հատվածների կատարումներ, մտազբաղ ասաց. «Ուրեմն կենդանի մարդ եղած է, Ավետիք Իսահակյանի գրածները մորս երգած երգերն են... Ես այդ գիրքը կկարգադրեմ, որ լույս աշխարհ գա...»: Ասեմ, որ երեք տարի անց, 1995 թվականին, նա մեկ անգամ եւս սատար կանգնեց Իսահակյանի «Է՛յ, ջա՜ն հայրենիք» ժողովածուի տպագրությանը: Այս անգամ նույնպես հինգ հազար դոլար տալով տպագրատանը, իհարկե այս երկու գրքերն էլ կարելի էր հրատարակել պահանջված գնի կեսով, բայց դե Գոգոն մեծահոգի եւ շռայլ մարդ էր, չէր նստելու եւ ճղճիմ հաշիվներ աներ: Գոգոն սիսեցի էր, հայոց պատմական Կիլիկիայից: Նա ղարաբաղյան պատերազմի տարիներին մեծաքանակ զինվորական հագուստներ է ուղարկել հայոց բանակին: Նա ժամանակին Վազգեն Սարգսյանից Գարեգին Նժդեհի անվան մեդալ էր ստացել եւ լավ ճանաչված էր հայրենի զինվորականության շրջաններում: Սիկառ Գոգոն մենակ չէր, ծագումով բեյրութցի մտավորական եւ բարերար Հարություն Սիմոնյանը, որն, ի դեպ, իր հաշվին 40 անուն գիրք է տպագրել Լոս Անջելեսում, այդ թվումՙ Հ. Պարոնյան, Ե. Օտյան, Հ. Թումանյան, Լ. Կամսար, «Հ. Թումանյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը», ինչպես նաեւ Իսահակյանից մի նոր ժողովածուՙ «Թեւավոր մտքեր»: Եվ տես, որ այս լուսավորչական գործին դարձյալ տեր կանգնեց արեւմտահայը: Խոսքը հատուկենտ գրքերի տպագրության մասին չէ, վերջապես կարող էին նրանք չտպվել: Կան վիթխարի կառույցներ, որոնք տասնյակ տարիներ ազգային մշակույթի հանրահռչակմամբ եւ բարեգործությամբ են զբաղվածՙ ՀԲԸՄ-ը (Հայկական բարեգործական ընդհանուր միություն), «Համազգայինը», «Թեքեյան մշակութային միությունը», «Պարսկահայ մշակութային միությունը» եւ այլն: *** Դասական գաղթականը, որի քարավանը աշխարհով մեկ ձգվեց 1915 թվականի ցեղասպանությունից հետո եւ ապա Սովետից դժգոհ հեռացած գաղթականը (որը հիմնականում գոյացել էր 1936-1949 թթ. հայրենադարձներից) եւ վերջապես Հայաստանի անկախ հանրապետությունից, այսինքնՙ ոչ թե տոտալիտար, այլ միանգամայն դեմոկրատ եւ իրեն «ժողովրդավար» հռչակած հանրապետությունից հեռացած ՀՀ նախկին քաղաքացիները, շատ հաճախ իրար չեն հասկանում: Աններդաշնակության դաշտ է ստեղծված նրանց միջեւ: Որպես օրենքՙ այս վերջին քարավանների «ուղեւորները» դժգոհում են իրենց հայրենիքից: «Մի բան այնպես չէ Դանեմարքայի արքայությունում» խորհողները շատ շուտով պիտի մրցեին «Որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսի կողմնակիցների հետ: Ո՞ւմ կողմը պիտի գերակշռեր: Դե մի մասն իր ընտրությունն արել էր, իսկ մյուս մասը զբաղվում էր իր վիճակը կարգավորելով: Խնդիրն այն չէր, թե ո՞ւմ գործն ավելի կհաջողեր, խնդիրն այն էր, որ արտագաղթածներից (ախպարական թեւի ներկայացուցիչները) դժկամությամբ էին ընդունում երկիրը լքածների «3-րդ ալիքի» ներկայացուցիչներին: Նրանց մեջ մեկ տասնամյակ չէ, որ ձեւավորվել է անտագոնիստական տարաձայնություն: Եվ Սփյուռքում նրանք բնականաբար ավելի պիտի տարանջատվեին: «Մեզի հայրենիքում կըսեիք «ախպար», դուք ալ այժմ «ընկերից» դարձել եք «ապեր»: Հիմա ալ մեր ետեւեն եկաք, որ մեր գործը խափանեք, մեր մաքուր քրտինքով վաստակած «հայի անունը» խայտառակեք: Պատկերն ամբողջական դարձնելու համար հարկ է ասել, որ նախկինումՙ առաջին եւ երկրորդ քարավաններով եկածները կարծես թե «սեփականացրել» էին տեղի դպրոցները, եկեղեցիները, օֆիսները, անգամ կուսակցությունները: Չգիտեմ ինչ պիտի լիներ, որ Ալեք-Փիլիփոս, Ֆերահյան կամ Մարի Մանուկյան դպրոցներում հաստիք (այսինքնՙ ուսուցչի պաշտոն) տային Հայաստանից եկած հային կամ հայուհուն: Անհնարին էր, եթե օրիորդը կամ պարոնը Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից կամ ծայրահեղ դեպքում Հունաստանից եկած «ախպար» չէր, երբեք ոչ մի աշխատանքի մասին չէր կարող խոսք լինել: Խնդրեմ, գնա հայի փռում աշխատելու, կա՛մ բենզինի լցակայանում, կա՛մ վաճառողուհի սուպերմարկետում, կամ տաքսու վարորդ, իսկ ազգային վարժարանները, բժշկական կամ ինժեներական օֆիսները, դեղատները, անգամ ծերանոցները մտքիցդ հանիր: Տարօրինակ մտածողություն է. բեյրության հայկական դպրոցի ավարտականն ունեցող օրիորդին կնախընտրեին Հայաստանից եկած ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողից, խոշորացույցով ման գաս, չես գտնի ազգային դպրոցներում հայրենի գրականության եւ լեզվի հայաստանցի ուսուցչի: Տողերիս հեղինակը կարող է հաստատել իր տեսածի հիման վրա, այլ ոչ թե լսածի կամ սրա-նրա պատմածի: Բացառիկ է լինում, որ բժշկի դիպլոմ տան Հայաստանի բժշկական ինստիտուտի շրջանավարտին, կարծես թե հիվանդին բուժելու ուղիները նույնպես բաժանվում են «մերոնց» եւ «անոնց» միջեւ: Նույնպես հազվագյուտ կլինի, որ դասական գաղթօջախներից եկած հայ բժիշկը իր օֆիսում տեղ տա հայաստանցի բուժքույրին: Կարծես փափուկ ազդրամասին սրսկման կամ արյան ճնշումի չափման մեթոդներն էլ բաժանվում են «մերոնց» եւ «անոնց» միջեւ: Նույն պատկերն է խմբագրություններում, եկեղեցական գրասենյակներում, բանկերում եւ ոսկերչական արհեստանոցներում: Բայց այս հանգամանքը բնավ չի խանգարում ներգաղթի «3-րդ ալիքի» դիմողներին նույն համառությամբ պաշարելու ամերիկյան կամ եվրոպական այս կամ այն երկրի դեսպանատները: Ինչու՞ քիչ է սիրված կամ սպասված վերջերս գաղթած երեւանցին, գյումրեցին, գավառցին կամ ապարանցին հալեպահայ, բեյրութահայ, թուրքահայ կամ ֆրանսահայ ավանդական գաղթականների կողմից: Անբացատրելի է, օրինակ, ռուսըՙ ռուս է, չինացինՙ չինացի: Իսկ հայըՙ ոչ: Ոչ միայն իր ծննդավայրի պատկանելությամբ, այլեւ խոսակցական լեզվով, ուղղագրությամբ, կապ ու սարքով, եկեղեցիով եւ բարբառով, եւ նույնիսկ գրողներովՙ արեւմտահայ եւ արեւելահայ: Այս ամենը մի չլսված շռայլություն է, որ թույլ ենք տալիս մեզ, առանց գիտակցելու, որ դրանով մենք մեզ ենք թուլացնում: «Մենքՙ Երեւանի կոնսերվատորիայի նախկին հինգ շրջանավարտներս, որոշել ենք այլեւս չծխել եւ խնայված գումարն ուղարկել օգնություն Ղարաբաղին»: «Ամեն շաբաթ-կիրակի մենք մեր կանանց հետ Վեգաս ենք գնում - շա՜տ չենք խաղում, բավարարվում ենք 2-3 հազար դոլարով, շահած, բայց ավելի հաճախ կորցրած: Բա ի՞նչ անես էս Ամերիկայում, ազատ ժամանակ կա՛մ ռեստորան, կա՛մ Լաս Վեգաս»: Հայկական դպրոցներին կից ավտոկայանների տեղը հիշեցնում է ամենաթանկ ավտոսալոնները, բոլոր վերջին մոդելի ավտոմեքենաներին այստեղ կհանդիպես: Կարեւոր չէ, դու ինչ ես հագել, կարեւորն այն էՙ դու ի՜նչ մեքենա ես քշում: Կարեւոր չէ, թե երեխադ ինչպես է սովորում, կարեւոր է, թե դու ինչ մեքենայով ես նրան դպրոց տանում-բերում: Կարեւոր չէ, թե դու կամ ամուսինդ ինչքան եք վաստակում, կարեւորն այն է, որ դու վերջին մոդելի BMW, MERSEDES կամ LEXUS մեքենայով լինես: «Տղայիս հարսանիքին երեք տարբեր նվագախումբ եմ հրավիրել, Ձախ Հարութն էլ, անշուշտ, պիտի լինի: Հապա ճաշերըՙ միայն ինը տեսակի, երկրորդ (տաք) ճաշեր ենք պատվիրել»: «Այս Գլենդելը անտանելի է դարձեր, տեղ մը չեն թողածՙ հայկական ռեստորան կամ հարսանքասրահ բացեր են: Աս ինչ ուրախ ժողովուրդ ենք»: «Այս Գլենդելն անտանելի է դարձել, ուր կերթաս, բութուն հայ են, նոր կառուցած կենտրոնի անունը Ամերիկանո է, բայց ավելի ճիշտ կլիներ կոչել Արմենիկանո»: «Բոլորը կուզեն Քիմ Քարդաշյանին նմանվիլ, ինչ ըսել է խառնուրդի զավակ, ամերիկուհու անմիջականություն, հայուհու կրքոտություն»: «Ես այս թանկության հետ համամիտ չեմ, 60-ամյակս արի «4 Seasons» հյուրանոցի ռեստորանում, հայկական եւ ամերիկյան օրքեստրաներով: Ընդամենը 100 հոգի հյուր ունեի եւ արի ու տես 24.000 դոլար քյաշ փող վերցրին»: «Աս ի՜նչ սուղություն է երեւանյան ռեստորաններուն մեջ. վեց հոգով «Էլլեն»-ի մեջ կերանք-խմեցինք, 100 դոլար վերցուցին: Հապա տաքսի՞ն. Փարաքարեն Երեւան «Անի» հոթել բերեց եւ 10 դոլար ուզեց...»: «Ես այլեւս «Վերնիսաժ» չպիտի երթամ, արծաթե ապարանջ էի հավանել իր մատանիով, փիրուզե քարերով, համա տես 50 դոլար ուզեցին: Ամո՛թ է, ամո՛թ»: «Աս ուիքենդն ըրինք Հավայան կղզիներ, ի՜նչ հոթել, ծովափը ճիշտ ննջարանիդ դիմաց, իսկ ճաշարանը աչքիդ առջեւ գրիլ կընե ու դեռ խլթխլթացող ձուկեր կհրամցնե»: «Մենք եւս շատոնց նման կուզենք ափարթմենք մը գնել Մայամի Ֆլորիդաՙ հոգներ ենք այս Քալիֆորնիայեն. ուր աչքդ նետես, բոլորը հայ են»: «Աս հայաստանցիք զարմանալի սովորույթ ունին. բարեւ տալիս անպայման պիտի ձեռքով բարեւեն, իսկ տղամարդիկ հաճախ բարեւելիս կհամբուրվին, կարծես երկար ատեն իրար չեն տեսած»: «Հապա ծխախոտը, հյուր կուգան թե չէՙ կսկսին ծխել, հետո ալ մոխրաման կպահանջեն. ո՛չ թույլտվություն կհարցնեն, ո՛չ ներողություն կըսեն, որ տունիդ օդը պիտի թունավորեն»: «Հապա օթո քշելնին, մեկ խախտում ընելէն ետքը մյուսը կընեն, օթոյին մեջ ալ կը ծխեն, բնավ չեն վախնար թիքետ ուտելեն»: «Թեեւ մեր երկիրը, ի տարբերություն ձերինին, հերթ չկա, դուք հոս ալ առանց հերթ հարցնելու կմոտենաք քաշիրին»: «Շատերը թեեւ տաս տարիեն ավելի հոս են, բայց անգլերեն ատանկ ալ չսորվեցան: Հարկավ ռուսերեն գոց գիտեն...»: «Ամերիկայի անձրեւն էլ ոսկի է...»: Կարճ եւ ազդու... *) Ուսումնասիրողներին այժմ մատչելի են ամերիկյան պետքարտուղարության փաստաթղթեր, որոնց համաձայն, 1982-88 թթ.-ին Խ. Հայաստանից clearance (այս պարագայումՙ ներգաղթի թույլտվություն) է տրվել շուրջ 40000 մարդու: Ծ. Խ.: Շարունակելի 4 եւ վերջը` հաջորդիվ |